Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Բաքու, որտեղից սկսվել է նրանց հերթական այցը տարածաշրջան: Երեկ միջնորդներն արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` այսօր համանախագահները հետեւելու են շփման գծի Աղդամի հատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից անցկացվելիք մոնիտորինգին, ապա հատելու են շփման գիծը: Մինսկի խմբի համանախագահները Երեւանում կլինեն հունիսի 9-ին: Նրանք հանդիպելու են նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ակնկալվում է, որ միջնորդները կլինեն նաեւ Ստեփանակերտում: Այցի շրջանակներում համանախագահները քննարկելու են, մասնավորապես, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումների նախապատրաստման հարցերը: Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Կազանում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: