Պաշտոնական լրատվությունը երկար ցանկով ներկայացնում է այն առավելությունները, որոնք այս փուլում ունի Հայաստանն իր հարեւանների` Վրաստանի եւ Ադրբեջանի հանդեպ: Առավելություն առաջին` մենք ունենք միասնական ընդդիմություն: Առավելություն երկրորդ` իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների նոր` քաղաքակիրթ փուլ ենք թեւակոխել: Առավելություն երրորդ (եւ փոքր-ինչ կասկածելի)` Դովիլում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը բխում է Հայաստանի եւ, նկատենք, հատկապե՛ս Հայաստանի շահերից: Մենք ունենք նաեւ բարոյական առավելություն. Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն առանց զգացմունքների ընդունելու համար հեռուստատեսության արխիվում կան նաեւ համապատասխան կադրեր` աղջամուղջ է. ՀՀ նախագահը` զինվորական համազգեստով, նախազգուշացնում է հնարավոր հակառակորդին` մեր հաջորդ հարվածը կլինի կործանարար եւ վերջնական: Ավելի լավ չես ասի:
Սակայն նույն նախագահն իր վերջին Ուղերձում, ի դեպ, պաշտոնավարության երրորդ տարում, նկատել էր, որ «Ուժեղ բանակը լավ է, իսկ ուժեղ, ազատ եւ պաշտպանված քաղաքացիների բանակը` շատ ավելի լավ»: Իսկ այն, որ մարդկային ռեսուրսի որակի առումով Հայաստանը ծայրահեղ վատ վիճակում է, եւ այդ առումով չեն կարող փրկել անգամ վերոնշյալ 1-ին, 2-րդ եւ անգամ 3-րդ առավելությունները` երկար հիմնավորելու անհրաժեշտություն չկա:
Այսօր քաղաքական ընդդիմությունը բարձրացնում է արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հարցը: Իշխանությունները մի փոքր դիմադրում են: Այո՛, մեր իշխանությունները հոգնած են բոլոր առումներով, եւ կա նրանց` եթե ոչ ընդմիշտ, ապա գոնե երկար ժամանակով չտեսնելու հասարակական պասիվ պահանջ: Սակայն արդյո՞ք արտահերթ ընտրությունները խնդրի լուծում են: Այդ ընտրությունները կանցնեն ավելի արդար ու թափանցիկ, քան նախորդնե՞րը: Այդ ընտրությունների արդյունքում կփոխվե՞ն երկրի ղեկավարն ու նրա բազում արբանյակները: Հնարավոր է` լինեն կոսմետիկ, բայց ոչ երբեք որակական փոփոխություններ: Չմոռանանք, որ ընտրություններն անց են կացվելու մարդկային նույն ռեսուրսով, ընտրվել ցանկացողների կազմը անփոփոխ է, ընտրությունը կազմակերպողների եւ ընտրության մասնակիցների անազնվության աստիճանը կատաստրոֆիկ մեծ է:
Կա կարծիք, որ եթե ընտրություններն անցնեն արդար (ինչն այս փուլում գործնականում անհնար է), հասարակությունը կսկսի որոշակիորեն փոխվել: Դեպի լավը: Բայց խնդիրն այն է, որ անարդար ընտրությունները ոչ թե պատճառ են, այլ հետեւանք: Փորձե՛ք նույնպիսի ընտրություններ անցկացնել Մերձբալթյան որեւէ երկրում: Չի՛ ստացվի, քանի որ մարդկային այդքան անորակ հումք այնտեղ գտնել անհնար է: Թափթփուկների այն հոծ բանակը, որը բակերում կազմակերպում է նախընտրական քարոզչություն` խոստանալով ձայնի համար այսքան գումար եւ երթուղայինով տեղափոխում, այնքան թաղային հեղինակություններ, ովքեր վերահսկում են այդ գործընթացը, այնքան թաղապետեր, ովքեր եւս զբաղված են այս անպատվաբեր գործի ընթացքը ստուգելով, այսքան օլիգարխներ, ում ողջ թիմը` պետական բարձրաստիճան չինովնիկներ, նախարարներ, պատգամավորներ, պատրաստ են ամեն ինչի: Սա մեծ թիվ է: Հետո արդեն կուսակցական չինովնիկների հերթն է` բարձրաստիճան ու այնպես` վազվզողներ: Անազնիվ այս պայքարին սեփական կամքով մասնակցող տարբեր մասնագիտության եւ կարգավիճակի մարդիկ: Եվ այս բուրգի գագաթին երկրի նախագահն է, ով այս խնդիրները տեսնելու համար աչքերը լայն չի բացում. նրան անհրաժեշտ է միայն ներկայացվող արդյունքը, ուր առաջին տողում իր անուն-ազգանունն է: Եթե սրան ավելացնենք նաեւ հուսահատ մարդկանց, ովքեր իրենց ձայնն այլեւս թանկ են գնահատում` դրամական համապատասխան էկվիվալենտով, ստացվում է, որ հասարակությանը բարոյական անկումից փրկելուն որեւէ ձեւով չեն կարող նպաստել արտահերթ ընտրությունները:
Մեզ բոլորիս պետք է լուրջ ցնցում: Ավելի հզոր, քան կարող է լինել անգամ ընդհանուր մտահոգությունն ու տագնապը հնարավոր պատերազմի հանդեպ: Մեր հասարակությանը խիստ պակասում է մարդկային ամենատարրական սերն ու հարգանքը միմյանց հանդեպ: Մեզ պետք է ինքնագնահատականի բարձրացում:
Երբ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտավ Ազատության հրապարակ եւ չմոտեցավ այնտեղ հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին, հասարակությունը անակնկալի եկավ. անտեսվել էր մարդկային ամենատարրական կարգը` մոտենալ հացադուլավորին ու բարեւել նրան` անկախ քաղաքական եւ անձնական մոտեցումներից: Կարելի էր քննադատել, չհասկանալ, սակայն մոտենալն ու ձեռքը սեղմելն այլ հարթության գործողություն է:
Քաղաքական որեւէ հիմնավորում չի կարող երբեւէ արդարացնել մարդկայնության պակասը: Մեզնից յուրաքանչյուրը մեր ղեկավարներից ակնկալում է հանդես գալ ոչ միայն որպես խոշոր դիվանագետ, քաղաքական հմուտ գործիչ, աննման տնտեսագետ: Մեր հասարակությանը նախեւառաջ պակասում են այն պարզ, մարդկային հատկանիշները, որոնք մասնագիտական հմտություններից ավելի՛ են հասկանալի: Հունիսի մեկին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ այցելեցին առողջական խնդիրներ ունեցող երեխաների կենտրոն: Գուցե երեխաները գնահատեցին, թե ովքեր են իրենց հյուրերը, ում շուրջն այդքան հոգատար պտտվում են տարբեր աստիճանի չինովնիկներն ու իրենց ուսուցիչները: Շատ ավելի հավանական է, որ նրանք այդպես էլ չհասկացան, թե ինչ է տեղի ունենում: Սակայն, եթե որեւէ պաշտոնյա այդ օրը կամ առհասարակ իր խնամքի տակ վերցներ որեւէ հիվանդ կամ մանկատանը գտնվող երեխայի, հասարակության մեջ լուրջ ցնցում կլիներ: Նախ` կփոխվեր հասարակության վերաբերմունքը հիվանդ, կարեկցանքի արժանի մարդկանց, երեխաների հանդեպ: Կփոխվեր վերաբերմունքը տվյալ պաշտոնյայի հանդեպ, հատկապես, եթե նա երկրի նախագահը լիներ: Շատերը կընդօրինակեին այդ քայլը: Կընդօրինակեին ու կգնահատեին` իրենց ձայներն անկեղծորեն տալով նրան: Նրա մեջ տեսնելով նախեւառաջ Մարդուն: Եվ այս դեպքում, երբ միմյանց դեմ նախընտրական ցուցակում մրցեին առաքինի մարդիկ, ընտրությունների ողջ սխեման այլ կլիներ: Միայն ա՛յդ ժամանակ հնարավոր կլիներ անցկացնել արդար ընտրություններ: Այդ դեպքում որեւէ ընտրող ինքն իրեն թույլ չէր տա գործարքի գնալ իր խղճի դեմ` ընտրակաշառք վերցնելով: Անգամ ընտրակաշառք առաջարկելու անհրաժեշտությունը կվերանար: Պարկեշտ, բարոյական ու առաքինի առաջնորդ ունենալու ցանկությունը լուրջ փոփոխություններ կառաջացնի նաեւ հասարակության գիտակցության մեջ: Մարդիկ կվերագնահատեին նաեւ իրենք իրենց, ընտրության կգնային լրիվ այլ մոտիվներով: Իսկ նման դեպքերում, երբ անհամեմատ շահեկան է համարվում չարյաց փոքրագույնի տիտղոսը, երբ միմյանց հետ մրցում են մարդկային այդքան կարեւոր հատկանիշները չկարեւորող մարդիկ, ընտրությունները կարող են լինել արտահերթ կամ ժամանակին: Ընտրությունների արդյունքը, միեւնույն է, լինելու է նույնը:
Հ.Գ. Վերնագիրը Դիոգենեսի հայտնի միտքն է, երբ հիմնավորում էր, թե ինչու է օրը ցերեկով ճրագը ձեռքին` շրջում փողոցներով: