Օրվա տնտեսական լրատվությունից դժվար է ընտրել հիմնական լուրը: Որովհետեւ երկու հիմնական հավակնորդ կա: Մի կողմում Համաշխարհային բանկն է: Մյուսում` ՀՀ Տնտեսական միցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Համաշխարհային բանկը «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» անունով զեկույց է հրապարակել: Իսկ մեր տնտեսական մրցակցության հանձնաժողովը` իր տիտանական աշխատանքի մի բեկորը: Երկու հարգարժան հիմնարկների հրապարակումները քրտնաջան աշխատանքի արդյունք են: ՀԲ-ն իր ուսումնասիրությունների արդյունքում պնդում է, որ համաշխարհային տնտեսությունը վերադառնում է նախկին հուն: Այսինքն` տնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարված են: Ավելին, տնտեսությունն աշխարհում զարգանում է պլանավորվածից ավելի արագ տեմպերով: Այս հաշվետվությունը կարդացող լավատես հայ մարդու մոտ հույսի ու հպարտության պես մի բան կարող է ծնվել: Որովհետեւ ըստ ՀԲ-ի` աճի հիմնական հատվածը ապահովում են զարգացող երկրները: Հայտնի բան է, ընդունված միջազգային դասակարգման համաձայն` թույլիկ տնտեսություն ունեցող երկրներին անվանում են «զարգացող»: Հետեւաբար, միջազգային տնտեսության հաշվեկշռում մեծանում է մեր ու մյուս զարգացող երկրների դերը: Եթե շատ (այսինքն` անուղղելի) լավատես լինենք, կպնդենք, որ եւս մեկ-երկու համաշխարհային տնտեսական ճգնաժամ, ու մենք զարգացողից կդառնանք զարգացած երկիր: ՀԲ-ն իսկապես մանրամասն հետազոտություն է հրապարակել, ուր կարծիք կա Հայաստանի մասին: Մեր տնտեսությանն այս տարի 4,3-4,9 տոկոս աճ է սպասում: Սա համարյա համընկնում է հարազատ կառավարության կանխատեսումների հետ, ինչը լավատեսների համար հպարտության լրացուցիչ առիթ է: (Տեսեք-տեսեք, մեր կառավարության տնտեսական հաշվարկները համընկնում են ՀԲ-ի մասնագետների արածի հետ): ՀԲ-ի վերլուծության այլ հատվածներ եւս կապ ունեն մեր հետ: Արձանագրված է, որ 2008-09թթ. տրանսֆերների ծավալը ողջ աշխարհում կրճատվել է քառորդ չափով: Հիմա ենթադրվում է, որ այս տարի տրանսֆերները կաճեն 7,5 տոկոսի չափով, իսկ եկող տարի` մոտ 9,5: Իսկ սա շատ ավելի կարեւոր աչքալուսանք է, քան սեփական ՀՆԱ-ի հնարավոր աճի լուրը: Առաջին տարին (եթե կուզեք` տասնամյակը) չէ, որ մեր տնտեսությունը «զարգանում» է տրանսֆերների հաշվին: Բայց համաշխարհային տնտեսության այս վերլուծության հետ համարյա միաժամանակ հրապարակվեց մեր Տնտեսական մրցակցության (եւ այլն…) հանձնաժողովինը: Պարզվում է, մեր հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն էր սկսել` պարզելու, թե որ տնտեսվարողներն ունեն գերիշխող դիրք մանրածախ առեւտրի ոլորտում: Պարզել ու մեկիկ-մեկիկ թվարկել են սուպերմարկետ կոչված խանութների ցանցերի անունները: Միանշանակ չեմ պնդի, որ լայնածավալ ուսումնասիրություն պետք չէր կատարել` պարզելու համար այն, ինչ գիտի ցանկացած արբունքահաս երեւանցի: Ավելին` հանձնաժողովը, որ մշտապես բողոքում է, թե օրենսդրական բավարար լիազորություններ չունի, հիմա խրոխտ հայտարարում է`«Խիստ վերահսկողություն կսահմանի սուպերմարկետների նկատմամբ»: Դժվար չէ պատկերացնելը, թե որքան խիստ վերահսկողության տակ են հայտնվելու «Երեւան-սիթի» սուպերմարկետները: Որովհետեւ «Ալեքս Գրիգ» ընկերությունը տարին մեկ-երկու անգամ տուգանվում է` 500.000 դրամ: (Համարյա կայուն դրույքաչափով, համարյա կայուն գրաֆիկով ու համարյա կայուն մեղադրանքով): Հիմա ինքներդ որոշեք, թե այս երկու լուրից որն է ավելի կարեւոր: ՀԲ «Համաշխարհային տնտեսության հեռանկարնե՞րը», թե՞ ՏՄՊՊՀ-ի կողմից սուպերմարկետների նկատմամբ խիստ վերահսկողություն հաստատելը: Հատկապես, որ երկուսն էլ իրենց հասարակական հնչեղությամբ լրատվամիջոցների ուշադրությունը շեղեցին վերջին երկու ամսվա հիմնական թեմայից` գյուղատնտեսությունից ու բնակլիմայական աղետներից: Իսկապես ձանձրալի էր անընդհատ նույն բանը գրել: Թե գյուղատնտեսական էժան` տասը տոկոսանոց վարկերը իրականում գյուղատնտեսությանը ոչինչ չեն տա: Որ` այդ վարկավորումն իրականում բանկերի համար է: Որ` այդ վարկից կօգտվեն միայն այն գյուղացիները, ովքեր նախկինում նույն բանկերից ավելի թանկ վարկեր են վերցրել ու չեն կարողանում վերադարձնել: Նրանք հիմա ավելի էժան վարկը վերցնելով` հին պարտքերը կփակեն, ու այդ փողը գյուղատնտեսության մեջ չի ներդրվի: Որ` անհեթեթություն է ապահովագրական լուրջ համակարգ չունեցող երկրում վարկավորել գյուղատնտեսության ոլորտը: Որ` ցրտահարությունը, կարկուտն ու անձրեւն արդեն մի քանի տարի սնանկացնում են գյուղացուն: Ու պետք չէ թույլ տալ, որ բանկերը` վեց տոկոս, ու կառավարությունը` չորս տոկոս փայաբաժիններով միանան այդ գործընթացին: Կառավարությունն իր չորս տոկոսով կարող էր, օրինակ, հակակարկտային ծառայությունն ուժեղացնել: Կամ էլ զբաղվեր բյուջեի պակասուրդը կրճատելու խնդրով` ինչը ՀԲ-ն իր վերլուծության մեջ համարում է մեր տնտեսության խոցելի կողմը: