Առանց էքստազի

09/06/2011

«Այն, ինչ տեղի է ունեցել իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ, դա հակամարտության տրանսֆորմացիա է` բանակցային գործընթացի կամ տեղեկատվական պատերազմի»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով իշխանության եւ ընդդիմության հարաբերությունները: «Այն, ինչ տեղի է ունենում իշխանության եւ ընդդիմության միջեւ, դիրքորոշումների մերձեցման փորձ չէ, էքստազի մեջ միմյանց ձուլվելու փորձ չէ, այլ նորմալ քաղաքական հակամարտություն քաղաքական ուժի հետ, որը ցանկանում է մտնել խորհրդարան` այսօր արտախորհրդարանական լինելով եւ հաղթանակ ակնկալելով: Բավական կոշտ դիմակայությունը պահպանվելու է կողմերի միջեւ մինչեւ ամենավերջին օրը, եւ անգամ ընտրություններից հետո` համաձայն հայկական քաղաքական ավանդույթի»,- նշել է Իսկանդարյանը` հավելելով, որ տվյալ պահին հակամարտությունն այլ ձեւաչափի մեջ տեղավորելու փորձ է կատարվում: Ըստ Իսկանդարյանի, այդ ձեւաչափը լինելու են ցույցերը հրապարակում, նաեւ նորմալ քաղաքական պայքարը առկա քաղաքական համակարգի պայմաններում: Ընդդիմությունն օգտագործում է իր փաստարկները, արտահերթ ընտրությունները, կոալիցիան, իր հերթին, հայտարարում է, որ նման նախապայմանով չի գնա բանակցությունների: Դա, ըստ քաղաքագետի, մկանների ցուցադրություն է:

Ըստ Իսկանդարյանի, ընդդիմության հռետորաբանությունն աճելու է, քանի որ կա ուղիղ խնդիր. «Երբ ընդդիմությունը գնա զիջումների, կկորցնի վարկանիշն իր էլեկտորատի մեջ: Օրինակ, ընդդիմությունը շարունակելու է հայտարարել, թե չի գնա երկխոսության, քանի դեռ չեն ընդունել արտահերթ ընտրության պայմանը, նաեւ կարող է հռետորաբանությունը ավելի արմատական դարձնել»: Պատասխանելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին հարցին` Իսկանդարյանն ասել է. «Անհրաժեշտություն չեմ տեսնում իշխանությունների կողմից արտահերթ ընտրությունների գնալու: Դրա որեւէ պատճառ չկա»: Իսկ մեկ այլ քաղաքագետ` Երվանդ Բոզոյանն էլ ասել է, որ իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսությունը, այսպես թե այնպես, կուլիսային ձեւով ընթանում է վերջին երեք ամիսներին, որի արդյունքում ազատ արձակվեցին բոլոր քաղբանտարկյալները, թույլ տրվեց ՀԱԿ-ին հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում եւ ակտիվացավ 2008-ի մարտի 1-ի գործով հետաքննությունը: «Այդ համատեքստում` ՀԱԿ-ն իզուր է փորձում հասարակությանը համոզել, թե երկխոսությունը իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ մինչ այժմ չի եղել եւ նոր պետք է սկսվի»,- ասել է նա` միաժամանակ դժվարանալով կանխատեսել այդ գործընթացի արդյունքը: