Պահը կգա՝ կարտահայտվեմ

06/06/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Սեդրակյան, ճի՞շտ են տարածված այն լուրերը, որ Դուք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մտադիր եք Էրեբունի համայնքում առաջադրել Ձեր թեկնածությունը:

– Ես առաջադրվելու մտադրություն ունեմ, բայց դեռ չասենք, էլի… Տեսնենք, կարող է հանկարծ մարդիկ լինեն` չցանկանան, որ առաջադրվեմ:

– Ովքե՞ր:

– Պետք է խոսեմ կոսակցության ու ընկերներիս հետ:

– Ձեր տարածքում այժմ պատգամավորը Արմեն Պուրտոյանն է, միասի՞ն կառաջադրվեք: Նա էլ է ՀՀԿ անդամ:

– Երեւի ինքն է, այդպիսի պատգամավոր չեմ ճանաչում:

– Ասում էին նաեւ, որ Դուք ուզում էիք կուսակցություն բացել, որն ունենալու էր «Երեւանցիներ» անունը:

– Եղել է էդպիսի միտք, բայց միտքը լրիվ չենք բրթել առաջ: Չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել:

– Եթե քաղաքականությամբ չեք ուզում զբաղվել, ինչպե՞ս եք առաջադրվելու:

– Կառաջադրվեմ, ժողովրդի հետ կապված հարցեր, խնդիրներ են լինում` գոնե առաջ կքաշենք: Եթե մեկը կկաշկանդվի այդ հարցերը առաջ քաշելուց` ես չեմ կաշկանդվի: Ինչ իմ ժողովրդին պետք է` հաստատ կասեմ:

– Եթե որոշեք ակտիվ քաղաքականություն մտնել, միայնա՞կ կգործեք, թե՞ որեւէ կուսակցության հետ կհամագործակցեք:

– Ես ոչ մի կուսակցության հետ չեմ համագործակցի, իմ թիկունքին ժողովուրդն է կանգնած` համագործակցում ենք: Ես ունեմ լավ թիմ, Էրեբունի համայնքում ու ամբողջ քաղաքում ունեմ իմ թիմը, իմ համախոհները: Ինձ թվում է, որ դա հերիք է:

– Բայց Դուք ՀՀԿ անդամ եք:

– Երեւի անդամ եմ, ես էլ չգիտեմ, անդա՞մ եմ, թե՞ ոչ: Ոնց որ մի ժամանակ ՀՀԿ անդամ էի, հիմա չգիտեմ, իրենք ինձ կուսակցության անդամ ընդունո՞ւմ են, թե՞ ոչ:

– Եթե կուսակցություն բացեիք, ուրեմն պիտի ՀՀԿ-ից դուրս գայիք:

– Բնական է:

– Ովքե՞ր ազդեցություն ունեցան կուսակցություն չբացելու Ձեր որոշման վրա:

– Եթե ես կոնկրետ որոշեի, կանեի, բայց ըտեղ շատ խնդիրներ կան, հնարավոր է, որ ես չկարողանայի լուծել: Թեկուզ` ֆինանսական:

– Լրատվամիջոցները գրեցին, թե այդ կուսակցությունն ուզում էիք բացել Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ միասին:

– Ըտենց չի եղել, որ Գագիկ Բեգլարյանը մտածի կուսակցություն բացելու մասին: Դրանք ասեկոսեներ են:

– Կարո՞ղ է որոշեք դուրս գալ ՀՀԿ-ից:

– Եթե ուզենան, որ չլինեմ` չեմ լինի, ես ըտենց կուսակցական հակումներ չունեմ: Դարձել ենք, բայց որ ասեմ, թե ես էդպես խորացված եմ կուսակցական գաղափարների մեջ` ճիշտ չի լինի:

– Այդ դեպքում ինչո՞ւ եք անդամակցել:

– Բոլոր ընկերներս եղել են այդ կուսակցության անդամ, ես էլ եմ դարձել: Հետո աշխատել եմ, համայնքի ղեկավար եմ եղել, ինչ-որ կուսակցության մեջ պետք է մտնեի:

– Որոշ լրատվամիջոցներում ամիսներ առաջ հրապարակումներ եղան, թե Դուք Արգիշտի ռեստորանում «գողական սխոդկա» էիք կազմակերպել` մոտ 300 հոգով:

– Սուտ խոսակցություններ են: Իմ ծննդյան օրը պետք է նշեի, ես պիտի հարցնեի, թե ո՞ւմ հրավիրեմ, ո՞ւմ` ոչ, կամ` քանի՞ հոգու հրավիրեմ: Եթե որոշել եմ իմ ընկերներին հրավիրել հաց ուտելու, ումի՞ց պետք է թույլտվություն վերցնեմ: Խոսում են, էլի: «Գողական» ասողներն իրենք էլ չեն հասկանում, թե դա որն է: Մեկը կարող է փողոցում խուլիգանություն անի, ասեն` սա գողական է: Ամեն ինչ կապում են գողականի հետ:

Գողականը սխալ բաներ չի անում, փողոցում խուժանություն չի անում: Գողականին, երեւի, ավելի ճիշտ մարդ կարելի է համարել, քան շատ պաշտոնյաների:

– Ասում են, որ Դուք էլ եք գողական:

– Գողական հասկացողությունն ինձանից էնքա՜ն հեռու է, ես ընդամենը բարեգործ մարդ եմ: Էրեբունիում կամ Երեւանում ինձ բոլորը ճանաչում են իմ արած գործերով:

– Մշտապես հրապարակումներ են եղել, որ Դուք Էրեբունի համայնքում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ ապահովել եք իշխանությունների հաղթանակը: Եվ, որ առանց Ձեզ իշխանությունները չէին կարող հաղթել:

– Ապահովել եմ, բայց արդեն որոշել եմ թոշակի գնալ: Եթե որեւէ տեղ չեմ աշխատում, ուրեմն թոշակի եմ գնացել: Հիմա աշխատում ենք ամեն ինչից հեռու մնալ:

– Ընտրությունները մոտենում են, Էրեբունի համայնքում Ազգային ժողովի ընտրություններում ՀՀԿ-ի կամ նախագահական ընտրությունների դեպքում Սերժ Սարգսյանի համար նորից չե՞ք աշխատելու:

– ՀՀԿ-ի համար չեմ կարող ասել, բայց եթե Սերժ Սարգսյանը նորից գնաց ընտրության` ես նրան պարտավոր եմ օգնել:

– Ինչո՞ւ:

– Մեր մեջ լավ հարաբերություններ են եղել:

– Բայց նա նաեւ ՀՀԿ նախագահն է: Եվ եթե այդ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին վատ արդյունք ունեցավ, ապա դա ազդելու է նաեւ նախագահական ընտրությունների վրա:

– Ես առաջվա ուժն ու հնարավորությունը չունեմ: Տարիք է, մեծանում ենք, իմ հնարավորության սահմաններում ինչքան կարող եմ` էդքան կօգնեմ:

– Միշտ ասվում էր, որ իշխանությունների համար բոլոր ընտրությունների ժամանակ Դուք ընտրակեղծիքներ եք արել:

– Կեղծիքներ չեն եղել: Մարդիկ կան, որոնք այս համայնքում իմ դեմ պայքարել են, բայց աղվեսի դունչը որ խաղողին չի հասնում, ասում է` խակ է: Որոշ մարդիկ պաշտոններ են ունեցել, գործ են ունեցել, եւ պետք է իրենց ժողովրդին, իրենց ընկերությանը լավ վերաբերվեին, որ մարդիկ էլ իրենց հարգեին: Ժողովրդի համար ոչ մի բան չեն արել` հարգանք էլ չեն վայելել: Այսինքն` ապրել են այս կյանքը, դիրք են ունեցել, բայց հարգանք չեն ունեցել: Դրա համար ոչ մեկը նրանց ասածը չի լսում, չի անում: Իսկ ես, որ միշտ բոլորի կողքին կանգնած եմ եղել, իմ ընկերներն ու ժողովուրդն ինձ ընդունել են, հարգել են իմ խոսքը ու իմ ուզածով են արել: Ի՞նչ կեղծիքի մասին է խոսքը: Եթե մեկը ուզում է համոզվի, թող գա ինձ հետ թեկնածություն դնի, ապացուցեմ` ի՞նքն է կեղծիք անող, թե՞ ես: Տեսնենք` ո՞ւմ են ավելի շատ հարգում:

– Դուք նախագահ Սերժ Սարգսյանից նեղացա՞ծ եք:

– Ոչ:

– Իսկ մասնակցո՞ւմ եք ՀՀԿ խորհրդի նիստերին կամ կուսակցական այլ հավաքներին:

– Ես կուսակցական հավաքներին չեմ մասնակցում, քանի որ արդեն պաշտոն չունեմ: Ուղղակի կուսակցության անդամ եմ, չգիտեմ` խորհրդի անդա՞մ եմ, թե՞ ոչ: Չեմ նեղացել, բայց որոշել եմ գնալ ակտիվ հանգստի:

– Ասում էին, որ Դուք ուզում էիք նոր պաշտոն ստանալ, որը, սակայն, չտվեցին:

– Կուզենայի մի տեղ աշխատել, բայց եթե նպատակահարմար չեն գտնում, ես ասում եմ, որ արդեն թոշակի եմ գնացել, իմ արած գործն ի՞նչ պիտի լինի:

– Կարո՞ղ է դուրս գաք ՀՀԿ-ից:

– Եթե իրենք ուզեն, որ դուրս գամ, եթե ասեն, որ իրենց պետք չեմ` հաստատ դուրս կգամ: Բայց քանի որ իմ ընկերներն այդտեղ են, ես դուրս չեմ գա:

– Իսկ ե՞րբ եք ակտիվ գործունեություն ծավալելու:

– Ես դեռ կհարցնեմ` ԱԺ-ում պե՞տք եմ, թե՞ պետք չեմ, հետո նոր կորոշեմ անելիքս:

– Իշխանություններն ասում են, որ օլիգարխներին, գործարարներին այլեւս չեն բերելու խորհրդարան, եւ կբերեն օրինաստեղծ աշխատանքով զբաղվող մարդկանց:

– Մենք էլ օրենքներ կգրենք` մարդկային, գործնական օրենքներ: Ինձ թվում է, որ իմ պահվածքը բոլորի դուրը գալիս է: Եթե ես գնացի ԱԺ` կպահեմ իմ շահը, իմ ընկերների, իմ թաղի, իմ ժողովրդի, իմ քաղաքի շահը: Երեւանը ես համարում եմ իմ թաղը, ինձ բոլորը ճանաչում են եւ հարգում են այնքան, ինչքան ես կամ: Իսկ թե ես ինչքան կամ` ցույց կտան ընտրությունները: Երեւի աշնանը պարզ կլինի:

– Ասում են, որ Դուք նաեւ գողական խմբավորումներ եք ղեկավարում, ու որ Ձեր այդ կապերի հետ իշխանությունները հաշվի են նստում:

– Բայց ամենաուժեղ մաֆիոզը, ամենաուժեղ մաֆիան նույնիսկ ամենաթույլ պետության մոտ զրոյական է: Նույնիսկ ամենաթույլ պետությունը, եթե ուզենա, հաստատ կարող է պատժել ամենաուժեղ գողին, ավազակին, մաֆիոզին:

– Ուրեմն իշխանություններն ուզում են, որ երկրում նման խմբավորումներ լինեն:

– Մեր երկիրն ամենանորմալն է, մեր երկրում այդ կարգի բաներ չկան: Իսկ եթե ինձ հարգում են` դա ուրիշ խնդիր է: Եթե տարբեր կատեգորիաների, տարբեր մաստի մարդիկ հարգում են ինչ-որ մեկին, ուրեմն նա ահագին խելք ու ճիշտ պահվածք ունի:

– Ձեզ հարգո՞ւմ են:

– Ես այդ վերաբերմունքը տեսնում եմ ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանում ու Հայաստանից դուրս: Հլա թող գան ինձ հետ գնանք Եվրոպա, ո՞վ է ձեր ասած`հարգված, խելացի, գիտությունների թեկնածու ամենա-ամենան, կտեսնեն իմ հարգանքն ու իր հարգանքը: Մեկի անունը տվեք:

– Օրինակ` Տիգրան Սարգսյանը:

– Սարգսյան Տիգրանն ո՞վ է:

– Ձեր կուսակցության գործադիր մարմնի անդամն ու ՀՀ վարչապետը:

– Ես չգիտեմ, թե ո՞ւմ մասին է խոսքը, բայց ով ուզում է, թող գա` փորձենք: Տիգրան Սարգսյանին կարող է ընդունեն կառավարական մակարդակով` պաշտոնից ելնելով, իսկ ինձ` ժողովրդի մակարդակով: Ես իմ ազգի մասին եմ խոսում:

– Կարո՞ղ է մի օր Դուք էլ գնաք Հայաստանից:

– Հայաստանից գնալ չեմ պատրաստվում, իմ հայրենիքը երբեք չեմ լքի: Ամենավատ վիճակում էլ լինեմ` կլինեմ իմ ընկերների ու իմ ժողովրդի հետ:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ներքաղաքական վիճակը:

– Ճիշտն ասած` չեմ հասկանում, թե ի՞նչ է կատարվում, չեմ էլ հետաքրքրվում, որ մտնեմ դրա մեջ: Ես մի քիչ չեզոք գիծ եմ նախընտրում: Դեռ նայում եմ, որ տեսնեմ, թե ի՞նչ է կատարվում, որովհետեւ շատ անհասկանալի բաներ կան ինձ համար:

– Ի՞նչն է Ձեզ համար անհասկանալի:

– Շատ բաներ կան… Ավելի ճիշտ կլինի ասել` ամեն ինչ էլ լավ հասկանում եմ, բայց դեռ պահը չի եկել, որ արտահայտվեմ: