Դիպլոմ կա, գիտելիք չկա

09/06/2011

Այսօր նախկին ԽՍՀՄ պետությունների երիտասարդները ձգտում են բարձրագույն կրթություն ստանալ արտասահմանում, այդ թվում` նաեւ հայ երիտասարդները:

Հայ երիտասարդները ձգտում են ուսում ստանալ արտասահմանում, բայց ոչ Հայաստանում: Պատճառները շատ են ու հիմնականում հայտնի, սակայն արտասահմանյան եւ տեղական բուհերի միջեւ տարբերությունների մասին առավել ճշգրիտ կարող են խոսել հենց իրենք` արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում սովորող երիտասարդները: «Պատճառները բազմաթիվ են»,- կտրուկ ասաց մի երիտասարդ, ով չցանկացավ նշել իր անունը: Նա այժմ սովորում է ԱՄՆ-ի բժշկական համալսարաններից մեկում: Նա պատմեց, որ մինչ ԱՄՆ մեկնելը սովորել է Երեւանի բժշկական համալսարանում եւ ստացել բակալավրի կոչում: Սակայն խոստովանեց, որ չնայած 5 տարի սովորել է այդ համալսարանում, Հիպոկրատի երդում է տվել եւ ստացել բժշկի «դիպլոմ», ցավոք, ամենակարեւորը չի ստացել` գիտելիք:

– Իսկ ինչպե՞ս ես ստացել դիպլոմ, ավարտել համալսարանը:

– Բոլորիս հայտնի մեթոդներով, այնպես, ինչպես այսօր շատ-շատերն են ավարտում: Այսինքն` դասերին չմասնակցելով, դասախոսություններ չունենալով, դասախոսներին չճանաչելով: Եվ արդյունքում, ստուգարքից` ստուգարք, քննությունից` քննություն, կուրսից` կուրս, եւ արդեն քեզ համար ոչ մի նշանակություն չունի սովորելը: Սկզբում թվում է, թե կյանքը հիասքանչ է` չիմանալով, թե ինչպես է, ասենք, աշխատում սիրտը, դու տալիս ես Հիպոկրատի երդում եւ ստանում դիպլոմ, բայց ուշքի գալով` հասկանում ես, որ զուր կորցրել ես մեծ գումարներ եւ ժամանակ, ինչն ավելի կարեւոր է: Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչում բուհն է մեղավոր, իհարկե` ոչ: Ես գիտակցում եմ, որ այդտեղ իմ մեղքի բաժինն էլ ունեմ, չէ՞ որ այդ ես եմ գնացել դասախոսներին ընդառաջ եւ դարձել կոռուպցիայի մասնակից:

– Լավ, իսկ կարո՞ղ ես ասել, ի՞նչը ստիպեց քեզ փոխել քո կարծիքը, եւ ի՞նչ տարբերություն կա այստեղի եւ ամերիկյան համալսարանների միջեւ:

– Իմ մտածելակերպը փոխվեց այն պահից, երբ ես սկսեցի հաճախել ամերիկյան համալսարան: Համոզված եմ, որ երբ դուք էլ տեսնեք, թե ինչպես է այստեղ` ԱՄՆ-ում, անցնում ուսուցումը, դուք էլ կփոխեք ձեր կարծիքը: Տարբերություններից ամենակարեւորը, որին ես ականատես եղա առաջին իսկ օրից, երբ մեզ համար սովորական դասախոսության փոխարեն` նախ եւ առաջ նյութը մատուցեցին տեսականորեն, ապա նոր սկսվեց լեկցիան: Մյուս տարբերությունը դասախոս եւ ուսանող հարաբերությունն է: Այստեղ դասախոսը չի գալիս պարզապես 80 րոպե մեխանիկորեն պարապում եւ հեռանում, ոչ, նույնիսկ աշխատանքային ժամից դուրս դու կարող ես նրան հարցեր ուղղել եւ դրանց դիմաց սպառիչ եւ բովանդակալից պատասխան ստանալ: Բայց քննության ժամանակ ամեն ինչ փոխվում է, այստեղ ուսանողը չի կարող պատճառաբանություններ բերել եւ խուսափել այդ օրը պատասխանելուց: Եվս մի կարեւոր փաստ. ամերիկյան համալսարաններում պրոֆեսորա-դասախոսական կազմում ընդգրկվում են ոչ թե միայն թեորիապես իրենց մասնագիտությանը տիրապետող մասնագետներ, այլ նրանք, ովքեր իրենց ներդրումն ունեն ժամանակակից գիտության մեջ:

Մյուս կարեւոր տարբերությունը` ամերիկյան համալսարանը պարզապես բարձրագույն կրթություն ստանալու հաստատություն չէ, այն նախ եւ առաջ գիտական ուսումնասիրությունների կենտրոն է, որտեղ խորացված ուսումնասիրություններ եւ ուշադրության արժանի մի շարք բացահայտումներ են իրականացվում կրթական բոլոր բնագավառներում: Դրանցից մեկին ես անձամբ ականատես եղա:

Իսկ համալսարանի տեխնիկական հագեցվածությունն աննկարագրելի է, այն առաջին հայացքից ապշեցնում է: Ինձնից պահանջվեց 3 օր, որպեսզի տեսնեմ բոլոր սարքավորումները: Իսկ գրադարանի հարստությունը` ոչ միայն տպագիր, այլեւ էլեկտրոնային, պարզապես ապշեցուցիչ է: Ընդ որում, ԱՄՆ-ում գրադարանները աշխատում են 24 ժամ` ի տարբերություն հայաստանյան գրադարանների:

Իսկ ուսանողի կենցաղային եւ ժամանցային պահանջներն ապահովելու համար, բառի ամենալայն իմաստով, ամեն ինչ արված է: Այստեղ համալսարանի տարածքում կա թենիսի մեծ դաշտ, լողավազան, սրճարան եւ նույնիսկ հիվանդանոց, կարելի է ասել` այն ուսանողական փոքրիկ քաղաք է: Այս ամենը թույլ է տալիս ուսանողին դասերից հետո վայելել ուսանողական կյանքը, քանի որ այստեղ ուսանողները շատ քիչ ազատ ժամանակ են ունենում: Ժամանակի պակասի պատճառը ուսումնառության ծանրաբեռնվածությունն է, որովհետեւ այստեղ ոչ թե քննությունից քննություն են պատասխանում դասախոսների հարցերին կամ պատրաստում դասերը, այլ ամեն օր: Ուսանողը պետք է լինի դասաժամի ակտիվ մասնակիցը, հակառակ դեպքում նա չի ավարտի համալսարանը: Ուսանողի գլխին դամոկլյան սրի նման կախված է համալսարանից դուրս մնալու վտանգը: Եվ վերջապես, ամերիկյան դիպլոմը համաշխարհային աշխատանքային շուկայում չունի մրցակից: Միջոցներ ներդնելով` դու ստանում ես բարձրագույն կրթության դիպլոմ, որտեղ նշված է` made in USA, որն, անկասկած, վստահություն է ներշնչում աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

– Իսկ ինչպե՞ս կբացատրես այն հանգամանքը, որ այսօր Երեւանի պետական բժշկական համալսարանում սովորում են օտարերկրյա բազմաթիվ ուսանողներ: Եթե կրթության որակը ցածր է եւ գիտելիք չեն ստանում` ինչո՞ւ են գալիս այստեղ սովորելու:

– Չեմ ասում, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է, բայց այստեղ ամեն ինչ ուրիշ է, երեւի դուք էլ համոզվեցիք: Իմ ուսումնառության տարիներին այնտեղ սովորում էին հիմնականում Հնդկաստանից կամ Իրանից եկած երիտասարդներ, իսկ դա ես կբացատրեմ երկու հանգամանքով: Նախ, Հայաստանում, ի տարբերություն, օրինակ, Հնդկաստանի, բժշկությունն ավելի զարգացած է, եւ երկրորդ, թերեւս Հայաստանում սովորելու պատճառներից մեկն էլ այն է, որ ուսումը Հայաստանում ավելի մատչելի է, քան տարածաշրջանում:

Զարուհի ՍԱՐԳՍՅԱՆ