Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

09/06/2011 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

MODUS VIVENDI, որն այդպես էլ չհաստատվեց

Հին Հունաստանի քաղաքական քարտեզը կազմված էր բազմաթիվ պոլիսներից, որոնց միջեւ հարաբերությունները երբեք «միապաղաղ ու հանդարտ» չեն զարգացել, ինչը միանգամայն բնական երեւույթ է, եթե նկատի ունենանք, որ նման բազմացեղ եւ խայտաբղետ պոպուլյացիայի արեալի յուրաքանչյուր անդամ ուներ իր հետաքրքրություններն ու ամբիցիաները: Հասկանալի է նաեւ, թե ինչու էին պոլիսների հարաբերությունները սերտանում արտաքին վտանգի ուժեղացման դեմ հանդիման: Համահունական դաշնակցությունը Աթենքի գլխավորությամբ մղվում էր առաջին պլան` իր թեւի տակ առնելով անդամ-պետություններին: Եվ ընդհակառակը, ռազմական սպառնալիքը թուլանալու դեպքում գլուխ էին բարձրացնում կենտրոնախույս տրամադրությունները. ամեն մեկը վերմակը քաշում էր իր կողմը: Ընդհանուր առմամբ, Հելլադան խոցելի էր դառնում արտաքին թշնամու (կարդա` Պարսկաստանի) դեմ հանդիման, այն ժամանակ, երբ սրվում էին հնուց եկող, մեկ` գլուխ բարձրացնող, մեկ` հանդարտվող մրցակցություն-թշնամանքը Աթենքի եւ Սպարտայի միջեւ, որը վերջիվերջո հանգեցնելու էր ռազմական ուժեղ բախման: Եվ քաղաքական այս իրավիճակը հիմնականում որոշելու էր հունական պետությունների պատմությունը V դարի վաթսուն տարիների ընթացքում:

Ծայրաստիճան լարված ներքաղաքական իրավիճակում Պերիկլեսը հանդես եկավ համահունական համագումար անցկացնելու առաջարկով, որի օրակարգում լինելու էր երեք կարեւոր կետ. պարսիկների ավերած տաճարների վերականգնում, ազատ նավարկության ապահովում, խաղաղության ամրապնդում Հելլադայի ողջ տարածքում: Առաջարկը չանցավ, եւ հակամարտությունը Սպարտայի ու Աթենքի միջեւ շարունակեց սրվել: Պերիկլեսի գաղափարը, սակայն, իրագործեց Աթենքի ախոյան Սպարտան` գումարելով Պելոպոնեսյան միության խորհրդակցություն: Միջոցառումը, որին մասնակցում էին հունական գրեթե բոլոր պետություններն, ուղղված էր Աթենքի դեմ: Պատվիրակների մի մասը խիստ քննադատության ենթարկեց աթենացիներին` 445 թ. Սպարտայի հետ կնքած Երեսնամյա պայմանագիրը խախտելու համար, մյուսները փորձեցին «հանել» նրանց հարվածի տակից: Խորհրդակցությունն այդպես էլ չցրեց Հելլադայի վրա կուտակված եղբայրասպան պատերազմի վտանգը: Այդուհանդերձ, այդ խորհրդակցությունն առաջինն էր բազմակողմ-կոնֆերանսային դիվանագիտության կայացման ճանապարհին: Բազմակողմ կամ կոնֆերանսային դիվանագիտությունն արդի պայմաններում դիվանագիտական արվեստի կարեւոր ուղղություններից է, որի շրջանակներում քննարկվում են մարդկությանը հուզող պարենային, էներգետիկ, էկոլոգիական, տիեզերքի, Համաշխարհային օվկիանոսի, միջուկային զենքի, խաղաղության պահպանման եւ այլ գլոբալ պրոբլեմները:

Հետաքրքիր է նշել, որ քաղաքական ճգնաժամի օրերին հույների կողմից առաջին անգամ հնչեց դիվանագիտության դուալիզմի գաղափարը, որի վրա կառուցվում է «modus vivendi»-ն` կացութաձեւը կամ ժամանակավոր պայմանների որդեգրումը, որը հնարավորություն է ընձեռում հակադրվող կողմերին պահել խաղաղ գոյակցության կանոնները: Եթե հելլենները կարողանային մինչեւ վերջ իրագործել այդ մտահղացումը, ապա կունենային քաղաքական մի մեխանիզմ, որը սպարտացիներին եւ աթենացիներին թույլ կտար ձեռնպահ մնալ միմյանց նկատմամբ ագրեսիվ գործողություններից եւ վիճահարույց խնդիրները լուծել դիվանագիտական խողովակներով: Ձեռնարկն ազնիվ էր եւ հուսադրող, սակայն այն կողմերին չբերեց ցանկալի արդյունք: Այնուամենայնիվ, գաղափարը չանհետացավ եւ հետագայում իր մարմնացումը գտավ դիվանագիտության պատմության մեջ բանակցային փոխզիջման (կոմպրոմիս) ձեւով, որն այսօր հանդիսանում է քաղաքական բախումների եւ հակամարտությունների հանգուցալուծման հիմնական միջոցը: Ժամանակակից դպրոցականն անգամ գիտե, որ այնտեղ, որտեղ բացակայում է փոխզիջման մեխանիզմը, կողմերը երբեք չեն կարող հասնել որեւէ դրական արդյունքի: Փոխզիջումն այլընտրանք չունի: Նոր բան մարդկությունը դեռ չի հնարել եւ հազիվ թե հնարի:

Փակագծերի մեջ նշենք, որ աթենքյան եւ սպարտայական բազմակողմ դիվանագիտության փորձից դեռ հիսուն տարի առաջ Հելլադայի սահմաններից դուրս գտնվող բարբարոս ցեղերից մեկը կազմակերպեց միջոցառում, որը մենք այսօր համարում ենք միջազգային հարաբերությունների բարձրակարգ արտահայտություններից մեկը: Այն կոչվում է գագաթաժողով` սամիթ:

…Բաբելոնը նվաճելուց հետո Դարեհը որոշեց արշավել սկյութների վրա եւ վրեժ լուծել նրանցից Մեդիա ներխուժելու եւ պարսկական տերության արեւելյան շրջանների վրա գրեթե երեսուն տարի իշխելու համար: Սկյութները շուտափույթ խորհուրդ գումարեցին` հրավիրելով բոլոր այն ցեղերի թագավորներին, որոնց սպառնում էր Դարեհը, առաջարկեցին ալյանս կազմել եւ հանդես գալ վտանգավոր թշնամու դեմ միացյալ ճակատով: Կարծիքները երկտակվեցին: Թագավորների մի մասը համակարծիք եղավ եւ որոշեց օժանդակել սկյութներին: Մյուս մասը` մերժեց: Ի՞նչ կարելի է սպասել բարբարոսներից, երբ մեր գագաթաժողովներն` իրենց նրբակիրթ եւ էլեգանտ նախագահներով, հաճախ շատ հարցերում համաձայնության չեն գալիս: Այնժամ սկյութները, որդեգրեցին փայլուն տակտիկա: Նախ` պարսիկների հետ բացահայտ մարտի չբռնվել, այլ դանդաղորեն նահանջել` ամեն ինչ ոչնչացնելով, եւ հետեւից թողնել միայն այրված հող` առանց ջրի, առանց ուտելիքի: Այս ձեւով նահանջում էր խորհրդային բանակը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ: Հետո` պարսիկներին բախել այն երկրների հետ, որոնք մերժել էին իրենց դաշնակցությունը, նրանց եւս պատերազմի մեջ ներքաշելու նպատակով: Քանի որ հարեւանները չցանկացան կամովին եւ միասնաբար պատերազմել պարսից դեմ, ապա հարկ էր նրանց ստիպել կռվել ակամայից. որոշեցին սկյութները: Նրանց չգերազանցված հեծելազորը, մանեւրելու արվեստը եւ տոկունությունը այդ հնարավորությունն ընձեռում էին: Այն, ինչ չհաջողվեց դիվանագիտության մեջ, գագաթաժողովում, սկյութները լրացրին ռազմական գործում: Դարեհը չկարողացավ նրանց գցել իր տիրապետության տակ:

ժամկետը չբոլորած պայմանագրի մասին

Դեմ դիմաց կանգնած երկու խոշոր դաշնակցությունները հավասարակշռում էին մեկմեկու: Սպարտան հենվում էր Պելոպոնեսյան պետությունների եւ Բեովտիայի վրա (բացի Պլատեայից): Աթենքն իր տրամադրության տակ ուներ Էգեյան, Սեւ եւ Մարմարա ծովերի ավազանների քաղաքներն ու կղզիները: Սպարտան կարող էր դուրս բերել համարյա երկու անգամ ավելի հետեւակ, քան Աթենքը, որը դրա փոխարեն անվեհապահորեն գերակայում էր ծովի վրա: Սպարտան ավելի հաստատուն եւ դիմացկուն էր, իսկ Աթենքն իր տրամադրության տակ ուներ հսկայական նյութական միջոցներ: Աթենքը ձգտում էր ոչնչացնել Սպարտան: Իսկ ինչո՞վ էր պակաս վերջինն առաջինից: Ոչնչով: Սպարտայում իշխանությունը օլիգարխների ձեռքին էր, Աթենքում` դեմոկրատների: Ընդամենը: Աթենքի ռազմական ստրատեգիան հենված էր ցամաքում` պաշտպանվելու, իսկ ծովում` հարձակվելու սկզբունքի վրա: Համաձայն Պերիկլեսի ռազմական ծրագրի, նա պատրաստ էր զոհել Ատտիկան եւ դիմադրել Աթենքի պարիսպների հետեւից: Այս նպատակով նա Աթենքը եւ նրան կից Պիրեա նավահանգիստը շրջապատել տվեց ընդարձակ պարիսպ-ամրություններով, որոնք կոչվում էին «Երկար պատեր»: Սպարտացիներն անվարժ էին բերդերի դեմ պատերազմելու մեջ: Իսկ Պերիկլեսը տիրապետելով ծովերին` ուսումնասիրում էր Սպարտայի եւ նրա դաշնակիցների թույլ կետերը` խորտակիչ հարված հասցնելու համար:

Ամբողջ թափով աշխատում էին ռազմական հետախուզություններն ու լրտեսական ծառայությունները: Սպարտայի հատուկ ծառայությունների հաշվին կարելի է գրանցել Էգեյան կղզու հյուսիսում գտնվող հարուստ, ուժեղ նավատորմ ունեցող Տասոս կղզու հետ կապված օպերացիան, որը համատեղ իրագործեցին Սպարտայի դիվանագետներն ու ագենտուրան:

Նրանք համոզեցին Տասոսին` Աթենքյան միության կարեւոր անդամներից մեկին, հանդես գալ Աթենքի դեմ: 465 թ. Սպարտայի հետ համաձայնեցնելով իր քայլերը` Տասոսը հայտարարեց, որ դուրս է գալիս դաշնությունից, հանում է իր ռազմանավերը աթենքյան միացյալ նավատորմից եւ հրաժարվում է տոկոսներ վճարել արտաքին առեւտրի եւ Թրակիայի ափերում գտնվող իր լեռնահանքերի շահույթից: Հետո նա ռազմական գաղտնի համաձայնագիր ստորագրեց Սպարտայի հետ` նրա դաշնակից Աթենքի դեմ: Չհանդուրժելով նման կորուստը եւ վախենալով միության մեջ վատօրինակ շղթայական ռեակցիայից, Աթենքն անմիջապես իր նավատորմն ուղղեց Տասոս, ջախջախեց նրա ռազմանավերը, գերեվարեց 33 ռազմանավ եւ դեսանտ իջեցրեց կղզի:

Այնպես որ, Հելլադայում շրջում էր քաղաքացիական պատերազմի ուրվականը: Խաղաղությունը մազապուրծ եղավ, ավելի ճիշտ, մեծ արյունահեղությունը որոշ ժամանակ հետաձգվեց մեկ ուրիշ դժբախտության շնորհիվ. ուժեղ երկրաշարժը կործանեց Սպարտա քաղաքը` փլատակների տակ թողնելով 20 հազար մարդ: Առիթից օգտվելով` մեսսենացի իլոտ ցեղը միավորվելով Իսթոմա քաղաքում տեղակայված նույն մեսսենացի ապստամբների հետ, ներխուժեց Սպարտա` սպառնալով կործանել այն: Սպարտացիները դիմեցին Հելլադայի պոլիսներին, որոնցից շատերը օգնության ձեռք մեկնեցին նրանց: Հետաքրքիր էր աթենացիների դիրքորոշումը, երբ երկրաշարժից տուժածների դեսպանները եկան նրանց դուռը, Ժողովրդական ժողովում հնչեցին կարծիքներ` չարձագանքել, այլ դիտել, թե ինչպես է ոտնահարվում սպարտայական հպարտությունը: Սակայն ժողովրդի ընտրյալները ցուցաբերեցին վեհանձնություն եւ ազգային համերաշխություն եւ Սպարտա ուղարկեցին 4 հազար հոպլիտ, որոնք միացյալ ուժերով փրկեցին Սպարտան կործանումից: Ինչպե՞ս հասկանալ Աթենքի մարդասիրական ժեստը: Գտնվել մի պետության հետ գրեթե պատերազմական գործողությունների մեջ եւ օգնության ձե՞ռք մեկնել նրան: Ըստ երեւույթին` այստեղ դեր խաղաց մի քանի հանգամանք: Նախ` Աթենքի քաղաքական իսթեբլիշմենտը միակերպ չէր մոտենում Սպարտայի հետ հարաբերություններին. ոչ բոլորն էին նրա հետ պատերազմելուն կողմնակից: Հետո` աթենացիների հիշողության մեջ դեռեւս թարմ էին պարսից նվաճողների դեմ համատեղ պայքարի հերոսական դրվագները: Եվ, երրորդը, չմոռանանք մեկ ծայրահեղությունից մյուսին անցնելու էթնոհոգեբանական հատկանիշը, որն այնքան ցայտուն էր արտահայտված հելլենների մոտ:

Մեր հարեւան Ադրբեջանի արձագանքը Սպիտակի երկրաշարժի կապակցությամբ զուրկ էր քաղաքակիրթ ազգի մարդասիրական սկզբունքներից, որն ազգություն չի ճանաչում, համամարդկային է: Այնպես որ, մեր եւ նրանց տարբեր ցեղային պատկանելությունը չի արդարացնում ազերիների դիրքորոշումը:

Սակայն Սպարտայի երկրաշարժին հաջորդած դեպքերն ընդամենը time-out էր Հելլենական ողբերգությունից առաջ:

…Քաղաքացիական պատերազմը Հունաստանում պաշտոնապես սկսվեց 431թ. եւ մի քանի փուլերով տեւեց մինչեւ 404թ.: Բայց դրանց նախորդող տարիներին, այսինքն` Պարսկաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո, Հունաստանում իսկական խաղաղություն չի եղել, եւ երկիրն անընդհատ ցնցվել է ազգամիջյան գժտություններից եւ գզվռտոցից: Հիմնական միջադեպերը, բնականաբար, եղել են Սպարտայի եւ Աթենքի միջեւ: Այդ շրջանում նրանք երեք անգամ ռազմական բախում ունեցան, ճիշտ է, ոչ մասշտաբային, ոչ էլ երկարատեւ: Առաջինը բավական բարեհաջող էր աթենացիների համար, բայց նրանք ստիպված եղան հնգամյա խաղաղություն կնքել (451 թ.): Պատճառը նրանց ռազմական ուժի տկարացումն էր, կապված Եգիպտոսում պարսիկների դեմ ծագած ապստամբությանն օգնելու հետ, որն, ի դեպ, հաջողություն չբերեց ո՛չ իրենց, ո՛չ եգիպտացիներին: Երկրորդ ընդհարումից, ընդհակառակը, շահեցին սպարտացիները` հիմնականում շնորհիվ Եվբեա կղզու դեպքերի: Այնտեղ գործող սպարտայական ագենտուրային հաջողվեց ապստամբություն կազմակերպել, որը ուժեղ հարված էր Աթենքի դաշնակցային համակարգին: Եվբեան Էգեյան ավազանի ամենախոշոր եւ հարուստ կղզիներից մեկն էր եւ իր նշանակությամբ Կիպրոսից հետ չէր մնում:

Քաղաքական այս լարված իրադրությունում կողմերը ստորագրեցին Երեսնամյա հաշտության պայմանագիր (446-45թթ.), որն իր ձեւով ու բովանդակությամբ կարելի է դասել Անտիկ շրջանի ամենահետաքրքիր դիվանագիտական փաստաթղթերի շարքին: Այն, մի կողմից` ստորագրեց Աթենքը` դաշնակիցների անունից, մյուս կողմից` Սպարտան եւ նրա կողմնակից պետությունները` առանձին-առանձին: Սա դիվանագիտական մեծ հաղթանակ էր Պերիկլեսի դեմոկրատական կառավարության համար: Պայմանագրով Աթենքը զրկում էր դաշնության մեջ մտնող պետություններին իրենից պոկվելու կենտրոնախույս նկրտումներից, որոնք նկատելիորեն ուժեղացել էին ներքաղաքական լարված իրադրությունում: Բանը նրանում է, որ Սպարտայի բոլոր դաշնակիցները նրա միության շրջանակներում ինքնուրույն էին: Դա նրանց մի կողմից` ապահովում էր ազատ գործելու իրավունք, իսկ մյուս կողմից` Աթենքին` նրանց հետ մանեւրելու հնարավորություն:

Կարծում եմ, վատ չէր լինի, որ Հայաստանի դիվանագիտությունն իր պայմանագրաիրավական փաստաթղթերի պատրաստման ընթացքում մոտիկից ուսումնասիրեր այդ ասպարեզում աթենացիների ճկուն գործելակերպը: Աթենք-Սպարտա պայմանագրի բոլոր մասնակիցներին իրավունք էր վերապահվում ազատ նավարկելու, զբաղվելու առեւտրով, իսկ անհրաժեշտության դեպքում` դիմելու արբիտրաժի ծառայություններին: Մեծ հաշվով, պայմանագիրը հաստատում էր ուժային հավասարակշռություն երկու խումբ պետությունների միջեւ` Սպարտայի եւ Աթենքի գլխավորությամբ: Խոսքն այստեղ չէր գնում նրանց եղբայրացման կամ քաղաքական մեղրամսի մասին: Ամենեւին: Ատելության ջինին նրանք վաղուց էին ազատ արձակել: Սպարտան փորձում էր կործանել Աթենքը եւ դառնալ Հելլադայի տիրակալը: Նույնը ցանկանում էր Աթենքը` դրան ավելացնելով կայսերապաշտական ախորժակը, որի համար համաշխարհային տերություն դառնալը բաղձալի անուրջ էր: Հիշյալ պայմանագիրը արձակում էր նրա ձեռքերը երկրի ներսում, իսկ դրսում` Պարսկաստանի հետ հաշտության պայմանագիր նա արդեն ուներ: Մինչդեռ Սպարտան ձգտում էր Երեսնամյա հաշտությունն օգտագործել իր եւ դաշնակիցների ռազմական հզորությունն ամրապնդելու նպատակով: Նրա պլանները չէին տարածվում երկրի սահմաններից դուրս: Ի դեպ, լինելով օլիգարխիկ պետություն, նա շատ ավելի լոյալ էր իր արտաքին քաղաքականության մեջ դեպի իր կրտսեր գործընկերները, քան դեմոկրատական Աթենքը, որն աստիճանաբար դառնում էր միահեծան տիրակալ իր իսկ դաշնության շրջանակներում: Ըստ էության, նման բռնատիրական քաղաքականությունը չէր կարող իր հետեւանքները չունենալ: 440 թ. ապստամբեցին նրա իշխանության տակ գտնվող Սամոս կղզին, Բյուզանդիան եւ Խերսոնեսը: Պերիկլեսի ռեակցիան գերարագ էր: Աթենքյան նավատորմը ջախջախեց սամոսցիներին: Պատիժը դաժան էր, ոչ համարժեք դեմոկրատիայի գաղափարախոսությանն ու սկզբունքներին: Ըմբոստներին ճնշելուց հետո Աթենքը թափով սկսեց ընդարձակել իր սահմանները: Հունական պետությունները պաշտպանելու նպատակով նա Սեւ ծով մտցրեց իր հզոր նավատորմը: Արեւելքում դիրքերն ամրապնդելուց հետո նա շարժվեց դեպի Արեւմուտք եւ հարաբերություններ հաստատեց Հարավային Իտալիայի հետ: Ցամաքային Հունաստանում Աթենքը հիմնեց Թուրիա գաղութը, գրավեց իլլրիական ափի Կորկիրա պոլիսը: Սպարտա-Աթենք հակամարտությունն ու թշնամանքը դարձավ անդառնալի, երբ Բեովտիայում պատերազմ սկսվեց Աթենքի կողմը բռնող Պլատեայի եւ Սպարտայի կողմը բռնող Թեբեի միջեւ: Սպարտայական դիվանագիտությունը, որն աթենքյանից ավելի ուղղամիտ էր, անգամ մի փոքր պարզունակ, ձեւական դեմարշը ձեռնարկեց` երեք դեսպաններ ուղարկելով Աթենք, որոնք Ժողովրդական ժողովին ներկայացրին Սպարտայական միության ուղերձը: Սա ավելի շուտ վերջնագիր էր, քան բանակցությունների առաջարկ: Սպարտացիները` հավատարիմ իրենց լակոնիկ ոճին, հայտարարեցին. «Սպարտան ցանկանում է, որպեսզի խաղաղությունը հարատեւի: Եվ դուք կստանաք խաղաղություն, եթե հարգեք հունական պետությունների անկախությունը»: Աթենացիները Պերիկլեսի խորհրդով պատասխանեցին, որ չեն պատրաստվում կատարել Սպարտայի հրամանները, բայց պատրաստ են բոլոր գանգատները ներկայացնել արբիտրաժ` համաձայն Երեսնամյա պայմանագրով նախատեսված կանոնակարգի: Սպարտան չպատասխանեց: Դիվանագիտական հարաբերությունները, որոնք կրում էին զուտ ձեւական բնույթ, խզվեցին: Երեսնամյա պայմանագիրը, չբոլորած իր տասնհինգ տարին, ոչ եւս եղավ:

«30» թիվն ըստ երեւույթին ճակատագրական է V-րդ դարի հունական պատմության համար: Պարսից արքայից արքա Քսերքսեսի հետ պատերազմը տեւեց մոտ երեսուն տարի: Սպարտան եւ Աթենքը խաղաղության պայմանագիր կնքեցին երեսուն տարով, սակայն այն կիսատ գործեց: Պելոպոնեսյան պատերազմը եւս տեւեց երեսուն տարի: Երբ երկար կարդում ես Անտիկ աշխարհի, նրա կրոնների, սնահավատությունների եւ գուշակությունների մասին, ինքդ էլ ես սկսում մի տեսակ հավատալ անհավատալի երեւույթների: Այնպես որ, «30»-ը միգուցե իրո՞ք ինչ-որ հատուկ նշանակություն է ունեցել Հելլադայի համար: Ո՞վ գիտե…

Շարունակելի