Բանկային մանիպուլյացիաների գաղտնիքը

06/06/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Պարզվում է՝ Հայաստանի բանկային համակարգն այնքան է զարգացել, մրցակցությունն այնպես է թեժացել, որ առեւտրային բանկերն իրար մեջ իսկական գնային պատերազմ են սկսել՝ մեկը մյուսի ետեւից իջեցնելով տոկոսադրույքը։ Նրանք դա անում են վարկառուներ ներգրավելու համար։ Սա ոչ թե մեր կարծիքն է, այլ այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի «ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2011-13 թթ.» հրապարակման մեջ։

Այդ հետազոտության 2010թ. ֆինանսաբանկային հատվածի զարգացումներին վերաբերող բաժնում կարող եք կարդալ. «Բանկային համակարգում մրցակցության խորացում. ընդ որում, մրցակցության խորացումը հիմնականում գնային պատերազմի տեսքով է ի հայտ եկել, ինչն էլ հանգեցրել է առաջին հերթին կորպորատիվ բանկային ծառայությունների մարժաների կրճատման: Բանկերը ստիպված են եղել նվազեցնել իրենց խոշոր վարկառուների գործող տոկոսադրույքները, քանի որ նրանք առավել բարենպաստ պայմաններով վարկավորման աղբյուրներ կարող էին գտնել շուկայում»։

Շարունակելով այս միտքը՝ հրապարակման հեղինակները նշել են, որ 2010թ. նկատվել է տոկոսային մարժայի կրճատում (այսինքն՝ բանկի շահույթի նվազում)։ «Տնտեսության իրական հատվածում առկա ճգնաժամի հետեւանքով բանկերը չեն կարողացել բարձրացնել վարկավորման տոկոսադրույքները: Միաժամանակ ավանդների տոկոսադրույքների (առավելապես դրամային ավանդների) համեմատաբար բարձր մակարդակը հանգեցրել է տոկոսային մարժայի կրճատման»: Բացի այդ, ըստ ԿԲ-ի, տոկոսային մարժայի կրճատմանը նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ որոշ բանկեր օգտվել են օտարերկրյա էժան ռեսուրսների ներգրավման հնարավորությունից, ինչը լուրջ մրցակցային պայքար է ստեղծել եւ ստիպել բանկերին ավելցուկային իրացվելի միջոցների տեղաբաշխման նպատակով իջեցնել վարկավորման տոկոսադրույքները եւ կրճատել տոկոսային մարժան:

Նախ՝ այս նախադասությունների մեջ միանգամից աչք է ծակում «տնտեսության իրական հատվածում առկա ճգնաժամ» արտահայտությունը։ Որքան հիշում ենք, 2010թ. սկզբին արդեն մեր պաշտոնյաները խոսում էին այն մասին, որ ճգնաժամը հաղթահարել ենք։ Իսկ 2010թ. վերջին, երբ նախատեսված 1.2%-ի փոխարեն ունեցանք 2.6% տնտեսական աճ, ոգեւորությունը հասավ գագաթնակետին։ Իսկ հիմա ստացվում է, որ նախորդ տարի մեր տնտեսությունը եղել է ճգնաժամային վիճակում։ Այս ամենը առավել անհասկանալի է դառնում, երբ հիշում ենք, որ ճգնաժամի հաղթահարման մասին խոսող առաջիններից մեկը Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանն էր, ով այժմ նույն ԿԲ խորհրդի անդամ է։

Ինչեւէ, վերադառնանք «գնային պատերազմներին»։ Միանգամից նշենք, որ դա խիստ չափազանցված ձեւակերպում է։ Այդ մասին նշում են ոչ միայն փորձագետները, այլեւ բանկային համակարգի մեր աղբյուրները։ Փորձենք հիմնավորել։

Նախ՝ բանկային համակարգն իրոք առանձնանում է մյուս ոլորտներից՝ աշխատակիցների բարձր որակավորմամբ եւ պրոֆեսիոնալիզմով։ Նույն ԿԲ հրապարակման մեջ ՀՀ առեւտրային բանկերի SWOT (ուժող եւ թույլ կողմերի) վերլուծության մեջ որպես ուժեղ կողմ` նշվում է` «որակյալ կադրերի առկայություն/պրոֆեսիոնալ ներուժ»։ Բարձր պրոֆեսիոնալիզմով աչքի են ընկնում հատկապես բանկի ղեկավարները։ Նրանցից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է, որ գնային պատերազմում ոչ ոք չի շահելու, իսկ ամենամեծ հավանականությամբ՝ կորցնելու են բոլորը։

Երկրորդ՝ եթե անգամ որեւէ մեկը փորձի արկածախնդրությամբ զբաղվել, ապա հնարավոր է` մյուս բանկերը կոնսոլիդացված պատերազմ սկսեն նրա դեմ։ Երեւի բոլորը կհամաձայնեն, որ բանկային համակարգն այսօր Հայաստանի, թերեւս, ամենակայացած ու կազմակերպված մեխանիզմն է։ Այսինքն՝ միջբանկային գործառնությունները, բանկիրների ներքին հանդիպումներն ու միջոցառումները, շատ ակտիվ են ընթանում, իսկ բանկերի միությունը ձեւական կառույց չէ, այլ իրոք ինչ-որ չափով փորձում է ձեւավորել հստակ խաղի կանոններ եւ հետեւել, որ բանկերը դրանց հետեւեն։

Երրորդ՝ մեր բանկերն այսօր ինքնակամ տրվել են «անգյալության»։ Նրանք ՀՀ ֆինանսական համակարգում գտել են իրենց «մասնաբաժինը» եւ վերածվել են «տոկոսով փող տվողների» ու մանր-մունր ծառայություններ մատուցողների։ Չնայած օրը հազար անգամ բանկերից յուրաքանչյուրը գովազդներով մեզ փորձում է համոզել, որ ինքն ուրիշ է, ինքը տարբերվում է մյուսներից, ինքն անհամեմատ ավելի լավ պայմաններով է աշխատում եւ այլն, իրականում առեւտրային բանկերն իրենց գործունեության մեջ գրեթե ոչ մի բանով իրարից չեն տարբերվում։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, մեջբերենք վերը նշված SWOT վերլուծությունը, որտեղ թույլ կողմերի ցանկում կարող ենք կարդալ` «Ծառայությունների տեսականիի անբավարար մակարդակ», «Մրցակիցներից քիչ տարբերում»։ Նրանցից ոչ մեկին ավելորդ գլխացավանք պետք չէ, ինչպես ասում էր հայտնի մուլտֆիլմի հերոսը՝ Հայիթի, Հայիթի… մենք այստեղ էլ վատ չենք ապրում։

Նշենք եւս մի գործոն, որը դասական իմաստով պետք է դեր չխաղար, սակայն հայաստանյան իրականության մեջ շատ մեծ դեր է խաղում։ Բանն այն է, որ հայկական բանկերի ստվար մասը պատկանում է տեղական օլիգարխներին։ Ավելին՝ կարելի է ասել, որ բացի օտարերկրյա բանկերից, մնացած բոլորում մեր օլիգարխները 100%-անոց կամ մասնակի բաժնեմաս ունեն։ Այնպիսի տպավորություն է, որ նրանցից յուրաքանչյուրը «ձեռքի հետ» ստեղծել է իր սեփական բանկը։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ մեր օլիգարխները գնային պատերազմներ հայտարարում են ոչ թե մեկը մյուսին, այլ բոլորը միասին՝ ընդդեմ սպառողների։ Որպես վառ օրինակ` նշենք բենզինի շուկան, որտեղ երբեք գնային պատերազմի ականատես չեղանք, եւ որեւէ մեկը սպառողներին գրավելու համար չփորձեց էժանացնել վառելիքը։ Իսկապես, ի՞նչ իմաստ ունի այդպես վարվել, եթե հակառակն անելով՝ նախանձելի համերաշխությամբ գինը բարձրացնելով, կարելի է շատ ավելի մեծ գումարներ աշխատել։

Եվ վերջապես անդրադառնանք վարկերին եւ դրանց տոկոսներին։ Երեւի բոլորս էլ արդեն հասցրել ենք հոգնել հետեւյալ բնույթի գովազդներից՝ վարկեր` սկսած 12% տոկոսադրույքից, 10% տոկոսադրույքից, վարկի ձեւակերպումը տեւում է ընդամենը 5 օր, 2 օր կամ ընդամենը 1 օր։ Նախ` նշենք, որ հայաստանյան իրականության մեջ ոչ մի բանկ 10 օրից պակաս ժամկետում չի վարկավորում, անգամ` եթե դիմողը իր հավատարիմ հաճախորդն է եւ ունի անթերի վարկային պատմություն։

Սակայն տոկոսադրույքների պատմությունն ավելի հետաքրքիր է։ «Սկսած X տոկոսից» արտահայտության մեջ շանսը գրեթե զրոյական է, որ հասարակ մահկանացուն կարող է ստանալ վարկը հենց նվազագույն X տոկոսով։ Բանկ այցելելուց հետո պարզվում է, որ այդ տոկոսադրույքով վարկ ստանալու համար դուք պետք է բավարարեք աշխարհի ամենախիստ ֆինանսական պահանջները։ Սովորաբար վարկն առաջարկվում է այդ X տոկոսից 3-4 տոկոսային կետով բարձր տոկոսադրույքով։ Այսինքն, եթե գովազդում լսել եք` «սկսած 12%-ից», ամենայն հավանականությամբ, վարկը կստանաք 15-16% տարեկան տոկոսադրույքով։ Սակայն սա դեռ ամենը չէ։

Վարկի հաստատման դեպքում մեր առեւտրային գրեթե բոլոր բանկերը, զանազան պատրվակներով (կոմիսիոն վճար կամ հայտի կազմման վճար), գանձում են վարկի գումարի 3%-ի չափ գումար։ Այսինքն՝ եթե դուք ստացել եք 1 միլիոն դրամի վարկ, ձեր հաշվին իրականում նստում է 970 հազար դրամ։ Իսկ եթե պահանջվում է նաեւ գրավ՝ հատկապես անշարժ գույքի տեսքով, ապա դուք պետք է մի քանի տասնյակ հազար դրամ առանձնացնեք, որպեսզի վճարեք անշարժ գույքը գնահատողին (որն իբր անկախ է, սակայն բանկի հետ ուղղակի կամ անուղղակի կապված ընկերություն), կադաստրին, նոտարին եւ այլն։ Բանկն իր վրա չի վերցնում այդ ծախսերը։ Արդյունքում պարզվում է, որ դուք վերը նշված 1 միլիոնի փոխարեն` փաստացի ստացել եք 900 հազար դրամ կամ ավելի քիչ։ Սակայն բանկային տոկոսադրույքը հաշվարկվում է 1 միլիոնի համար։ Ստացվում է, որ ձեզ համար փաստացի տոկոսադրույքը մի քանի տոկոսային կետով բարձր է, քան ձեր վարկային պայմանագրում նշված է։

Նշենք, որ այս «փաստացի տոկոսադրույք» ասվածը ինչ-որ վերացական բան չէ։ Այն շատ կարեւոր է առաջին հերթին հենց իրենց՝ առեւտրային բանկերի համար, երբ նրանք վերլուծում են շուկայի իրենց մրցակիցների գործունեությունը։ Եթե սովորական այցելուն հարցնի վարկային մասնագետին, թե որքա՞ն է կազմելու փաստացի տոկոսադրույքը, ապա վերջինս շատ անհարմար վիճակի մեջ կարող է ընկնել, սակայն հարցին չի պատասխանի։ Մինչեւ ամբողջ պրոցեսի միջով չանցնեք՝ չեք իմանա ձեր վերցրած վարկի իրական գինը։ Այդուհանդերձ, շուկային ծանոթ եւ բանկային համակարգում աշխատողները մասնավոր զրույցներում նշում են, որ փաստացի տոկոսադրույքը գրեթե բոլոր բանկերում նույնն է եւ գերազանցում է հայտարարվող տոկոսադրույքը 6-7 տոկոսային կետով։

Այսքանից հետո ինչպե՞ս հավատանք, որ բանկերը միմյանց հետ պատերազմելու լուրջ շարժառիթներ կարող են ունենալ։