Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին ՀՀ օրենքը մեր հասարակության որոշ խմբերի համար դարձավ մի սուր ոսկոր, որը մինչ օրս մնացել է նրանց կոկորդին:
Կենտրոն վարչական շրջանի` իրացման գոտի համարվող մի շարք փողոցների բնակիչներ առայսօր գտնվում են անօթեւանի կարգավիճակում` սպասելով Եվրոդատարանի վճիռներին, որոնց արձանագրած մի շարք խախտումներն անգամ մեր պետական կառույցների եւ դատարանների վրա էական ազդեցություն չեն թողնում: Հանրային գերակա շահի անվան տակ օտարված մայրաքաղաքի որոշ փողոցներ, ըստ մի շարք պայմանագրերի եւ ՀՀ կառավարության որոշումների` վաղուց արդեն պետք է կառուցապատված լինեին: Սակայն օրենքի կիրառման, տույժ ու տուգանքի ենթարկելու մեխանիզմները, բնականաբար, մասնավոր ընկերությունների վրա չեն տարածվում: Համաձայն «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ Կառավարության 2008թ.նոյեմբերի 20-ի «Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին N 1405-Ն որոշմամբ»` Տերյան եւ Պուշկին փողոցների հատման տարածքի հասցեն ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: Իսկ տարածքի ձեռքբերող է ճանաչվել «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ն, որը պատկանում է «Շկոդա» ավտոսրահի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանին: Դեռ 2008թ. «Դվին Հոլդինգի» տնօրենը Տերյան 11 եւ 13 հասցեների շուրջ 50 բնակիչների առաջարկել է պայմանագիր կնքել, ըստ որի` վերջիններս համաձայնվում են տարածքն ազատել, վարձակալական հիմունքներով ժամանակավոր բնակվել այլ տարածքներում, մինչեւ 2011թ. նորակառույց էլիտար շենքը կհանձնվի շահագործման, եւ իրենց բնակարանների մակերեսին համապատասխան բնակարաններ կստանան: Նույն հասցեի բնակիչ Գրիգոր Ղուկասյանն ասում է. «2008թ. «Դվին կոնցեռնի» ներկայացուցիչները եկան, ասացին` ծանոթացեք պայմանագրի կետերին: Այսինքն` թելադրեցին: Նրանք նշել էին, որ պարտավորվում են երկուսուկես տարի վարձ տալ բնակիչներին, յուրաքանչյուր ամսվա համար` 70.000 դրամ, որից հետո շենքը կառուցելուն պես իրենք պարտավորվում են բնակարաններ տալ, դեռ 10քմ ավելի էլ յուրաքանչյուրին: Մարդկանց շահագրգռելու համար շատ ճոխ բաներ էին գրել»: Բնակիչների մեծ մասը պայմանագիր է կնքել «Դվին կոնցեռնի» հետ եւ լքել է տարածքը, որից ուղիղ մեկ շաբաթ անց տարածքում քանդման աշխատանքները մեկնարկել են: Գ. Ղուկասյանը, սակայն, չի համաձայնել լքել իր տունը, քանի որ ըստ նրա` նախ չի հավատացել ընկերության կողմից պայմանագրի կատարմանը, բացի դա էլ` հայրն անկողային հիվանդ է, հետեւաբար` վարձով ապրելը նպատակահարմար չի գտել: «Բերեցին քանդեցին, ավերեցին, քաոսային վիճակ ստեղծեցին, ու իրենց տները չլքած մի քանի ընտանիքներ ահավոր վիճակում հայտնվեցին: Մեզ ծանոթ մարդիկ գալիս էին հյուր, բայց կարծում էին, որ մենք էլ այլեւս էդ տարածքում չկանք: Իրենց տեխնիկայով ջարդուփշուր էին արել ջրի խողովակաշարը, հետո ջուրը կտրեցին, մի ահավոր վիճակում էինք ապրում»,- պատմում է Գ. Ղուկասյանը` վստահեցնելով, որ որոշ ժամանակ անց «Դվին կոնցեռնը» արդեն հրաժարվել է որոշ բնակիչների վարձավճարն անգամ տրամադրել: Պայմանագրի կետերը չկատարելու եւ վեց ամսվա վարձավճարը չտրամադրելու համար նույնիսկ բնակիչներից ոմանք դիմել են դատարան` պահանջելով այդ վեց ամսվա համար «Դվին Կոնցեռնին» պարտավորեցնել վճարել ընդհանուր առմամբ` 420.000 դրամ: Թեեւ դատարանը հայցը բավարարել է, սակայն ընկերությունը մինչեւ օրս այդ գումարը չի վճարել: Ինչեւէ, արդեն 2010թ. ՀՀ Կառավարությունը մի աբսուրդ որոշում է կայացրել, ըստ որի` «ՀՀ Կառավարության 2008թ. նոյեմբերի 28-ի Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին N 1405 որոշման հավելվածի ցանկի 1-ին կետի 3-րդ սյունակում «Դվին Հոլդինգ» ՓԲԸ բառերը փոխարինել «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ բառերով»: Այլ կերպ ասած` Տերյան 11, 13 հասցեների բնակիչները թեեւ պայմանագիր են կնքել «Դվին Հոլդինգի» հետ, սակայն այն այլեւս գոյություն չունի, հետեւաբար տարածքի ձեռքբերման իրավունքը ՀՀ Կառավարությունը լիազորել է «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ին: Ըստ Գ. Ղուկասյանի` այս ընկերության տնօրեն Հարություն Թադեւոսյանը գրանցված է նույն հասցեում, որտեղ «Դվին Կոնցեռնի» գրասենյակն է, հետեւաբար` բնակիչները ենթադրում են, որ կառուցապատողի անվանումը փոփոխելը խորամանկություն է` բնակիչների հանդեպ ունեցած պարտավորությունները չկատարելու համար: Գ. Ղուկասյանը վստահեցնում է, որ «Դվին կոնցեռնը» պետությանը պարտք է 70մլն դրամ, հետեւաբար. «Որպեսզի պետության պարտքից ազատվեն, տարածքն էլ չկորցնեն` ընկերության անունն են փոխել: Ասում են` «Դվին Կոնցեռնը» սելիտրա ներկրելիս անօրինական գործունեության համար պետության հետ որոշ խնդիրներ է ունեցել եւ ահագին պարտք է մնացել: «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ն սկսեց ինչ-որ անիրատեսական առաջարկներ անել ինձ, որպեսզի տարածքն ազատեմ: Սկզբում` Չարենցի նորակառույց շենքում, որը մինչ օրս կառուցված չի, հետագայում` մեկ այլ տեղ, մի խոսքով` անկարելի առաջարկներ»: Ի դեպ, համաձայն բնակիչների հետ կնքած պայմանագրերի` «Դվին կոնցեռնը» պարտավորվել էր 2010թ. մայիս ամսին բնակարանները շահագործման հանձնել, սակայն մինչ օրս տարածքում ոչ մի շենք չի կառուցվել եւ քանդման պրոցեսից այն կողմ ոչինչ չի արվել: «Ներկայումս «Միլենիում Կոնտրակշենն» իմ 26 քմ կազմող բնակարանի համար առաջարկում է 6մլն դրամ: Դուք հասկանո՞ւմ եք դա ինչ գումար է, ես ի՞նչ կարող եմ անել դրանով: Տերյան 11 փողոցի 14 բնակարանում բնակվում է անկողնային հիվանդ հայրս, ես, կինս, երեխաս, եղբայրս` իր տղայի հետ: Ի՞նչ կարող ենք անել այդ 6 մլն դրամով»,- դժգոհում է Գ. Ղուկասյանը: Չնայած դրան, «Միլիենում Կոնտրակշեն» ՍՊԸ-ն դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Գրիգոր եւ Էդիկ (եղբայրը) Ղուկասյանների` հասարակության եւ պետության կարիքների համար փոխհատուցմամբ անշարժ գույքը օտարելու պահանջով: Օրեր առաջ դատարանը վճիռ է արձակել. «Պարտավորեցնել պատասխանողներ Էդիկ եւ Գրիգոր Ղուկասյաններին փաստացի տիրապետման իրավունքով պատկանող Երեւան քաղաքի Տերյան 11 շենքի թիվ 14 բնակարանը 6.800.000 ՀՀ դրամ գումարով օտարել հայցվոր «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ին»: Գ. Ղուկասյանը շուտով վճիռը կբողոքարկի ՀՀ Վերաքննիչ դատարանում, սակայն հույս չունի, թե դատարանն այնքան անաչառ կգտնվի, որ «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ի շահերն անտեսելով` կպաշտպանի իր իրավունքը: «Հասկանո՞ւմ եք, ես գործազուրկ մարդ եմ, ծանր հիվանդ ունեմ: Հիմա հացի գումարը չենք կարողանում վաստակել, բայց ստիպված ենք դատարան մտնելու համար ծախսեր կատարել: Ախր հանրային շահը ո՞րն է, ես հանրության մեջ չե՞մ, իմ ընտանիքն էս հասարակությունից չէ՞: Հիմա փաստաբան վարձելը մեծ գումար է, դատական ծախսերը` նույնպես: Հասկանո՞ւմ եք, պետությունը պիտի թողնի, որ մարդիկ գոնե իրենց առօրյա հոգսերով ապրեն: Պիտի Վերաքննիչ դիմեմ, բայց փաստաբանի գրած մի դիմումի համար 70.000 դրամ են ուզում, էլ չեմ ասում մյուս ծախսերը: Ես խեղճ ապրող մարդ եմ, ո՞նց պաշտպանեմ իմ իրավունքը: Ես պետությունից ի՞նչ եմ ուզել, ոչինչ, ընդամենը ուզում եմ թույլ տա ապրել»,- ասում է Գ. Ղուկասյանը, ով երեկ նամակ է ուղարկել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով արձագանքել իր ընտանիքի դեմ կատարվող ոտնձգություններին: «Անկեղծ ասած` չգիտեմ, նամակս Սերժ Սարգսյանին կհասնի՞, թե՞ ոչ: Խնդրում եմ, գոնե լուսաբանեք, որ մեզ դռնեդուռ գցելու գործողությունները ՀՀ նախագահի կողմից կանխվեն, հակառակ դեպքում` չգիտեմ ինչ է լինելու մեզ հետ»,- մեզ խնդրեց Գ. Ղուկասյանը, ում նամակն ուղղված ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին` տպագրում ենք որոշ կրճատումներով: «Մեծարգո պրն նախագահ. խնդրում ենք Ձեզ օգնել մեր ընտանիքին, որպեսզի մեզ մեր տնից չզրկեն: Խնդրում ենք, «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ին թույլ մի տվեք անօրինական, հակասահմանադրական կարգով զրկել մեզ մեր բնակարանում ապրելուց, որտեղ բնակվում ենք շուրջ 50 տարի: Մենք դիմել ենք բազմաթիվ անգամ տարբեր ատյաններին. եղել են դեպքեր, երբ նույնիսկ չեն էլ ցանկացել լսել մեր խնդրանքը, իսկ լավագույն տարբերակ է առաջարկվել 6մլն դրամ, որով հնարավոր չէ բնակարան գնել Երեւան քաղաքում, մանավանդ, որ մեր ընտանիքը բազմանդամ է: Ամեն տեսակի փորձերը` «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ի հետ հայտարարի գալու, ձախողվում են, քանի որ մինիմալ, տրամաբանական փոխհատուցում տրամադրել հրաժարվում են: Ավելին` բռնի կերպով ստիպում են լքել սեփական մեր բնօրրանը` ժամկետ նշանակելով հունիսի 26-ը: Հակառակ դեպքում սպառնում են վտարել տարածքից: Հարգելի պրն նախագահ, Ձեզ խնդրում ենք` որպես հայ քաղաքացիներ, սատարեք մեզ, մեր միակ հույսը դուք եք»:
Մենք կապվեցինք նաեւ «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ տնօրեն Հարություն Թադեւոսյանի հետ, ով ներկայումս ստացել է կառուցապատման իրավունքը եւ շուտով տարածքում բազմաբնակարան շենք կկառուցի: Հ. Թադեւոսյանը նշեց, որ Գ. Ղուկասյանին բազմաթիվ առաջարկներ է արել, սակայն վերջինս չի ընդունում ընկերության կողմից ներկայացված որեւէ առաջարկ. «Ես նրան Սայաթ-Նովայում գտնվող 60քմ կազմող բնակարան եմ առաջարկել, իսկ այդ տարածքում բոլորս գիտենք, թե տներն ինչ թանկ են: Առաջարկել եմ 60քմ կազմող, կապիտալ վերանորոգված բնակարան 16 թաղամասում, որից նույնպես հրաժարվել է: Դուք տեսե՞լ եք նրանց ներկայիս տան պայմանները. ախր նրանց տուն մտնեք` կզարմանաք, անգամ սանհանգույց չունեն»: Հ. Թադեւոսյանի խոսքով` գնահատող կազմակերպությունը դեռ մի բան էլ ավելի է գնահատել այդ տունը, քանի որ Գ. Ղուկասյանը նույնիսկ չունի տան սեփականության վկայական եւ այդ տանն ապրում է օգտագործման իրավունքով: «Ես ամեն անգամ նրան մի առաջարկ արել եմ, սակայն հրաժարվել է: Մարդկայնորեն փորձել եմ ապահովել իր պահանջը, բայց, եթե մի բան էլ ինքն է բողոք ներկայացրել…»: Ի դեպ, մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք պատրաստվում է «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ն մարել այն պարտքերը, որոնք պայմանագրերով պարտավոր էր կատարել «Դվին Կոնցեռնը». «Իհարկե, ոչ, որովհետեւ մենք «Դվին Կոնցեռնի» հետ կապ չունենք: Թե ինչ պարտք ու պահանջ ունեն բնակիչների հետ` մեզ չի վերաբերում, քանի որ մեր ընկերությունը բնակիչների հանդեպ պարտք ու պահանջ չունի»: Հ. Թադեւոսյանը նշեց, որ «Դվին Կոնցեռնը» ֆինանսական դժվարությունների պատճառով դիմել է ՀՀ Կառավարություն` խնդրելով կասեցնել կառուցապատման իր կողմից ստանձնած պարտավորությունները, այնուհետեւ ՀՀ Կառավարությունն էլ այդ իրավունքը վերապահել է «Միլենիում Կոնտրակշենին»: Վերջինիս հավաստմամբ` տարածքի բոլոր բնակիչների պահանջները բավարարվել են, բացի Գ. Ղուկասյանից, որի հետ ընդհանուր հայտարարի գալ անհնար է: Մինչդեռ, Գ. Ղուկասյանը մեզ խոստացավ մյուս «բողոքավոր» բնակիչներին եւս հորդորել դիմել խմբագրություն` ապացուցելու համար, որ բնակիչներին այս երկու ընկերությունները «քցել» են: Նշենք նաեւ, որ այս երկու իրար հետ կապ չունեցող ընկերությունները գտնվում են միեւնույն հասցեում: