Էրեբունի համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Մհեր Սեդրակյանը երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում հաստատել է այն լուրը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ցանկանում է այդ համայնքում առաջադրել իր թեկնածությունը: «Ես մտադրություն ունեմ, տեսնենք: Կխորհրդակցեմ, կորոշեմ` կասեմ»,- ասել է նա եւ ավելացրել, որ Էրեբունի համայնքում այնքան մեծ շրջապատ, ընկերներ, վստահություն եւ հեղինակություն ունի, որ առաջադրվելու դեպքում անպայման կհաղթի: Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն այդ տարածքում պաշտպանի մեկ ուրիշի թեկնածությունը: «Եթե որոշեցի ու իմ թեկնածությունը դրեցի, ով ուզում է թող գա ինձ հետ մրցելու: Եթե իրենք վստահ են, որ գոնե մի փոքր հարգանք ունեն, թող գան մրցեն, կտեսնեն, թե ի՞նչ կլինի: Ով ուզում է լինի: Եթե ես առաջադրվեմ` ՀՀԿ-ն ուրիշ մարդ չի դնի, եւ դա բնական է»,- ասել է Մ. Սեդրակյանը: