Մերժումը` միայն Սերժ Սարգսյանից

06/06/2011

Երեկ ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը հաղորդագրություն է տարածել, որում ՀՀԿ-ի անունից պատրաստակամություն է հայտնել ԱԺ-ում հնչեցնել Հայ ազգային կոնգրեսի բոլոր առաջարկները եւ պաշտպանել դրանք:

«Մենք միշտ ողջունել ենք ու շարունակում ենք ողջունել առկա խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու ճանապարհով առաջ շարժվելու գործելաոճը: Անշուշտ գոհացուցիչ է, որ արդեն բավական ժամանակ է` երկխոսություն է ընթանում նաեւ արտախորհրդարանական ընդդիմության հետ, ընթանում է բաց, հրապարակավ, բոլորի աչքի առջեւ, ինչի դրական արդյունքներն էլ ակնհայտ են: Եվ այսօր ունենք մի իրավիճակ, երբ մեր երկրում առկա ամենատարբեր խնդիրների լուծման գործընթացում լայնորեն կարող են հաշվի առնվել նաեւ արտախորհրդարանական ընդդիմության տեսակետներն ու առաջարկները: Կարծում եմ, որ նման դրական զարգացումներն ու ստեղծված միջավայրը պետք է կարողանանք պահպանել, ինչի համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր, բոլոր կողմերի ցանկություն:

Կողմերը պետք է կարողանան անընդհատ եւ ամեն քայլում կառուցողական լինել, իրենց քայլերով գործընթացը փակուղի չտանել: Արտահերթ ընտրությունների առաջարկը որքան անհիմն է, այնքան էլ վնասակար` սկսված դրական զարգացումներն արգելակելու տեսանկյունից: Ընդդիմադիր դաշտի մոնոպոլիստի դիրքերից ոչ մի տեղ չտանող առաջարկություններով հանդես գալով` չեմ կարծում, թե ՀԱԿ-ը կկարողանա դրական ներդրում ունենալ մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում: Իշխանությունն իսկապես կառուցողական է տրամադրված եւ նույնն իրավունք ունի նաեւ ակնկալել ՀԱԿ-ից: Տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհաքաղաքական կամ ցանկացած այլ ոլորտի` ՀԱԿ-ի բոլոր առաջարկները, քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն, Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են շահագրգիռ քննարկման եւ համատեղ լուծումների: Ավելին ասեմ, ՀԱԿ-ի` որպես արտախորհրդարանական ընդդիմության, բոլոր այն առաջարկները, որոնք, իրատեսական լինելով, կօգնեն մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթեւացնելու գործին եւ կպահանջեն օրենսդրական լուծումներ, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է նրանց անունից դրանք հնչեցնելու ու պաշտպանելու Ազգային ժողովում»,- նշված է Շարմազանովի հայտարարության մեջ: Այսպիսով իշխանություններն` ի դեմս ՀՀԿ-ի, պաշտոնապես հայտարարում են, որ ՀԱԿ-ի հետ երկխոսություն իրականացնելու համար առանձին պատվիրակություն չեն կազմելու: Այդ միտքը երեկ իրար հետեւից հրավիրված ասուլիսներում կրկնել են բազմաթիվ ՀՀԿ-ականներ: «Պատվիրակություն ստեղծելու հարց Հանրապետականի օրակարգում չկա եւ անգամ քննարկման ենթակա չէ»,- ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ավելացնելով, որ ՀՀԿ-ն ունի իր գործադիր մարմնի կառույցները, իր խորհուրդը եւ պատրաստ է այդ մակարդակով երկխոսել: «Բայց, որ առանձին պատվիրակություն կազմեն` դա ուղղակի ծիծաղելի է: Հայ ազգային կոնգրեսն ասում է` «մենք 5 հոգով ենք ուզում առաջարկություններ անել», մենք էլ ասում ենք` «պատրաստ ենք, մենք ունենք մեր գործադիր կառույցները, խնդրեմ, ե՞րբ եք ուզում, ո՞ր ժամին եք ուզում: Եթե ասեն` հինգշաբթի օրը ժամը յոթին, կնայենք` էդ օրը եթե հարմար չի, կասենք` կլինի՞ էս օրը, մի բան կպայմանավորվենք, կհանդիպենք»,- ասել է նա: ՀԱԿ-ը, սակայն, այս հայտարարությունները լուրջ չի ընդունում եւ պատվիրակությունների ձեւաչափով երկխոսության առաջարկը մերժելու մասին ցանկանում է լսել կամ Սերժ Սարգսյանից, կամ նրա լիազոր ներկայացուցչից: «Եթե որեւէ պատասխան պետք է լուրջ ընդունենք. ապա դա պետք է լինի պատասխան Սերժ Սարգսյանի կողմից: Ասելով` երկխոսություն իշխանությունների հետ, մենք նկատի ունենք գործող իշխանություններին` ի դեմս Սերժ Սարգսյանի: Բայց մինչեւ այսօր իշխանություններից` ի դեմս Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից լիազորված որեւէ անձի, մենք որեւէ պատասխան չունենք»,- հայտարարել է ՀԱԿ համակարգող, ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` նշելով, թե ՀՀԿ փոխնախագահների եւ խոսնակի պաշտոնական հայտարարությունները ՀԱԿ-ը չի դիտարկում իբրեւ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից լիազորված անձանց տեսակետ: «Ազատություն» ռ/կ-ի այն հարցին, թե ՀԱԿ-ը դեռ որքա՞ն է պատրաստ սպասել երկխոսության շուրջ Սերժ Սարգսյանի պատասխանին, Լեւոն Զուրաբյանն ասել է. «Կներեք, մենք ոչինչ չենք սպասում: Լինելով մեր խոսքի տերը` մեր պատրաստակամություն ենք հայտնել երկխոսության համար: Երկխոսության համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը: Մեր կողմից այդ համաձայնությունը տրված է, եւ արված են գործնական քայլեր: Իշխանությունների կողմից դեռեւս համաձայնություն չի տրված, եւ չկան գործնական քայլեր: Եթե նրանք ցանկանում են, ապա այդ երկխոսությունը կկայանա, եթե ոչ` ուրեմն չի կայանա»: