Բյուջեն անարդար է

05/11/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Դպրոցներում եւ միջնակարգ մասնագիտական հաստատություններում նվազագույն աշխատավարձը մոտ 19.500 դրամ է, իսկ առավելագույնը՝ 48.000: Երեւանի պետական համալսարանի դասախոսը ստանում է մոտ 65.000 դրամ (սրա փոքր մասն է բյուջեից ֆինանսավորվում), այն էլ, եթե գիտությունների թեկնածու է: Գյուղատնտեսական, ճարտարագիտական, մանկավարժական համալսարանների դասախոսների աշխատավարձերն ավելի ցածր են, իսկ, օրինակ, Ժողտնտեսության ինստիտուտը եւ Բժշկական համալսարանը փոքր-ինչ ավելի բարձր են գնահատում իրենց աշխատողների աշխատանքը: Ինչեւէ, մոտավորապես պատկերացրեցինք, թե պետության համար որակյալ մասնագետներ պատրաստող գիտնականներն ինչպես են վարձատրվում: Առողջապահական հիմնարկություններում նվազագույն աշխատավարձը 13.000 դրամ է, իհարկե, ըստ աշխատանքային ստաժի, պաշտոնի` այն բարձրանում է, բայց որքա՞ն:

2006թ. բյուջեի նախագիծը ենթադրում է պետական կառավարման մարմիններում աշխատողների աշխատավարձի 20%-ով աճ, ԱԳՆ դիվանագիտական ծառայողների վարձատրության չափի 40%-ով բարձրացում, մանկավարժների, մշակութային գործիչների աշխատավարձերի աճ (այս բնագավառի աշխատակիցների վարձատրության չափը բյուջեում թվերով նշված չէ):

Այժմ տեսնենք, թե որքան են վարձատրվում պետական մեկ այլ կառույցի՝ կենտրոնական բանկի աշխատակիցները: Այսօր բանկի միջին աշխատավարձը 303 հազար դրամ է, իսկ հաջորդ տարվա բյուջեի նախագծով սահմանված է 337 հազար դրամ: Իհարկե, ողջունելի է, որ Հայաստանում պետական աշխատողն այդքան բարձր աշխատավարձ է ստանում, բայց չէ՞ որ մեկ ուրիշ բյուջետային աշխատավարձ դրա համեմատությամբ ոչինչ է: Դասախոսը տեսնում է, որ իր նախկին ուսանողը, իր պատրաստած կադրը` ավարտելուց հետո, նույն աղբյուրից ստանում է իրենից 5-6 անգամ բարձր աշխատավարձ: Իսկ ի՞նչ են անում ԿԲ աշխատողները: Համաձայն ենք, որակյալ մասնագետներ են պատրաստում բանկային համակարգի համար, բայց ի՞նչ գնով: Բնականաբար, բյուջեի հսկայական ծախսերի գնով, քանի որ ԿԲ-ն շահույթ չհետապնդող կառույց է, իսկ ինչպես վերջերս նշեց ԿԲ նախագահը, քանի դոլարն արժեզրկվում է, իրենք շահույթ չեն ստանա:

Պետական համակարգի աշխատավարձերի նման անհավասարությունը փորձենք մեկնաբանել այլ տեսանկյունից: Գուցե բյուջեն ենթադրում է, որ ԿԲ աշխատակիցները հնարավորություն չունե՞ն այլ աղբյուրներից եկամուտ ստանալ, իսկ պետական մյուս աշխատողներն ունե՞ն: Տեսականորեն մանկավարժներն ու պետական չինովնիկները կարող են կաշառք վերցնել: Իսկ շատերն էլ ստիպված են դա անել, կամ գուցե հանգամանքներն են պարտադրում: Այլ կերպ ասած, նման քաղաքականությամբ պետությունը խթանում է կոռուպցիայի աճին, ինչի դեմ ակտիվ «պայքարում» է: