Օրեր առաջ խմբագրություն էր այցելել Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 48 հասցեի բնակիչ Ասլան Դիլբարյանը` ահազանգելով, որ «Արդշինինվեստ» բանկը դիմելով տարատեսակ մեքենայությունների` յուրացրել է իր ունեցվածքը: «Էլ նախագահ, էլ վարչապետ, Գլխավոր դատախազ, Արդարադատության նախարար… չկա պաշտոնական մի օղակ, որին դիմած չլինեմ, բայց մեր պետական կառույցների լռությունը վկայում է այն մասին, որ իրենք թքած ունեն, թե շարքային քաղաքացու հետ ինչպես են վարվում: Այսինքն` «Արդշինինվեստ» բանկը «քցում» է ինձ ամենակոպիտ մեթոդներով` փաստաթղթեր կեղծելով, որին նպաստում է նոտար Էմմա Շաբոյանը, բայց իմ իրավունքը պաշտպանող չկա, որեւէ կառույց չի ցանկանում բացահայտել էդ մախինացիաները»,- բարկացած ասում է Ա. Դիլբարյանը` խնդրելով գոնե հրապարակման միջոցով մեր պետական այրերի ուշադրությունը հրավիրել իր խնդրի վրա: Բանն այն է, որ անհատ ձեռնարկատեր ՀՀ այս քաղաքացին Լենինգրադյան փողոցի 4/9 հասցեում խանութ ունի: Այդ խանութի ներքին հարդարանքն ավարտելու եւ ձեռնարկատիրական գործունեությունն ընդլայնելու նպատակով Ա. Դիլբարյանը 2008թ. փետրվարի 4-ին «Արդշինինվեստ» ՓԲԸ Երեւան մասնաճյուղի հետ, ի դեմս մասնաճյուղի կառավարիչ Արթուր Կարապետյանի` կնքել է վարկային պայմանագիր: Ըստ նրա` համաձայն թիվ 02-08ՁՎ վարկային պայմանագրի` բանկն իրեն հատկացրել է 50 մլն դրամ վարկ: «Որպես վարկի ապահովում` նույն օրը իմ եւ Արթուր Կարապետյանի միջեւ Երեւանի Բաղրամյան փողոցի վրա գտնվող նոտարական գրասենյակում, նոտար Էմմա Շաբոյանի մոտ կնքվեց «Անշարժ գույքի գրավի` հիպոթեքի պայմանագիրը», որը հաստատվեց Է. Շաբոյանի կողմից: Նրա սեղանամատյանի համապատասխան տողում ես ստորագրեցի, ինչպես նաեւ ստորագրեցի գրավի պայմանագրի օրինակները եւ հաստատեցի կնիքով»,- պատմում է Ա. Դիլբարյանը` ներկայացնելով մատնանշած փաստաթղթերի օրինակները, որոնք տրամադրել է նաեւ քննչական մարմիններին: Ինչեւէ, համաձայն այդ պայմանագրի` նա «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին գրավադրել է Լենինգրադյան փողոցի 4/9 հասցեի իր խանութը: Ա. Դիլբարյանը որոշ ժամանակ անց սուր ինֆարկտ է տարել եւ 2-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ ստացել. «Առողջական վիճակս, ֆինանսական ճգնաժամն էլ մյուս կողմից նպաստեց, որպեսզի չկարողանամ վարկն ամբողջությամբ մարել. «Արդշինինվեստ» բանկի նախաձեռնությամբ իմ դեմ սնանկության վարույթ սկսվեց Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում»: Ա. Դիլբարյանը վստահեցնում է, որ անկախ փորձագետների գնահատմամբ` իր` 350քմ ընդհանուր մակերեսով խանութն արժեցել է 300.000.000 դրամ: Մինչդեռ, այնպես է ստացվել, որ «Արդշինինվեստ» բանկն առանց իր գիտության` այն վաճառել է ընդամենը 38.000.000 դրամով: Ի դեպ, վերջինս կարողացել է ձեռք բերել բանկային պայմանագրերից այնպիսի փաստաթղթեր, որոնք առանց կնիքի են, եւ ստորագրությունն էլ կեղծված է: Այլ կերպ ասած` իր պնդմամբ` բանկի կառավարիչ Արթուր Կարապետյանը դիմելով անօրինական գործողությունների` բավականին թանկ արժողությամբ իր խանութը վաճառել է «գրոշներով». «Այն դեպքում, երբ վաճառել են, ու ես երկար ժամանակ չեմ էլ իմացել, շատ պատահական եմ տեղեկացել դրա մասին: Այսինքն` էդ ինչպե՞ս են գնահատել, ո՞վ է գնահատել, կամ արդյո՞ք կարող է հսկայական տարածությամբ այդ խանութն արժենալ ընդամենը 38մլն դրամ: Սա խաբեբայություն է: Խնդիրն այն է, որ բանկերը «քցում» են առանց այդ էլ դժվար պայմաններում ապրող մեր քաղաքացիներին, բայց քաղաքացին անտեր է: Ես անթիվ ու անհամար նամակներ եմ գրել, բայց ոչ մի արձագանք»: Իր նկատմամբ կատարված գործողությունների մասին դեռ 2010թ. դեկտեմբեր ամսին Ա. Դիլբարյանն ահազանգել է ՀՀ Ոստիկանության Կենտրոնի, այնուհետեւ` Մաշտոցի բաժիններ: Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Հ. Խեդոյանի վարույթում նախապատրաստվել են նյութեր: «Ես բացատրություններ տվեցի եւ հայտնեցի, որ «Արդշինինվեստ» բանկի Երեւանի մասնաճյուղի կառավարիչ Արթուր Կարապետյանի մոտ ֆինանսական առողջացման ծրագիր տրամադրելու դիմում պատրաստելու համար, նրա հորդորով, մի քանի դատարկ թղթերի վրա դրել եմ իմ ստորագրությունը եւ կասկածում եմ, որ ստորագրություններով դատարկ թղթերն օգտագործել են իմ շահերը ոտնահարող փաստաթղթեր կազմելու համար»,- ասում է Ա. Դիլբարյանը` տեղեկացնելով, որ քննիչին խնդրել է նաեւ պահանջել բանկի վարկային փաթեթը, նոտարական գործառնությունների փաթեթը եւ ստուգել ստորագրված այն փաստաթղթերը, որոնք իր համոզմամբ` կեղծ են: Սակայն քննիչ Հ. Խեդոյանը հրաժարվել է բանկին նման պահանջ ներկայացնելուց եւ քրեական գործի հարուցումը մերժելու որոշում է կայացրել: Ինչեւէ, Ա. Դիլբարյանը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազին բողոք ներկայացնելուց հետո միայն կարողացել է ստանալ նախապատրաստված նյութերի պատճենները: «Ու ի՞նչ պարզվեց… աբսուրդ, անհավանական մի բան. Պարզվեց, որ վարկային փաթեթում բացակայում էր նոտար Էմմա Շաբոյանի կողմից հաստատված գրավի պայմանագիրը, որի փոխարեն առկա էր ինձ անծանոթ նոտար Հասմիկ Հարությունյանի կողմից ստորագրված գրավի պայմանագիր: Ես երբեւէ նրան չեմ տեսել, չեմ ճանաչում եւ, առավելեւս, նրա հետ որեւէ պայմանագիր չեմ ստորագրել: Ես ստորագրել եմ Էմմա Շաբոյանի կողմից հաստատված պայմանագիր եւ Հ. Հարությունյանի մասին գաղափար չունեմ»,- ասում է Ա. Դիլբարյանը, ով հետագայում պարզել է, որ Հ. Հարությունյանի ամուսինը «Արդշինինվեստ» բանկի Երեւանի մասնաճյուղի կառավարիչ Արթուր Կարապետյանի մտերիմ ընկերն է: Նույն ինքը` «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահի տեղակալ Խաչատուր Տոնոյանն, իսկ Արթուր Կարապետյանն էլ` իր հերթին, ՀՀ Քաղաքաշինության նախարարի բարեկամն է: «Ես վստահ եմ, որ իմ դեմ ծուղակ են լարել, որպեսզի տիրանան իմ ունեցվածքին: Իմ վարկի պայմանագիրը կեղծելու եւ փոփոխելու գործընթացին մասնակցած անձանց շրջանակը պարզելու համար անհրաժեշտ է կատարել պատշաճ նախաքննություն, պարզաբանել հստակ ուրվագծվող կոռուպցիոն գործընթացները, փոխկապակցված պաշտոնատար անձանց գործողությունների շղթան, ինչը, սակայն, չի կատարվում մեզ հայտնի պատճառներով: Մեր նախագահին կոչ եմ անում արձագանքել եւ առանց այդ էլ ծանր պայմաններում ապրող մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանել, հակառակ դեպքում ինձ նման քաղաքացիներին բանկերը թալանելու են անօրինական ճանապարհներով: 300 միլիոն արժեցող խանութս վաճառել են 38 միլիոնով, բայց դեռ ահագին էլ ես իրենց պարտք եմ մնացել: Սա մի անմարդկային բան է»,- ասում է Ա. Դիլբարյանը, ում հայցը «Արդշինինվեստ» բանկի դեմ լսվում է դատարանում:
«Բանկը կապ չունի այդ աճուրդի հետ»
Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ «Արդշինինվեստ» բանկի Երեւանի մասնաճյուղի կառավարիչ Արթուր Կարապետյանից, ով մեզ հետ զրույցում նշեց, որ Ա. Դիլբարյանը տեւական ժամանակ զբաղված է զրպարտությամբ, ինչին բանկի ղեկավարությունն արդեն պատրաստվում է արձագանքել օրինական ճանապարհով: «Այդ մարդիկ եկան, շատ հստակ ներկայացրեցին իրենց բիզնեսը, եւ մենք որոշեցինք վարկավորել, քանի որ իրենք այն ժամանակ ծավալուն գործունեություն ունեին: Հացի փուռ, խանութներ ունեին եւ այդ գումարը վերցնում էին` այդ օբյեկտների վերանորոգման համար, որը գրավադրված էր մեզ մոտ, սակայն հետագայում լուծարվեց, կառավարիչ նշանակվեց, ինչից հետո, բնականաբար, բանկն իր գործունեությունը դադարեցրեց, քանի որ արդեն դրանով զբաղվում է լուծարային կառավարիչը»,- նշեց Ա. Կարապետյանը` հավելելով, որ դեռեւս այն ժամանակ, երբ Ա. Դիլբարյանն առողջական խնդիրները լուծելուց հետո դիմել է իրենց` բանկն առաջարկել է որոշակի գումար մուծելու դեպքում հաշտության պայմանագիր կնքել եւ գործերը դատարանից հետ պահանջել: Ըստ Ա. Կարապետյանի, թեեւ Ա. Դիլբարյանը խոստացել է 50.000 դոլար մուծել եւ շարունակել բանկի հետ համագործակցությունը, այդուհանդերձ, դա չի արել. «Ես անգամ դիմել եմ դատարան, դատավորին խնդրել եմ աճուրդը դադարեցնել` տեղեկացնելով, որ մարդը պատրաստվում է որոշակի գումար մուծել, բայց նա ամեն անգամ էսօր-վաղն էր անում ու էդպես էլ չվճարեց»: Ինչեւէ, «Արդշինինվեստ» բանկի Երեւանի մասնաճյուղի կառավարիչը աբսուրդ է համարում Ա. Դիլբարյանի կողմից հնչած` իր գույքը «գրոշներով» վաճառելու մեղադրանքները: Ի դեպ, Ա. Կարապետյանն ինքն էլ հաստատում է, որ նրան պատկանող խանութը շուկայական բարձր գին ունի եւ 38.000.000 դրամով այն վաճառելն անհասկանալի է: Նա նույնպես վստահեցնում է, որ գնահատող կազմակերպությունը 200մլն-ից ավելի արժեք է սահմանել այդ գույքի նկատմամբ: «Բանկի համար էլ ձեռնտու չի նման գնով վաճառել գույքը, քանի որ սահմանված գնով անգամ բանկի պարտքը չի մարվում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ բանկը կապ չունի այդ աճուրդի ու վաճառքի հետ: Դա արվում է լուծարային կառավարչի միջոցով, որը գնահատման է ներկայացնում, այնուհետեւ գույքը դնում են աճուրդի: Նախնական տվյալներով` կարծեմ գնահատվել է 200մլն-ից ավելի, սակայն հետագայում յուրաքանչյուր աճուրդի կայանալուց հետո 20-20%-ով գինն իջել է»,- վստահեցնում է Ա. Կարապետյանն, ով մեր այն հարցին, թե արդյո՞ք աճուրդի մասին հայտարարություններ եղել են` պատասխանեց` «Այո, լուծարային կառավարիչն ամեն ինչ կանոններով արել է»: Չնայած դրան, Ա. Դիլբարյանը պնդում է, որ տեղյակ չի եղել իր օբյեկտի վաճառքի մասին եւ այդ մասին իմացել է շատ պատահաբար: Իսկ ինչպե՞ս է Ա. Կարապետյանը վերաբերվում այն հանգամանքին, որ Ա. Դիլբարյանի մոտ առկա են գործարքային փաստաթղթեր, որոնց վրա բացակայում է կնիքը, եւ իր պնդմամբ` իր ստորագրությունն էլ կեղծված է: «Նա ամեն բան կարող է ցույց տալ, բայց մենք էլ կարող ենք հակառակը ցույց տալ, որ ամեն ինչ կատարվել է օրինական կերպով: Նա ամեն ինչ անում է, որ մի սխալ գտնի, բայց ոչ բանկը, ոչ էլ` լուծարային կառավարիչը որեւէ խախտում չի կատարել: Նա նույնիսկ 6-րդ վարչությունում, քննչական բաժնում էլ է բողոքել, բայց, երբ ինձ կանչեցին` ես խնդրեցի, որ նամակով մեր նախագահին դիմեն, եւ փաստաթղթերը կտրամադրենք: Հիմա էլ թերթերին է դիմում: Ի՞նչ կապ ունի բանկը, Արթուր Կարապետյանը, Կարապետյանի քենու ամուսին նախարարը, ես չեմ կարողանում հասկանալ: Տոնոյան Խաչիկն ի՞նչ կապ ունի, իր կինը որ նոտար է, ի՞նչ կապ ունի…»: Ա. Կարապետյանի հավաստմամբ` բանկը Ա. Դիլբարյանին բազմաթիվ առաջարկներով փորձել է օգնել, սակայն նա որեւէ առաջարկի չի արձագանքել: Ներկայումս Ա. Դիլբարյանը բանկին, մայր գումարից բացի, տույժ ու տուգանքներով հանդերձ, ընդհանուր առմամբ պարտք է 155.000 դոլար գումար, իսկ նրան պատկանող օբյեկտն, ինչպես նշեցինք, վաճառվել է 38մլն դրամով կամ շուրջ 100 հազար ԱՄՆ դոլարով: «Բանկն այլեւս իրավունք չունի զբաղվել նրա գույքով: Ճիշտ է ասում, օբյեկտը շատ ցածր գնով է վաճառվել, բայց բանկն ի՞նչ անի, թող գնա լուծարային կառավարչի հետ իր հարցերը լուծի: Իր գույքի արժեքի հետ կապված դժգոհությունը կիսում եմ»,- ասում է Ա. Կարապետյանը` վստահեցնելով, որ բանկը նույնիսկ դիմել է դատարան` աճուրդը չեղյալ ճանաչելու հայցով, սակայն` անօգուտ: Սակայն Ա. Դիլբարյանն էլ իր հերթին վստահեցնում է, որ բանկի այդ քայլը ձեւական բնույթ է կրել` այդպիսով ցույց տալու համար, թե իրենք դեմ են այդ աճուրդին: Ինչ վերաբերում է Էմմա Շաբոյանի մոտ գործարք կնքելուն, սակայն փաստաթղթերի մեջ նոտար Հասմիկ Հարությունյանի ստորագրության առկայության վերաբերյալ Ա. Դիլբարյանի հավաստիացումներին, ապա Ա. Կարապետյանն ասաց` «Ես Էմմա Շաբոյանի հետ ընդհանրապես կապ չունեմ ու նրան չեմ էլ ճանաչում: Մենք մեր գործը Հասմիկի հետ ենք արել»: