Լավատեսությունը լավ բան է

06/06/2011

Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ վերջին ամիսներին գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքները շուտով նկատելի կլինեն: «Պետության քայլերը դրական եմ համարում: Իհարկե, դրանք բավարար չեն, սակայն ձեռնարկված միջոցառումները միանշանակ իրենց դրական արդյունքը կունենան»,- ասել է Գ.Պետրոսյանը: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի աջակցությանը, նա հատկապես կարեւորել է պետության կողմից ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի տրամադրումը, ինչպես նաեւ՝ դրական է համարել գյուղատնտեսական տեխնիկայի, պարարտանյութերի, սերմերի, թունաքիմիկատների ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատելը` նշելով, որ այն լրացուցիչ խթան է այդ ոլորտի զարգացման համար։ Սակայն կառավարության կողմից գյուղատնտեսության զարգացմանն ուղղված կարեւորագույն քայլերի թվում գյուղատնտեսը մոռացել է նշել հողերն աղոթելը եւ գյուղացիների համար կով կթելու մասին տեսական դասընթացները։