Աուգուստո Մոնթերոսո «Սեւ ոչխարը եւ այլ առակներ»

08/06/2011 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Աուգուստո Մոնթերոսո (1921-2003)

Պատկերացրեք, որ Բորխեսի ֆանտաստիկ Բեստիարիումը թեյ է ըմպում Քերոլի Ալիսայի հետ: Պատկերացրեք, որ Ջոնաթան Սվիֆթը գրություններ է փոխանակում Ջեյմս Թերբերի հետ: Պատկերացրեք` գորտը Կալավերասից իսկապես Մարկ Տվեն է կարդում: Այժմ դուք գիտեք, թե ով է Մոնթերոսոն:

Կառլոս Ֆուենտես

Հավատն ու լեռները

Ի սկզբանե Հավատը շարժում էր լեռները միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում եւ շնորհիվ դրա` բնանկարը հազարամյակների ընթացքում անփոփոխ էր մնում:

Սակայն հավատի տարածման հետ մեկտեղ, երբ մարդիկ համի ընկան ու սկսեցին լեռները շարժել, նրանց գտնվելու տեղը սկսեց անդադար փոխվել: Եվ լեռները ամեն անգամ ավելի ու ավելի դժվար էր հայտնաբերել աjնտեղ, ուր դուք նրանց թողել էիք նախօրեին: Դա ավելի շուտ բարդություններ էր ստեղծում, քան օգնում էր դրանք հաղթահարել:

Եվ այդժամ բարի մարդիկ գերադասեցին հրաժարվել Հավատից, եւ այժմ լեռները, որպես կանոն, կենում են իրենց տեղում:

Եվ երբ լեռնային ճանապարհին փլուզում է լինում, որը անցորդներին ողջ-ողջ թաղում է, կնշանակի, ինչ-որ տեղ շատ հեռվում կամ շատ մոտիկ որեւէ մեկի հոգում թեթեւակի արթնացել է Հավատը:

Սեւ ոչխարը

Շատ տարիներ առաջ մի հեռավոր երկրում կար-չկար մի սեւ Ոչխար:

Նրան գնդակահարեցին:

Մեկ դար անց հոտը զղջաց եւ նրա պատվին ձիով հուշարձան կանգնեցրեց, որը զբոսայգում բավական լավ էր նայվում:

Այդ ժամանակից ի վեր ամեն անգամ հենց սեւ ոչխարներ են հայտնվում, նրանց տեղնուտեղը տանում են գնդակահարության, որպեսզի սովորական ոչխարների գալիք սերունդները նույնպես կարողանան հմտանալ քանդակագործության մեջ:

Անքնությունից տառապող հայելին

Ապրում էր աշխարհի երեսին մի ձեռքի հայելի: Երբ նա մենակ էր մնում, նա իրեն այնքան վատ էր զգում, ասես բնավ չկար երկրի երեսին, եւ հնարավոր է, ճիշտ էր: Բայց մյուս հայելիները ծանակում էին նրան, եւ երբ գիշերը նրանց դարսդարսում էին արդուզարդի սեղանի դարակում, առանց հետին մտքերի գոհունակ քնում էին, խեղճ ջղաթուլագարի ապրումներից հեռու:

Պենելոպեի գործվածքը, կամ թե ով ում է խաբում

Շատ տարիներ առաջ Հունաստանում Ոդիսեւս անունով մի մարդ էր ապրում (չնայած իր բավականաչափ իմաստությանը, նա զանազանվում էր նաեւ արտասովոր խորամանկությամբ): Նա կնության էր առել Պենելոպեին, հիասքանչ եւ չափազանց օժտված մի կնոջ, ում միակ թերությունը նրա անչափ հակումն էր առ ջուլհակագործությունը: Շնորհիվ այդ սովորույթի` նա հեշտությամբ երկար ժամեր մենության մեջ էր անցկացնում։

Լեգենդն ասում է, որ հենց խորամանկ Ոդիսեւսը նկատում էր, որ կինը, չնայած արգելքներին, դարձյալ պատրաստվում է նստել իր անվերջանալի կտավի առաջ, նա թաքուն գիշերով կարգի էր բերում իր արշավերթի ճիտքակոշիկներն ու նավը: Եվ, ի վերջո, կնոջն առանց իսկ խոսք ասելու, ելնում էր աշխարհով մեկ ճամփորդության, ձգտելով գտնել դեպ ինքն իրեն տանող ճանապարհը:

Այսպիսով, Պենելոպեին հաջողվում էր ամուսնուն հեռավորության վրա պահել, իսկ նա երկրպագուների հետ կոտրատվում էր, ներշնչելով նրանց, թե իբր ինքը գործում է, քանի դեռ Ոդիսեւսը ճամփորդում է, այլ ոչ թե Ոդիսեւսը ճամփորդում է, քանի դեռ նա գործում է: Հավանաբար, դա այդպես էլ պատկերանում էր Հոմերոսին, ով, ինչպես հայտնի է, հաճախ ննջում էր եւ ընդհանրապես բանից անտեղյակ էր:

Երկու անգամ միեւնույն տեղը խփած կայծակը

Կար-չկար մի կայծակ, որը երկու անգամ միեւնույն տեղն էր խփել: Բայց հասկանալով, որ առաջին անգամ արդեն բավական վնաս է տվել եւ հիմա այստեղ ամենեւին պետք չէ, նա սարսափելի վշտացավ:

Զղջացող հավատուրացը

Պատմում են, որ ապրում էր հնամենի ժամանակներում ոմն կաթոլիկ, իսկ գուցե թե բողոքական, եւ նրան այնպես էին կասկածները մաշել, որ նա լրջորեն մտադրվեց բարի քրիստոնյա դառնալ: Սակայն վախենալով, որ դրացիները դա կգնահատեն որպես տարբերվելու կամ ուշադրություն գրավելու փորձ, նա որոշեց հաղթահարել իր թուլությունը եւ արտասովոր մտադրությունից հրաժարվեց:

Էշն ու Սրինգը

Վաղուց, շատ վաղուց, դաշտում նետված, ընկած էր Սրինգը, եւ ոչ ոք չէր նվագում, բայց մի անգամ կողքով անցնող էշը կանգնեց նրա գլխավերեւում, ինչքան ուժ ուներ փնչացրեց եւ իր կյանքում ամենաքնքուշ ձայնն արտաբերեց, ավելի ճիշտ, Էշի եւ Սրինգի կյանքում:

Անկարող լինելով գիտակցելու տեղի ունեցածը, քանզի երկուսն էլ հավատում էին նպատակահարմարությանը, այնքան էլ դրանից գլուխ չհանելով, նրանք փութացին բաժանվել, ամաչելով լավագույն բանից, որ ստեղծել էին իրենց անուրախ գոյության ընթացքում:

Նապաստակն ու Առյուծը

Մի անգամ հայտնի Հոգեբույժը համարյա թե մոլորվել էր անտառի թավուտում:

Հետազոտողի խանդավառության եւ հոտառության շնորհիվ նա առանց դժվարության մագլցեց ամենաբարձր ծառը եւ այնտեղից իր հաճույքի համար սկսեց զննել հանդարտ մայրամուտը, ինչպես նաեւ` կյանքն ու սովորույթներն առանձին կենդանիների, որոնք դարձյալ ու դարձյալ համեմատում էր մարդկանց վարքի հետ: Գիշերամուտին նրա հայացքի առջեւ հառնեցին մի կողմից` Նապաստակը, մյուսից` Առյուծը:

Սկզբում հիշատակության արժանի ոչինչ տեղի չէր ունենում, բայց ավելի ուշ գազանները, միմյանց հոտն առնելով, քիթ քթի եկան, եւ այդժամ նրանցից յուրաքանչյուրն իրեն այնպես պահեց, ինչպես ներհատուկ էր իրեն այն վաղնջական ժամանակներից, երբ մարդը մարդ դարձավ:

Առյուծն անտառը մռնչյունով լցրեց, սովորույթի համաձայն` արքայաբար բաշը թափահարեց եւ վիթխարի ճանկերով ճեղքեց օդը: Նապաստակն իր հերթին` ակնթարթաբար ախ քաշեց, որսաց առյուծի հայացքը, շրջվեց` դե այդպիսին էր:

Քաղաք վերադառնալով` հայտնի Հոգեբույժը բազում գովասանական արձագանքներ շահած եւ հանրահայտ դարձած մի տրակտատ գրեց, որում ապացուցվում էր, որ Առյուծը ամենավախկոտ ու մանկամիտ կենդանին է Անտառում, իսկ Նապաստակը ամենախելամիտ եւ խիզախ գազանն է: Առյուծը, ահից դրդված, մռնչում է, ծամածռվում եւ սպառնում աշխարհին: Նապաստակը, տեսնելով դա, գիտակցում է սեփական ուժը եւ հեռանում է, չսպասելով, մինչեւ որ համբերությունը հատնի, եւ նա չհավասարակշռված ու անզուսպ անասունի վերջը տա: Չէ՞ որ Նապաստակը հիանալիորեն ամեն ինչ հասկանում է, դե, իսկ այդ անասունը մեծ հաշվով իրեն ոչ մի վատ բան չի արել:

Քամելեոնը, որ ոչ մի կերպ չէր կարողանում որոշել, թե որ գույնն ընտրի

Մի հեռավոր երկրում, Անտառի ամենախորքում, շատ տարիներ առաջ վրա հասան գեշ ժամանակները: Քաղաքականությամբ տարված Քամելեոնին համակեց լիակատար շվարմունքը, քանզի այլ կենդանիները, Աղվեսի խորհրդին հետեւելով, գլխի էին ընկնում նրա հնարքների մասին եւ սկսեցին դրանց դիմադրել, զօրուգիշեր գրպաններում բազմաբղետ ապակեկտորների հավաքածուներ կրելով, որպեսզի մերկացնեն խարդախի երկերեսանիությունն ու կեղծ բարեպաշտությունը: Այսպիսով, եթե Քամելեոնը մանուշակագույն էր, եւ ինչ-որ այսրոպեական հանգամանքների բերումով նրան հարկ էր, ասենք, կապույտ գույն ձեռք բերել, գազաններն ակնթարթաբար հանում էին կարմիր ապակին եւ նայում էին ընդմեջ դրա, եւ այդժամ նրանք տեսնում էին Քամելեոնին նույնպիսի մանուշակագույն, թեպետ եւ նա կապույտ էր ձեւանում: Իսկ եթե, լինելով կարմիր, նա հատուկ նկատառումով նարնջագույն էր դառնում, գազանները գործածում էին համապատասխան ապակին եւ առաջվա պես տեսնում էին Քամելեոնին իր իսկական գույնով:

Սկզբում դա վերաբերում էր լոկ հիմնական գույներին, բայց ժամանակի ընթացքում այդ մեթոդը այնքան լայնորեն տարածվեց, որ բոլորը, ով չէր ալարում, իրենց հետ ապակիների լրիվ հավաքածու էին կրում, այն դեպքի համար, եթե մեր սրիկան պարզապես մոխրավուն, կապտա-կանաչավուն դառնում, կամ այնպիսի անորոշ գույն էր ձեռք բերում, որ այն տարբերելու համար պետք էր ապակիների եռակի, քառակի, հնգակի համադրում:

Սակայն դրանով գործը չավարտվեց, ենթադրելով որ ամենքն իր հետ նույն սանրի կտավն են, Քամելեոնը նույնպես օգտվեց այդ համակարգից:

Զարմանահրաշ պատկեր ստացվեց` ամեն մեկը փողոցում հանում եւ հերթագայում էր ապակիները, ընդ որում, բոլորը փոխում էին իրենց գույնը` կախված քաղաքական կլիմայից եւ հայացքներից, որ գերակշռում էին շաբաթվա այդ օրը կամ օրվա այդ ժամին:

Դժվար չէ գլխի ընկնել, որ այդ ամենը սկսեց հիշեցնել բաբելոնյան աշտարակաշինությունը: Սակայն ամենախելամիտները տեղնուտեղը հասկացան` եթե գործն ինչ-որ կերպ չկարգավորվի, վրա կհասնի անխուսափելի սնանկացումը, եւ աստվածներն աշխարհը կհանգեցնեն վերջնական կուրացման եւ կործանման: Եվ այդժամ վերականգնվեց կարգուկանոնը:

Այս առթիվ կազմած Ռեգլամենտի կարգադրագիրներից զատ, սովորական իրավունքը, իր հերթին, վարվելակարգի ընտրովի կանոններ սահմանեց: Այդ սահմանումների համաձայն` յուրաքանչյուրը, ինչպես դա լինում է ամենաքաղաքակիրթ երկրներում, օգնության համար կարող էր դիմել նույնիսկ իր չարակամներին եւ պահի պահանջմունքներից կախված` նրանցից փոխառել որոշակի գույնի չբավող ապակիները, որպեսզի շտապ կարգով փոխի իր արտաքինը կամ ճանաչի հանդիպողի ճշմարիտ գույնը:

Եվ միայն Առյուծը` Անտառի այն ժամանակվա Նախագահը, քմծիծաղում էր ամենքի վրա, թեպետ երբեմն, վասն զվարճանքի, խաղակցում էր նրանց:

Այդ օրվանից էլ ծնվեց ասացվածքը.
Որ ապակուն նայես,
Այդ գույնի Քամելեոն էլ կգտնես:

Միջատ-երազողը

Ապրում էր երկրի երեսին Գրեգեր Զամզա անունով մի Միջատ եւ տեսավ նա երազում, որ ինքը Ֆրանց Կաֆկա անունով մի Միջատ է, ով երազում տեսնում է, թե իբր ինքը գրող է, որ գրում է Գրեգոր Զամզա անունով շրջիկ գործակալի մասին, ով երազում տեսնում է, որ վերածվել է Միջատի:

Մնացած վեցը

Ավանդույթն ասում է, որ մի հեռավոր երկրում մի ժամանակ կար-չկար մի Բվեճ, ով այնքան երկար էր տքնում գրքերի վրա, խորհրդածում, հետազոտում, ըմբռնում, թարգմանում, դասախոսություններ էր կարդում, բանաստեղծություններ, պատմվածքներ, կենսագրականներ, կինոյի մասին նոթեր, ճառեր, գրական էսսեներ եւ այլ բաներ էր գրում, որ արդյունքում յուրացրեց մարդկային գիտելիքի բոլոր բնագավառները, ընդ որում, հասնելով այնպիսի հանրահայտության, որ հիացած ժամանակակիցները շուտով նրան հայտարարեցին Երկրի Յոթ Իմաստուններից մեկը, թեեւ մինչեւ այժմ չհաջողվեց պարզել, թե ովքեր էին մնացած վեցը:

Չարի մենախոսությունը

Մի անգամ Չարը քիթ քթի հանդիպեց Բարուն եւ քիչ էր մնում կուլ տա նրան, որպեսզի ընդմիշտ վերջ տա անհեթեթ հակաճառություններին: Բայց տեսնելով, թե ինչ փոքր է իր հակառակորդը, Չարը մտածեց. «Այստեղ հաստատ ծուղակ է թաքնված: Չէ որ, եթե ես հիմա որսամ Բարուն, իսկ նա այնքան վտիտ է, մարդիկ կհամարեն, որ ես գեշ բան եմ արել, եւ ես ամոթից այնքան կկծկվեմ, որ Բարին առիթը բաց չի թողնի եւ ինձ կխժռի: Լոկ այն տարբերությամբ, որ մարդիկ այդժամ կքաջալերեն նրա արարքը, չէ որ նրանց համար դժվար է ընտել ստերեոտիպերից ազատվելը, թե իբր Չարի արածը վատ է, իսկ Բարունը` բարօրություն:

Այսպես հերթական անգամ Բարին ազատվեց:

Բարու մենախոսությունը

«Ամեն ինչ այնքան պարզ չէ,- խորհրդածում էր այդ երեկո Բարին,- ինչպես համարում են որոշ երեխաներ եւ ենթադրում է մեծահասակների մեծամասնությունը:

Բոլորին հայտնի է, որ ես երբեմն թաքնվում եմ Չարի մեջքի ետեւում, ասենք, երբ դու հիվանդացել ես եւ չես կարող թռչել այս չվերթով, իսկ ինքնաթիռը ջարդուփշուր է լինում, եւ ոչ ոք ողջ չի մնում: Իսկ երբեմն, ընդհակառակը, Չարը թաքնվում է իմ մեջքի ետեւում, ինչպես եւ այն օրը, երբ կեղծավոր Աբելը թույլ տվեց, որ Կայենն իրեն սպանի` եւ աշխարհի առաջ նրան ի ցույց դրեց այնքան անհրապույր տեսքով, որ խեղճն այդպես էլ խելքի չեկավ:

Ամեն ինչ այդքան էլ պարզ չէ»:

Իմաստնագույն աղվեսը

Մի անգամ Աղվեսը, ձանձրույթից պարտասած, մասամբ մելամաղձության մեջ կենալով եւ անփող, որոշեց գրող դառնալ, ինչով եւ անհապաղ զբաղվեց, քանզի տանել չէր կարողանում մարդկանց, ովքեր ասում են` այսինչ ու այնինչ բանը կանեմ, իսկ հետո ոչինչ չեն անում:

Նրա առաջին գիրքը փառավոր բան ստացվեց, եւ նրան ուղեկցում էր հաջողությունը, բոլորն այն գովում էին, եւ շուտով այն թարգմանվեց (ճիշտ է, ոչ միշտ հաջող) ամենատարբեր լեզուներով:

Երկրորդ գիրքը առաջինից լավը դուրս եկավ, եւ մի շարք ամերիկացի պրոֆեսորներ, այն հինավուրց օրերի գիտական աշխարհի առավել երեւելի ներկայացուցիչները, ոգեւորությամբ սկսեցին այն մեկնաբանել եւ նույնիսկ գրեցին գրքեր գրքերի մասին, որոնցում խոսվում էր Աղվեսի գրքերի մասին:

Այդ պահից ի վեր Աղվեսն արդարացիորեն հանգչեց դափնիների վրա: Տարիներն անցնում էին, իսկ նա ոչ մի նոր բան չէր հրապարակում:

Սակայն հասարակության մեջ ծայր առան ասեկոսեներ, բոլորը կրկնում էին` «Ի՞նչ է կատարվում Աղվեսի հետ»,- եւ կոկտեյլներին նրան հանդիպելիս, անպայման մոտենում էին եւ ասում, թե իբր, հարկ է, որ դուք դարձյալ տպագրվեք:

– Բայց ես արդեն երկու գիրք տպել եմ,- հոգնած պատասխանում էր Աղվեսը:

– Եվ դրանք հիասքանչ են,- հայտարարում էին նրանք,- հենց այդ պատճառով հարկ է, որ դուք նոր գիրք տպագրեք:

Աղվեսը լռում էր, բայց մտքում մտածում էր. «Իրականում միայն սպասում են, թե ես երբ վատ գիրք կհրատարակեմ, բայց չէ՞ որ ես աղվես եմ, եւ անշուշտ դա չեմ անի»:

Եվ չարեց:

Ճանճը, որ երազում տեսնում էր, թե ինքն Արծիվ է

Կար-չկար մի Ճանճ, եւ ամեն գիշեր նա երազում տեսնում էր, թե իբր ինքն Արծիվ է եւ ճախրում է նա Ալպերի եւ Անդերի վրայով:

Առաջին ակնթարթներին Ճանճը պարզապես երջանկությունից խելագարվում էր, բայց որոշ ժամանակ անց նրան համակում էր կարոտաբաղձանքը, եւ թեւերը նրան չափազանց մեծ էին թվում, մարմինը` չափազանց ծանր, կտուցը` չափազանց պինդ, իսկ թաթերը` չափից դուրս ուժեղ: Մի խոսքով, բոլոր այդ ծանր ատրիբուտները խանգարում էին նրան հաճույքով տեղավորվելու ախորժալի թխվածքների կամ մարդկային կեղտերի վրա, ինչպես նաեւ` տեղը տեղին տառապել, համառորեն խփվելով իր սենյակի պատուհաններին:

Իրականում նա ամենեւին էլ չէր պատրաստվում ճախրել երկնային բարձունքներում կամ ազատ տարածություններում:

Սակայն, զարթնելով, Ճանճը ողջ հոգով մորմոքում էր, որ ինքը լեռներն ի վեր սուրացող Արծիվ չէ, եւ սարսափելի վշտանում էր, որ ինքը Ճանճ է: Եվ այդ պատճառով այս ու այն կողմ էր թռչում, եւ անհանգիստ դես ու դեն էր նետվում, եւ անդադրում պտտվում էր, մինչեւ որ գիշերը վրա հասնելուն պես դարձյալ գլուխը հանգչեցնում էր բարձին:

Ընձուղտը, ով հանկարծ հասկացավ, որ ամեն ինչ հարաբերական է

Վաղուց, շատ վաղուց հեռավոր մի երկրում ապրում էր միջահասակ մի ընձուղտ, բայց այնքան ցրված, որ մի անգամ նա ելավ Անտառից ու մոլորվեց:

Ինչպես միշտ շվարած, նա վայրիվերո այս ու այն կողմ էր դեմ առնում, եւ ճիշտ ճանապարհի փնտրտուքներում որքան էլ կռանում էր, այնպես էլ այն չէր գտնում:

Այդպես դեգերում էր նա, մինչեւ որ հասավ մի կիրճ, ուր այդ պահին մեծ մարտ էր ընթանում:

Թեպետ երկու կողմն էլ անհամար զոհեր էին կրում, ոչ ոք չէր պատրաստվում նույնիսկ մի միլիմետր հող զիջելու:

Գեներալները սրերը բարձրացնելով` խրախուսում էին զորքերին, իսկ ձյունը վիրավորների արյունից կասկարմիր էր դարձել:

Թնդանոթի արկերի ծխի եւ դղրդոցի միջից ընկնում էին երկու բանակների սպանված զինվորները, հազիվ հասցնելով հոգին սատանային ավանդել: Բայց ողջ մնացածները շարունակում էին հրացաններով կրակել, մինչեւ որ հասնում էր իրենց հերթը, եւ նրանք տխմարագույն տեսքով մեռած ընկնում էին, ենթադրելով, որ Պատմությունը կարձանագրի իրենց` որպես հերոսների, չէ՞ որ նրանք զոհվում էին պաշտպանելով իրենց դրոշը: Եվ իրոք: Պատմությունը նրանց արձանագրեց որպես հերոսներ, ընդ որում, դա վերաբերում էր թե այս եւ թե մյուս բանակներին, չէ՞ որ կողմերից յուրաքանչյուրը գրում էր իր սեփական Պատմությունը: Այսպես Վելինգտոնը հերոս էր համարվում անգլիացիների շրջանում, իսկ Նապոլեոնը հերոս էր համարվում ֆրանսիացիների մոտ:

Այդ ընթացքում Ընձուղտը շարունակում էր իր ճամփան, մինչեւ որ հասավ կիրճի այն մասը, որտեղ տեղադրված էր մի վիթխարի Թնդանոթ, որն այդ պահին կրակոց կատարեց Ընձուղտի գլխավերեւով, մոտավորապես, եթե ճշգրիտ լինենք, քսան սանտիմետր բարձր:

Թռչող արկն այդքան մոտիկից տեսնելով եւ հայացքով այն ուղեկցելով, Ընձուղտը մտածեց. «Ինչ բարեբախտություն է, որ ես այնքան բարձրահասակ չեմ, չէ՞ որ եթե վիզս երեսուն սանտիմետր երկար լիներ, արկը գլուխս կթռցներ: Կամ ինչ երջանկություն է, որ կիրճի այն մասը, ուր կանգնած է Թնդանոթը, այնքան ցածր չէ, երեսուն սանտիմետր ցածր լիներ, արկը նույնպես գլուխս կթռցներ: Հիմա ես հասկանում եմ, որ աշխարհում ամեն բան հարաբերական է»:

Իշխանություն ստացած իմաստունը

Մի անգամ, շատ տարիներ առաջ, Կապիկը գիտակցեց, որ բոլոր կենդանիներից հատկապես իր սերունդը, այսինքն` մարդը, ամենաբանականն է:

Այդ հայտնությամբ ոգեւորված, նա սկսեց ուսումնասիրել գիրք գրոցը, որ վաղուց ի վեր կորած էր փոշիների մեջ իր տանը, եւ ուսման մեջ առաջադիմելուն համընթաց` սկսեց ամենասովորական իրադրություններում իրեն պահել կարեւոր անձի պես:

Հատուկ համառությունը շուտով նրան թույլ տվեց հասնելու զգալի հաջողությունների, քաղաքականության բնագավառում` շնորհիվ Աղվեսի խորհուրդների, ինչպես նաեւ իմացության ոլորտում` շնորհիվ Օձի եւ Բվեճի:

Այսպիսով, ի զարմանս պարզամիտների, շուտով Կապիկը սկսեց իր վերելքը դեպի բարձունք, մինչեւ որ մի հիանալի օր բարեկամներն ու չարակամները նրան շնորհավորեցին Առյուծի քարտուղարի պաշտոնին անցնելու համար:

Սակայն, անքնության ժամերին (որ համակել էր նրան այն պահից ի վեր, որ նա իմացել էր, որ այդքան բան գիտի), Կապիկը եւս մի զգայացունց հայտնագործություն արեց` աղաղակող անարդարությունն այն էր, որ Առյուծը, հենվելով սոսկ իր ուժի եւ այլոց վախի վրա, իր պետն էր, իսկ ինքը, ինչպես ինչ-որ տեղ կարդացել էր, որ ցանկության եւ աննշան ճիգի դեպքում ընդունակ էր կրկին գրելու Շեքսպիրի սոնետները, Առյուծի ենթակայության տակ էր:

Լուսաբացին, խիզախությամբ լեցուն եւ անդադար հազալով, Կապիկը մի ժամից ավելի շարադրում էր Առյուծին, բարդ եւ մանրակրկտորեն մտածված փաստարկներ բերելով, տեսությունն առ այն, որ համաձայն ամենատարրական տրամաբանության` հարկ է, որ իրենք դերերով փոխվեն, չէ՞ որ ամենքին առանց երկար-բարակ մտածելու էլ պարզ է, թե որչափ մեծ է Կապիկի գերազանցությունը սերնդի եւ, անշուշտ, իմաստության գծով:

Առյուծը, Ճանճի թռիչքով տարված, ոչ մի վայրկյան հայացքն առաստաղից չէր կտրում, եւ մեկեն համաձայնվեց ամեն ինչի հետ, տեղնուտեղը թագը փոխեց գրչի հետ եւ, պատշգամբ ելնելով, քաղաքին եւ աշխարհին ազդարարեց իշխանության փոփոխության մասին:

Այդուհետ, երբ Կապիկը նրան կարգադրություններ էր տալիս, Առյուծը չէր առարկում եւ անդրդվելի իր համաձայնությունն արտահայտում էր հուժկու ապտակով: Իսկ եթե Կապիկը նախատում էր նրան ճիշտ չհասկացված հրամանի կամ գեշ կառուցված խոսքի համար, համաձայնության նշան էին երկու-երեք ավելի հուժկու ապտակները: Շուտով մեր նոր արքայի` մեր իմաստուն Կապիկի մարմինը համատարած վերքի վերածվեց, որ արյուն էր վոթում եւ կամ դրանից էլ գեշ մի բան:

Ի վերջո, Կապիկը տառացիորեն ծնկի եկած սկսեց պաղատել Առյուծին` վերադառնալ իրերի նախկին վիճակին, ինչին որ Առյուծը, ձանձրույթից տոչորվելով, ինչպես հազար տարի առաջ, հորանջելով պատասխանեց` «այո»: Մեկ անգամ եւս հորանջելով, թե իբր վերադառնանք իրաց նախկին կարգին, նա ընդունեց թագն ու վերադարձրեց գրիչը: Այդ ժամանակից ի վեր Կապիկին տրված է գրիչը, իսկ Առյուծին` թագը:

Դրախտն անթերի չէ

– Իհարկե,- մելամաղձոտ ասում էր մարդը մի ձմեռային երեկո, հայացքը բուխարիկի մեջ բորբոքվող հրից չկտրելով,- Դրախտում կլինեն ընկերներ, երաժշտություն, ինչ-որ գրքեր, ցավալին մի բան է` երբ հայտնվես Երկնքում, Երկինքն այնտեղից չես տեսնի:

Դինոզավրը

Երբ նա զարթնեց, դինոզավրը դեռ սենյակում էր:

Դադարը

– Երբեմն գիշերները,- խորհրդածում էր այս անգամ Լուն,- երբ անքնությունը չի թողնում ննջել, ինչպես հիմա, եւ ես կարդում եմ, ընթերցանությանը դադար եմ տալիս, խոհածում եմ իմ գրողական գործի մասին, հայացքս առաստաղին հառած, հանկարծ մի պահ երեւակայում եմ, որ դառնում եմ կամ կարող էի դառնալ, եթե վաղվանից լծվեմ այդ նպատակին, ինչպես Կաֆկան (անշուշտ, առանց նրա խղճուկ ու անհեթեթ կյանքի), կամ ինչպես Ջոյսը (առանց նրա այդ հանուն արժանի գոյության տքնանքով լեցուն կյանքի), կամ ինչպես Սերվանտեսը (առանց կարիքի չարչարանքների), կամ ինչպես Կատուլուսը (ի հակառակ, իսկ գուցե եւ շնորհիվ կանանց պատճառով տառապելու նրա հակումի), կամ ինչպես Սվիֆթը (առանց վրա հասնող խելագարության), կամ ինչպես Գյոթեն (առանց նրա տխուր ճակատագրի` պալատին մերձ ապրուստ հայթայթելը), կամ ինչպես Բլուան (հաշվի չառնելով նրա հանուն պոռնիկների ինքնազոհողության ակնհայտ ձգտումը), կամ ինչպես Տորոն (չնայած ոչ մի բանի), կամ ինչպես քույր Խուանան (չնայած ամեն ինչին), բայց ոչ մի դեպքում ոչ Անանուն, մշտապես Lui Meme (Այն Նույնը) ամենայն երկրային փառքի պսակաց պսակը:

Կրիան եւ Աքիլեսը

Ինչպես հաղորդում են հեռագրային գործակալությունները, անցյալ շաբաթ Կրիան վերջապես հասավ ֆինիշին:

Պրեսկոնֆերանսին նա համեստաբար հայտարարեց, որ անընդհատ վախենում էր պարտվել, քանի որ մրցակիցը անդադար կանգնում էր իր թաթերի վրա:

Իրոք, վայրկյանի մեկ տասկվադրիլիոն մասն էլ չանցած, սրընթաց եւ Զենոն-էլեացուն նզովելով, վրա հասավ Աքիլեսը:

Աստծուն պատկերացնող ձին

«Ինչ էլ որ խոսեն, միտքը երկնքի մասին, ուր բնակվում են Ձիերը եւ ղեկավարում է ձիու կերպարանք առած Աստված, նողկալի է բարձր ճաշակի եւ տարրական տրամաբանության համար,- խորհրդածում էր մի անգամ Ձին: -Ամենքին էլ պարզ է,- շարունակում էր նա իր դատողությունները,- եթե մենք` ձիերս, ունակ լինեինք պատկերացնելու Աստծուն, ապա նրան կպատկերացնեինք Հեծյալի տեսքով:

Առյուծի բաժինը

Մի անգամ Կովը, Այծը եւ հեզաբարո Ոչխարը Առյուծի հետ պայմանագիր կնքեցին, հուսալով վերջապես հանգիստ կյանք ճաշակել: Չէ՞ որ հրեշի (այդպես էին նրան կոչում աչքերի համար) վայրի վարքագծի պատճառով նրանք մշտապես կենում էին տագնապալից վիճակում եւ հանգստանում էին, միայն, երբ կարողանում էին գլուխներն ազատել:

Մի երեկո մեր հրաշք-որսորդներին հաջողվեց մի ճարպիկ եղնիկ որսալ (ում միսը, անշուշտ, տհաճ էր Կովի, Այծի եւ Ոչխարի համար, քանզի նրանք ըստ սովորության ճաշակում էին ոտաց տակի խոտը), եւ նրանք պայմանագրի համաձայն` ծանրակշիռ լեշը հավասար մասերի բաժանեցին:

Եվ այդժամ հեծեծալով եւ հիմնվելով ծայրահեղ անօգության եւ անկարության վրա, երեք հեզ էակները աղմուկ-աղաղակ բարձրացրին, նախօրոք պայմանավորվելով յուրացնել եւ առյուծի բաժինը, չէ՞ որ, հետեւելով Մրջյունի խրատներին, նրանք պատրաստվում էին դաժան ձմռան ակնկալիքով հոգեպահուստ անել:

Ճիշտ է, այս անգամ Առյուծը նույնիսկ ճիգ էլ չգործադրեց հանրահայտ փաստարկներ բերել, որոնց շնորհիվ Եղնիկը միայն իրեն էր պատկանում: Առանց երկար մտածելու` նա կուլ տվեց ընկերակիցներին, ուշք չդարձնելով երկարաձիգ ճիչերին, որոնց միջից կարելի էր տարբերել այնպիսի խոսքեր, ինչպիսիք են «հասարակական պայմանագիրը», «սահմանադրությունը», «մարդու իրավունքները», եւ այլ, ոչ պակաս ծանրակշիռ եւ հիմնարար բառեր:

Callus aureorum ovorum
(Աքաղաղ Ոսկե Հավկիթները)

Հին Հռոմի ծայրամասերում ընկած վիթխարի հավաբներից մեկում ապրում էր մի ժամանակ չափազանց հզոր եւ սիրո արվեստում հմտացած Աքաղաղ, որով Հավերը, ծանոթանալով նրա հետ, այն աստիճանի էին տարվում, որ հետո արդեն չէին կարողանում հանգիստ թողնել եւ օր ու գիշեր հանգիստ չէին տալիս:

Ինքը` Տակիտոսը, հնարավոր է` երկակի դիտավորությամբ, նրան համեմատում է Փյունիկ Թռչնի հետ` ուժերը վերականգնելու եւ ծննդաբերողներին վերադառնալու ընդունակության համար: Եվ հավելում է, որ սույն Աքաղաղը արտասովոր փառքի արժանացավ եւ անսահման հետաքրքրություն էր առաջացնում համաքաղաքացիների, այսինքն` այլ Աքաղաղների, շրջանում, որոնք ժողովվում էին Հանրապետության տարբեր ծայրերից, որպեսզի նրան տեսնեն գործողության մեջ, տրված հանդիսանքով որպես այդպիսին, դրդված նրա որոշ հնարքներ բանեցնելու ձգտումով:

Բայց քանի որ ամեն ինչ այս աշխարհում իր սահմանն ունի, հայտնի է, որ արտակարգ ունակությունների անդադար շահագործումը ի վերջո Աքաղաղին գերեզմանի դուռը բերեց: Դա, ըստ ամենայն հավանականության, ահագին վշտի պատճառ դարձավ, քանզի բանաստեղծ Ստացիուսն իր հերթին հաղորդում է, որ մահվանից քիչ առաջ Աքաղաղն իր մահճի մոտ ժողվեց երկու հազարից ոչ պակաս ամենաանխոնջ Հավերի, որոնց էլ դիմեց իր վերջին խոսքով` «Տեսեք ձեր արածը: Դուք կործանեցիք Աքաղաղ Ոսկե Հավկիթներին»: Դա մի շարք աղճատումներ եւ հերյուրանքներ ծնեց: Դրանցից գլխավորը տվյալ ունակությունը վերագրում է Միդաս արքային կամ էլ ինչ-որ հինավուրց լեգենդից ծնված Հավի: