– Իշխանությունը, որ պատրաստակամություն էր հայտնում սեղմել իրեն մեկնած ցանկացած ձեռք, փաստորեն, հրաժարվեց սեղմել ՀԱԿ-ի կողմից իրենց մեկնած ձեռքը` հայտարարելով, որ իրենք մտադիր չեն բանագնացների խումբ կազմել: Արդյոք իշխանությունները մտավախություն չունե՞ն, որ դա կհանգեցնի տհաճ զարգացումների:
– Եթե ՀԱԿ-ը պատվիրակություն է կազմում, ապա կարելի էր ենթադրել, որ մինչ այդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման զգուշավոր եւ հաշվենկատ քաղաքական գործիչը պետք է որ նախօրոք համոզված լիներ, որ իշխանություններն իր այդ քայլն անպատասխան չեն թողնի եւ կձեւավորեն նմանատիպ պատվիրակություն: Այսինքն` ենթադրելի էր, որ եթե ոչ օրակարգը (քանի որ հայտնի է, որ այն վիճելի էր իշխանությունների համար), ապա գոնե ձեւաչափը նախօրոք համաձայնեցված է: Սակայն հանրահավաքի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը չբացառեց նաեւ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները կհամաձայնվեն քննարկել նաեւ իշխանության կողմից առաջարկվող օրակարգը` չխախտելով կողմերի իրավահավասարությունը: Եվ պետք է ենթադրեինք, որ գոնե այս հարցում փոխհամաձայնություն է տեղի ունեցել եւ նախապես ճշգրտվել է այն, որ ձեւաչափն ընդունելի է իշխանության համար: Որովհետեւ Լ. Տեր-Պետրոսյանի մակարդակի քաղաքական գործչի համար չափազանց ծանր է, երբ ինքը, ժողովրդի լեզվով ասած` բոբիկացավ մտավ ջուրը, այն դեպքում, երբ տվյալ երկխոսության համար գործընկեր դիտվող իշխանությունը մնաց չոր եւ նույնիսկ չի էլ մտածում այն մասին, որ այդ քայլին պարտավորված է տալու սիմետրիկ պատասխան: ՀԱԿ-ը իրենց լրատվամիջոցներից մեկում տպագրեց իշխանության կողմից նախատեսվող պատվիրակների հնարավոր կազմը, եւ սեփական հավելյալ հանդուրժողականության ապացույցն էր այն, որ ՀԱԿ-ն այդ բանակցություններին իշխանության կողմից դիտարկում էր նույնիսկ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի եւ իրենց կողմից բազում անգամներ դատափետված Խոսրով Հարությունյանի ու Վազգեն Մանուկյանի մասնակցությունը` դրանով իսկ ցույց տալով, որ ահա ՀԱԿ-ը նույնիսկ այդ աստիճան հանդուրժող է դարձել, որ ի դեմս իր ներկայացուցիչների` պատրաստ է սեղմել ԱԽՔ-ի, Խ. Հարությունյանի եւ Վ. Մանուկյանի աջերը: Ի դեպ, շատ հետաքրքիր էր, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ից որեւէ մեկին ցանկալի չէր համարել տեսնել այդ ցանկում: Այդ ցանկը փորձնական «շառ» էր, որը նետվեց: Դա ակնարկ էր Ս. Սարգսյանին, թե` ահա. ԲՀԿ-ին հանում ենք մեջտեղից` Ռոբերտ Քոչարյանի ստվերով հանդերձ, ստեղծում ենք, ինչպես Լյուդմիլա Հարությունյանն էր ասել` կլոր սեղան, եւ իշխանական ներուժը սահուն կերպով ներհոսում է այնտեղ: Իսկ հիմա, իհարկե, տհաճ կացություն է ստեղծվել ՀԱԿ ղեկավարության համար, որովհետեւ նրանք անընդհատ ընդգծում էին, որ իրենց կողմնակիցները կարող են հանգիստ լինել, եւ որ ՀԱԿ-ը, համենայնդեպս, հրապարակային նվաստացումից կկարողանա խուսափել: Իսկ այսօր խոսքը հենց այդպիսի հրապարակային նվաստացման մասին է, երբ, ըստ էության, հրապարակայնորեն նվաստացնում են ՀՀ առաջին նախագահին, ով երկարաշունչ ելույթ ունեցավ ու փորձեց հիմնավորել երկխոսության բարերար հեռանկարը` Հայաստանում նոր իրավիճակ ստեղծելու առումով:
– Իսկ ինչո՞ւ եք դա համարում նվաստացուցիչ, եւ ոչ, ասենք` քաղաքական խոհեմ գործչի կողմից կատարված քայլ, որը, ելնելով երկրում ստեղծված վիճակից, ձեռք մեկնեց, թելուզեւ այն մնաց անպատասխան:
– Ոչ, սա առաջին դեպքը չէ, եւ դա հասարակության կողմից կոպիտ սխալ կարող է դիտվել (եւ չի կարող չդիտվել), որովհետեւ, կրկնում եմ, նման մակարդակի քաղաքական գործիչը, ընդդիմության առաջնորդն իրավունք չունի հաշվենկատ չլինելու եւ սխալվելու իր կանխատեսումներում: Նմանատիպ սխալ էր նաեւ այն, որ 2008թ. Լ.Տեր-Պետրոսյանը նույնանման երկխոսության մեջ մտավ Արթուր Բաղդասարյանի հետ, նույնիսկ այցելեց նրա գրասենյակ` վայր իջնելով իր բարձրությունից, հնարավորություն տվեց նրան դիրքավորվելու համազգային հանրահավաքի բարձր հարթակում, այնտեղից ելույթ ունենալու, սեփական գինը Սերժ Սարգսյանի համար` բարձրացնելու, եւ դրանից հետո իր համար նպաստավոր պայմաններով Ս. Սարգսյանին ծախվելու: Իհարկե, այդ սխալը հաշվի առնելով` Լ. Տեր-Պետրոսյանը չպետք է հնարավորություն տար, որպեսզի իշխանությունը դիրքային հավելյալ օգուտներ քաղի: Իսկ իշխանությունն այդպիսի օգուտներ քաղել է: Եվ այն ժամանակահատվածում, երբ ժողովուրդը շունչը պահած սպասում էր հայկական գարնան գալստին, ըստ էության, ահա այդ հնարավորությունը վիժեցվեց, եւ դրա դիմաց ՀԱԿ-ը մտավ այսպիսի գործընթացի մեջ, որն ակնհայտորեն իշխանության համար արժեքավոր է ոչ թե որոշակի արդյունքների հանգելու տեսանկյունից, այլ` ինքնանպատակ ընթանալու: Ս. Սարգսյանը իր մարտի 11-ի հայտարարությամբ հավաստիքներ էր տվել հասարակությանը, որ մայիսի վերջում ժողովուրդն իր մաշկի վրա կզգա սոցիալական հոգսերի թեթեւացում, որ ֆանտաստիկ մակարդակի հասած լայն սպառման ապրանքների գները կնվազեն եւ նույնիսկ կվերադառնան այն մակարդակին, որը մինչ այս ահագնացող գնաճն է եղել: Մինչդեռ մայիսի վերջում հերթական գնաճն արձանագրվեց: Այդ թվում` բարձրացավ սուրճի գինը` այն միակ հյուրասիրության, որ մնացել է հայ ընտանիքների ձեռքի տակ: Այսինքն` այսօր արդեն բարձրացել է նաեւ ազգային հյուրասիրության գինը: Այս իրավիճակում Լ. Տեր-Պետրոսյանը միանգամայն ճիշտ էր, որ իշխանությունները ստիպված էին` հաշվի առնելով սոցիալական պայթյունի վտանգը, արձագանքել ՀԱԿ-ի երկխոսության մասին առաջարկին: Բայց ես իմ ելույթներով զգուշացնում էի ՀԱԿ-ին, որ իշխանությունները մտադիր են օրակարգի հարցով իրենց ներքաշել ճղճիմ քննարկումների մեջ եւ դրանով ժամանակ ձգել: Հիմա արդեն պարզ դարձավ, որ ոչ միայն օրակարգի, այլեւ ձեւաչափի քննարկման հարցով են փորձելու ժամանակ ձգել: Իմ կանխատեսումներով, իշխանություններն այսպես ժամանակը ձգելու են մինչեւ հունիսի վերջ: Գիտեք, որ հունիսի 22-24-ը Ստրասբուրգում ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջանում Ս. Սարգսյանը ելույթ է ունենալու: Նախատեսվում է, որ Ս. Սարգսյանն այնտեղ արժանանալու է եվրոպական կառույցների դրվատանքին այն բանի համար, որ համաձայնվել է երկխոսության, որ ազատ է արձակել քաղաքական հալածյալներին, եւ իշխանությանը ձեռնտու է հնարավորինս երկար ծամել-ծամծմել այս երկխոսության թեման` երկար-բարակ քննարկելով ինչպես օրակարգը, այնպես էլ ձեւաչափը: Իշխանությունների կողմից ավելի ազնիվ կլիներ, եթե նրանք ՀԱԿ-ի առջեւ խնդիր դնեին (քանի որ երկխոսություն է նախատեսում ՀԱԿ-ը)` վերադառնալ Երեւան քաղաքի ավագանի, վերցնել մանդատներն ու պաշտպանել երեւանցիների արմատական շահերն ու հետաքրքրությունները: Սա ավելի ազնիվ կլիներ: Այդպիսի պահանջն ընկալելի կլիներ, որովհետեւ, եթե ՀԱԿ-ը երկխոսություն է առաջարկում, ուրեմն` պետք է հրաժարվի բոյկոտից: Բայց իշխանությունն, ըստ էության, ընտրել է Կոնգրեսին նվաստացնելու ճանապարհը, եւ դա, ավաղ, իշխանությանը հաջողվում է:
– Չե՞ք կարծում, որ դա նոր սրացումների պատճառ կդառնա, եւ ժողովուրդը չի հանդուրժի այդ «նվաստացումը»:
– Երբ մամուլում սկսեց քննարկվել այս երկխոսության թեման, Ստեփան Դեմիրճյանը, հետեւելով իր հոր` լուսահոգի Կարեն Դեմիրճյանի գործելակերպին, ինձ հետ այդ հարցի վերաբերյալ խորհրդակցեց: Ես ասացի, որ իշխանությունները փորձելու են այս երկխոսությունը նմանեցնել ԼՂՀ հարցի լուծման շուրջ ընթացող բանակցությունների մեթոդաբանությանը: Այսինքն, ինչպես ասել է Բերնշտեյնը, գործընթացն ամեն ինչ է, վերջնական նպատակը` ոչինչ: Ինչպես ԼՂՀ շուրջ ընթացող բանակցություններում կարեւորը պրոցեսն է, այն չընդհատվելու եւ շարունակական լինելու հանգամանքն է, նույնն էլ լինելու է այս դեպքում: Որովհետեւ ինքը` գործընթացը, հնարավորություն է տալու խուսափել առճակատումից: Ես Ս. Դեմիրճյանին ասացի, որ Սերժ Սարգսյանը նույն տրամաբանությամբ է գործելու ներքաղաքական երկխոսության հարցում: Ինչպես Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցով Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններում այդ իրավիճակից օգտվում է այն կողմը, որը շահագրգռված է պահպանել ստատուս-քվոն, այնպես էլ այս երկխոսությունից օգտվելու է Սերժ Սարգսյանը, ով ձգտում է պահպանել ներքաղաքական ստատուս-քվոն եւ վերարտադրվել մոտալուտ հերթական ընտրությունների միջոցով: Չէ՞ որ երկու դեպքերում էլ կողմերը համաձայն են երկխոսել, չնայած երկխոսության օրակարգի եւ նպատակների հարցում ունեն հակադիր դիրքորոշումներ: Ս. Դեմիրճյանն ասաց` այդպես չի կարող լինել, այդ համեմատությունը տեղին չէ: Հանրահավաքի ժամանակ, երբ Լ. Տեր-Պետրոսյանը հեռացավ իր գրավոր տեքստից եւ այդ անալոգիան ինքն անցկացրեց, ես հիշեցի իմ նախազգուշացումը Ստեփանին, ով բացառում էր դա: Տեր-Պետրոսյանն այդ անալոգիան անցկացնելով ցույց տվեց, որ ինքը կարծես պատրաստ է եւ համաձայն է այդ կարգի երկխոսության: Եթե ինքն է օգտագործում այդ անալոգիան` ասելով, թե ինչո՞ւ չպետք է երկխոսենք, եթե նույնիսկ հակադիր ակնկալիքներ ու մոտեցումներ ունենք, եւ ինքը` գործընթացը հնարավորություն է տալիս խուսափել առճակատումից: Այսինքն` դա ցույց է տալիս, որ Լ. Տեր-Պետրոսյանը ոչ միայն պատրաստ է, այլեւ տեղյակ էր, որ այսպես կարող է լինել: Եվ այստեղ է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես է իշխանությունը կարողանում իր համար չափազանց ծանր վիճակում լուծել իր առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրը: Երկխոսության հնարավորության մեջ ներքաշելով ընդդիմությանը` իշխանությունը հաղթահարել է քաղաքական ճգնաժամը` չհաղթահարելով սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Այստեղ է, որ երրորդ կողմը` ժողովուրդը, իր բազմաթիվ պրոբլեմներով, ամենեւին էլ ոգեւորված չէ այս երկխոսության հեռանկարով, եւ ակնկալում է իր առջեւ ծառացած սոցիալական խնդիրների լուծումը: Ժողովրդի վարքագիծը չի կարող այդքան պարզունակ լինել, ինչպես ասում է Լ. Տեր-Պետրոսյանը, թե` ջրբաժանը միշտ էլ կա ու կա: Որովհետեւ այս անգամ ջրբաժանը կանցնի արդեն ոչ թե իշխանության եւ ընդդիմության միջեւ, այլ մի կողմից` անպտուղ երկխոսողների, եւ մյուս կողմից` ժողովրդի միջեւ: Այո, ժողովրդի` ընդդիմությանը հետեւելու պատրաստակամությունը կարող է հարվածի տակ հայտնվել, քանի որ չի իրականանում երկխոսության միջոցով արդյունքի հասնելու հանրությանը տրված խոստումը: Իշխանություններն, ըստ էության, փորձում են հենց այս դաշտում նվաստացնել ՀԱԿ-ին` ցույց տալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը արդեն շախմատային դեբյուտում ստացավ «մանկական մատ»:
– Իսկ ինչո՞ւ Ս. Սարգսյանը չհամաձայնեց ընդդիմության հետ կլոր սեղանի ձեւաչափ ստեղծել:
– Լ. Տեր-Պետրոսյանը ցանկանում է եռանկյունու երրորդ կողմին` Ռոբերտ Քոչարյանին մեջտեղից հանել, բայց Ս. Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ ինքը շահեկան վիճակում է, եւ իրեն հաջողվում է մեկին մյուսով հակակշռել` Լ. Տեր-Պետրոսյանին Ռ. Քոչարյանով եւ` հակառակը: Դրա համար ո՛չ Լ. Տեր-Պետրոսյանի` Ռ. Քոչարյանին հեռացնելու մասին առաջարկն է իր համար ընդունելի, ո՛չ էլ ընդունելի է Ռ. Քոչարյանի հասկանալի շահագրգռվածությունը, որ մեջտեղից դուրս գա Լ. Տեր-Պետրոսյանը: Իհարկե, Ս. Սարգսյանն իշխանական սուր բնազդ ունի, որը գալիս է նրա փորձառությունից, եւ նա լավ հասկանում է, որ` ձգտելով Ռ. Քոչարյանի գործոնը բացառել, Լ. Տեր-Պետրոսյանը փորձում է իր համար նպաստավոր պայմաններ ստեղծել իշխանությունը վերցնելու համար, որը Ս. Սարգսյանի ձեռքում է: Ս. Սարգսյանի համար չափազանց շահեկան է, երբ Լ. Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնում խաղալու ոչ թե իր սեփական խաղը, այլ` հենց Սերժ Սարգսյանի խաղը: Հաշվարկելով այդ իրողությունը, Տեր-Պետրոսյանը, փաստորեն, առաջարկում է Սերժ Սարգսյանին` ուժեղացնել իր գործոնը եւ հակադրել Ռ. Քոչարյանին` մեջտեղից հանելով ԲՀԿ-ին: Այսինքն` Լ. Տեր-Պետրոսյանը Ս. Սարգսյանի խաղում «ֆերզի» դերակատարություն ստանձնելու բացահայտ պատրաստակամություն է ցուցաբերում, ակնարկելով, որ «ֆերզը» երբեք թագավոր չի կարող դառնալ: Սակայն Սերժ Սարգսյանն այն միամիտը չէ, որ չհասկանա. քաղաքական շախմատը, ի տարբերություն սովորականի, ունի իր առանձնահատկությունները…