Իշխանությունների հետ երկխոսություն սկսելու` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջարկը դեռեւս մնում է «մենախոսության» մակարդակում: Արդեն մի քանի օր է` իշխանությունները, ավելի կոնկրետ` ՀՀԿ գրեթե բոլոր հնարավոր ներկայացուցիչներն ուղղակիորեն հայտարարում են, որ իշխանությունը Կոնգրեսի հետ երկխոսելու պատվիրակություն կազմել չի պատրաստվում, անգամ նման հարց չի քննարկում: Եթե այսպես շարունակվի, առաջիկայում այդ մասին երեւի կսկսեն հայտարարել նույնիսկ ՀՀԿ-ական «ԺԷԿ-ի պետերը»: Այս մերժումներին ՀԱԿ-ի պատասխանը, մեղմ ասած, պարզունակ է` ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենք լուրջ կվերաբերվեն միայն անձամբ Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից լիազորված անձի մերժմանը: ՀԱԿ-ի կողմից այդ հարցում ներկայացվող փաստարկը, թե բոլոր որոշումները կայացվում են միանձնյա` Սերժ Սարգսյանի կողմից, հիմնավոր է այնքան, որքան հիմնավոր է նաեւ այն, որ ՀՀԿ-ական որեւէ տրամաչափի գործիչ ՀԱԿ-ի առաջարկած երկխոսության մասին ինքնուրույն որեւէ բառ չի կարող հայտարարել, մինչեւ դա համաձայնեցված չլինի իշխանության ամենավերին մակարդակի հետ: Հատկապես, որ այսօր իշխանական պատվիրակության կազմման հնարավորությունը բացառողները մի շաբաթ առաջ շատ ոգեւորված էին խոսում հնարավոր երկխոսության մասին: Այսինքն` իրականում Սերժ Սարգսյանը գոնե այսօր մերժում է Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկը, ինչն, իհարկե, չի բացառում, որ ինչ-որ պահի իշխանությունը կարող է ընդունել այն: Խնդիրն այն է, որ ՀԱԿ-ը հայտնվել է Ս. Սարգսյանի խոսքին սպասողի վիճակում եւ, ըստ էության, ապավինում է նրան, որ, ի վերջո, այդ երկխոսությունը կկայանա: Հակառակ պարագայում, ՀԱԿ-ն արդեն գոնե հրապարակած կլիներ այն քայլերը, որոնք պատրաստվում է իրականացնել նաեւ Ս. Սարգսյանի կողմից մերժման արժանանալու դեպքում: Ակնհայտ է, որ այս իրավիճակում Ս. Սարգսյանը կարող է հավելյալ պայմաններ (ոչ հրապարակային) առաջադրել ՀԱԿ-ին` երկխոսությանը համաձայնելու դիմաց: Ի դեպ, դժվար է հավատալ, որ Լ. Տեր-Պետրոսյանը կհրապարակեր ՀԱԿ բանագնացների կազմը, եթե համոզված չլիներ, որ իշխանությունը եւս դիմելու է այդ քայլին:
Իսկ դա նշանակում է, որ անցած մի քանի օրերին կամ ինչ-որ բան է փոխվել, կամ իշխանությունը պարզապես ըմբոշխնում է ՀԱԿ-ի հետ «իրավահավասարության հաճույքը»: