«ԵվրԱզԵս»-ի Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը նախօրեին Կիեւում հայտարարել է, որ հնարավոր է Հայաստանը 400 մլն դոլար վարկ ստանա «ԵվրԱզԵս»-ի Հակաճգնաժամային ֆոնդից։ Նա նշել է, որ այդ հարցը կքննարկվի առաջիկա ամիսների ընթացքում` Հակաճգնաժամային ֆոնդի խորհրդի հաջորդ նիստում: ՌԴ ֆինանսների նախարարը լրագրողներին հայտնել է, որ վարկը կուղղվի հայկական տնտեսության մի շարք ճյուղերի վերակառուցմանը, եւ նշել, որ իրենք մի քանի պայմաններ են որոշել, որոնք անհրաժեշտ են այդ վարկի տրամադրման համար։ Ինչպես հաղորդում է tert.am-ը, «ԵվրԱզԷՍ»-ի վարկային միջոցներն ուղղվելու են «Նաիրիտին», որ որպես ձեռնարկություն հայտ է ներկայացրել հիմնադրամին։ «Նաիրիտի» հայտը քննարկման ընթացքում է: Չի բացառվում, որ ծրագրի շրջանակը լայնանա, եւ ելնելով «Նաիրիտի» գործունեության բնույթից, ընդգրկի քիմիական արդյունաբերության ավելի լայն շրջանակ, քան «Նաիրիտն» է: Այդ դեպքում չի բացառվում, որ վարկը տրամադրվի ոչ թե անմիջապես «Նաիրիտ» ընկերությանը, այլ միջնորդավորվի ՀՀ կառավարության միջոցով, քանի որ այդ դեպքում էապես կբարելավվեն վարկի պայմանները»,- tert.am-ին տեղեկացրել են ՀՀ Ֆինանսների նախարարությունից եւ ավելացրել, որ քննարկման փուլում են նաեւ վարկի չափը, ուղղությունը եւ պայմանները: Օրերս հայտարարվել է «2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման եւ վերակառուցման» ծրագրի կատարման օպերատորի միջազգային մրցույթ։ «2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման եւ վերակառուցման» ծրագրի երկու փուլերի համար ընդհանուր առմամբ ներդրումների ծավալը գնահատված է $512.26 մլն։ Ծրագրում գրված է. «Զարգացման ծրագրի նախագծերի իրականացման համար գործարանը ԱՊՀ Միջպետական բանկի հետ համատեղ աշխատանքներ է տանում ներդրողների եւ վարկատուների հետ, ինչն անհնար է առանց ներդրումային նախագծերի սեփական մասնակի աղբյուրների ստեղծման եւ ընկերության պարտքային ծանրաբեռնվածության մաքրման: Արտաքին աղբյուրներից միջոցները ներգրավվում են 15 տարի մարման ժամկետով, LIBOR + 1% տոկոսադրույքով»։