Հերթական «քաղցրիկ» դեմքով երգչուհու եթերում հայտնվելն արդեն քչերին է զարմացնում: Սակայն, երբ առաջին անգամ ցուցադրվեց հերթական երաժշտական տեսահոլովակը, որի երգչուհու անունը կարդալիս շատերին թվում էր, թե անվան մեջ տառասխալ կա, պարզ դարձավ, որ այդ «տառասխալով բառը» տվյալ երգչուհու բեմական անունն է: Լայանայի իրական անունը Լիանա է, սակայն վերջինս որոշել է հանրությանը ներկայանալ սեփական անվան տառային «աննշան» փոփոխությամբ: «Երբ ես որոշեցի մտնել շոու-բիզնես, որպես երգչուհի, Լիանա անունով երգչուհի մեր էստրադայում արդեն իսկ կար: Դա էր անվանս թեթեւակի փոփոխության պատճառը»,- ասում է Լայանան: Վերջերս համացանցում է հայտնվել երգչուհու «Երկինքն ամպել է» տեսահոլովակը, որտեղ նա` իր համակուրսեցու հետ, հանդես է եկել նաեւ որպես ռեժիսոր: Մեր հարցին, թե չի՞ վախենում արդյոք, որ տեսահոլովակը ժանրային առումով կհամեմատվի ռուսական էստրադայի ճանաչված երգչուհի Վարվառայի կամ ուկրաինուհի Ռուսլանայի «վայրի» ոճի հետ, Լայանան պատասխանեց. «Շատ եմ սիրում Ռուսլանայի ոճը, եթե անգամ համեմատեն, որեւէ վատ բան դրանում չեմ տեսնի: Արտաքնապես ո՛չ տիկնիկի, ո՛չ էլ սառած գեղեցկուհու տեսք ունեմ: Վայրի հայացք կա իմ արտաքինի մեջ, եւ այս տեսահոլովակը լիովին համապատասխանում է իմ խառնվածքին»: Երգչուհին նշեց, որ տեսահոլովակի բոլոր ֆինանսական ծախսերը հոգացել են ամուսնու հետ համատեղ: Մեր հարցին, թե այդ ե՞րբ հասցրեց «սուս ու փուս» ամուսնանալ, Լայանան պատասխանեց. «Մենք մեծ հարսանիք չենք արել, միայն ԶԱԳՍ-ով ենք ամուսնացել` 8 ամիս առաջ: Սակայն մտադիր ենք պարտադիր եկեղեցում կնքվել եւ շատ գեղեցիկ հարսանեկան տոն կազմակերպել միայն մտերիմների եւ հարազատների համար»: Հարցին, թե ե՞րբ կտեսնենք տեսահոլովակը երաժշտական ալիքի եթերում, Լայանան պատասխանեց. «Դար 21»-ի եթերով դժվար տեսնեք, քանի որ այնտեղ գրեթե 300 հազար դրամ գումար են ուզում` ցուցադրության համար: Իսկ մյուս ալիքներով, եթե դեռ չենք ցուցադրել, ապա շուտով կցուցադրենք»: