Բանջարեղենը կարող է թանկանալ

06/06/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երկու օր առաջ հանրապետությունում տեղացած անձրեւները, ըստ Մալաթիա շուկայի աշխատակիցների, պատճառ կդառնան բանջարեղենի վաճառքի գների թանկացման:

Շուկայում գյուղմթերքներ վաճառողների տվյալներով, կարկտահարվել են հատկապես Հոկտեմբերյանի, Թալինի եւ Էջմիածնի գյուղական համայնքները: «Բանջարեղենի գինն անընդհատ տատանվում ա: Եթե երեկ էս վարունգը վաճառում էի 300-ով, հիմի 250 դրամ ա: Չգիտեմ, մարդ ես, մեկ էլ տեսար՝ վաղն էլ 200 դառավ»,- նշեց բանջարեղեն վաճառող կանանցից մեկը: Վերջինիս փոխանցմամբ՝ իրենք վարունգ հիմնականում բերում են Էջմիածնի շրջանի գյուղերից: Կնոջ հավաստմամբ՝ այս տարի վարունգի բերքն ավելի շատ էր, քան նախորդ տարի: Չնայած այս հանգամանքին, վարունգի «թաղերը» սկսել են չորանալ: «Էդի հիվանդություն ա կոչվում: Վարունգն սկսել ա հիվանդանալ: Նայեք՝ էրկու օր առաջ անձրեւ եկավ, կարկուտ եկավ, չէ, մի էրկու օր հետո էլ արեւ կանի, վարունգը հաստատ կփչանա: Համ էլ վարունգը կոնկրետ մի ժամանակ ունի, որ սկսում ա շատանալ, հետո հանկարծ տեսնում ես՝ չկա՜: Ու գինն էլ ռեզկի բարձրանում ա»,- ասաց վարունգ վաճառող կինը: Ըստ նրա՝ այսօր հայկական տեղական վարունգի տեսակներից մնացել են «Նազրվանն» ու «Ստելան», որոնք մրցակցության մեջ են հատկապես Իսպանիայից եւ Գերմանիայից ներկրվող վարունգի հետ: «Էն որ ասում էին գերմանական վարունգից ա թունավորումները, սխալ ա: Ես կարամ հարյուր տոկոսով ասեմ, որ Հայաստանը վարունգ բերում ա Իսպանիայից, ոչ թե Գերմանիայից: Ու մի էրկու օր առաջ վարունգի թունավորման դեպքից հետո հիմի կարող ա դաժե չգտնեք էլ էդ տեսակի վարունգ,- զրույցին միջամտեց կանաչի վաճառող տղամարդը՝ ձեռքերը թափ տալով ավելացնելով,- Նախորդ տարվա նման էլ ծիրանին կակա ենք ասելու: Բերքը սաղ կարկուտը տարել ա»: Եթե վարունգի տեղական տեսակները դեռ պահպանվել են, ապա նույնը չենք կարող ասել պոմիդորի մասին: «Անահիտ» հայկական տեսակի պոմիդորը, վաճառողների ասելով՝ արդեն 5 տարի է՝ գոյություն չունի: Հյութեղ, առանց կանաչ սերմերի հայկական պոմիդորի այդ տեսակն այնքան աննկատ է անհետացել, որ զարմանքով են խոսում անգամ պոմիդորի առեւտրով զբաղվողները: «Չգիտենք՝ ոնց եղավ, ինչ եղավ, բայց նաղդի հիմի հայկական պոմիդոր չկա: Շուկայում վաճառվում ա հոլանդական, ամերիկյան պոմիդորները»,- ասացին պոմիդոր վաճառողները: Նրանց փոխանցմամբ՝ շուկայում վաճառվում են հիմնականում «Բիգ բաֆ», «Ռալի», «Ջերիլոմա», «Իսոֆա» տեսակի պոմիդորներ: Ընդ որում՝ պոմիդորի 1 կգ-ի գինը 450-550 դրամ է: Մեկ այլ վաճառողի կարծիքով՝ հայկական տեսակի պոմիդորը, այսպես ասած, վերացել է պակաս բերքատու լինելու պատճառով: «Հոլանդական պոմիդորներն ավելի բերքատու են: Ոնց ասեմ՝ հայկականի հետ 1-ին 6 հարաբերությամբ են»,- նկատեցին վաճառողները: «Խի՞ եք զարմանում, որ հայկական տեսակ էլ չկա: Սաղ ձեր էդ գյուղմինիստրն ա մեղավոր, որ էդ ոլորտից կիլոմետրերով հեռու ա: Դե, եթե մեր երկրի վարչապետը Տիգրան Սարգսյանն ա, լեզուս էլ չի պտտվում, որ անունը տամ, էս երկրի վիճակը սենց էլ կլինի»,- զայրացած ասաց գազար վաճառող կանանցից մեկը: Ըստ վերջինիս՝ Հայաստանն այսօր գազար է ներկրում Պակիստանից եւ Թուրքիայից: Ընդ որում՝ տեղական գազարի նկատմամբ, ըստ գազարավաճառների, պահանջարկը նվազել է: «Ռուսաստանը Պակիստանից ու Թուրքիայից գազարները հետ ուղարկեց, դե, ուզում եմ ասել` դադարեցրեց ներկրումը, իսկ մենք առողջության համար ամենավտանգավոր բաներն ենք վաճառում: Դուք գիտեք, թե էդ Պակիստանի ու Թուրքիայի կասկածելի բանջարեղենն ինչքան վտանգավոր ա մեր առողջության համար: Էսօր սաղ ժողովրդի կեսը ռակով հիվանդ ա: Առաջ զարմանում էինք, որ մի ջահելի մոտ ռակ էր հայտնաբերվում, բա հիմա ջահելների մեծ մասը տառապում ա էդ հիվանդությամբ»,- վրդովված նշեց գազարի առեւտրով զբաղվող կինը: Վերջինս անխախտ հերթականությամբ սկսեց թվարկել շուկայում վաճառվող ապրանքները, որոնց մեծ մասը բերվում է այս կամ այն երկրից: Կնոջ պատմելով՝ ներկրվող բանջարեղենը բերվում է «ֆուռերով», եւ երբեմն էլ վաճառվում է մեծ մեքենաներով: Ի դեպ, նշենք, որ գազարի 1կգ-ի գինը 400- 650 դրամ է: Ինչեւէ, Պակիստանից ներկրվող բանջարեղեններից մեկն էլ կարտոֆիլն է: Ընդ որում՝ հայկական եւ պակիստանյան կարտոֆիլը վաճառվում է կողք կողքի՝ մեծ մեքենաներով: Հայկական կարտոֆիլը վաճառողները նշում են, որ Պակիստանից բերվող կարտոֆիլները մուգ գույն ունեցող կտորե պարկերով են, որոնք արտաքինից եւս տարբերվում են: Երեւանյան շուկաներում կարտոֆիլի մանրածախ վաճառքի 1 կգ-ի գինը 350 դրամ է: Կարտոֆիլ վաճառողների ասելով՝ կարտոֆիլի բերքատվությունը նվազել է դեռեւս նախորդ տարվանից, իսկ այս տարվա բերքը եւս քչացել է: «Եթե Պակիստանից կարտոֆիլ չբերեն, դժվար կլինի գինը զսպել: Կարտոշկի գինը 350-ից կթռնի 500-ի»,- նկատեցին վաճառողները: Եթե ամիսներ առաջ սոխը վաճառվում էր առավելագույնը մոտ 600 դրամով, ապա այսօր սոխի 1 կգ-ի գինը հասել է 250 դրամի: Ընդ որում՝ խոսքը դեղին, մեծ գլխով սոխի մասին է, որը Հայաստանը ներկրում է Պարսկաստանից: Ի դեպ, կանաչի վաճառողներից շատերը նշեցին, որ մաղադանոսն ու կանաչու մի քանի տեսակներ եւս մեր երկիրը ներկրում է Պարսկաստանից: Փոխարենը պարսիկներին հետաքրքրում է արդեն ոչ թե հայկական գառն ու ոչխարը, այլ՝ պանիրը: Մալաթիա շուկայի բանջարեղենի վաճառասեղաններից բացի, կային նաեւ պանրի վաճառքի կետեր: Պանրավաճառների պատմելով՝ պանրի գների աճ նկատվել էր դեռեւս նախորդ տարի, երբ կաթը թանկացել էր: Նրանց ասելով՝ գյուղացիները կաթը չէին հանձնում, եւ իրենք անձամբ էին պանիր պատրաստում: «Գումարած դրան, հետո էլ էդ պարսիկները սկսեցին մեր պանրով հետաքրքրվել, դե գալիս-տանում էին: Ներկա դրությամբ պանրի գինը դեռ նույնն ա, բայց, Աստված գիտի, երբ կբարձրանա: Եթե ամառը գինը չբարձրացավ, աշնանը հաստատ կբարձրանա»,- նկատեց պանրավաճառ կանանցից մեկը՝ միաժամանակ ընդգծելով, որ պանրի արտահանման մասին վարչապետի «նախանձելի» հայտարարություններից հետո պանրի գինը կտրուկ բարձրացավ, մինչդեռ այս օրերին գինը հազիվ փորձում են, ինչպես իրենք են ասում՝ «զսպել»: «Գինը զսպում ենք, բայց մեր համբերությունը չենք կարում զսպել: Կարկուտ եկավ, մի իշխանավորի մտքով անցավ մի հատ գյուղ մտնի, տեսնի՝ ոնց են գյուղացիք, ինչ հալի են: Մի քանի օլիգարխներով երկիր ենք կառուցում: Ծիծաղելի ա: Ծիծաղելի ա նաեւ իմ վիճակը: Նախկինում տնտեսագետ էի, իսկ հիմա՞… ստրուկի պես սոխ ու կանաչի եմ վաճառում: Աղջիկ ջան, էս ա երկիրը»,- ավելացրեց վաճառող տղամարդկանցից մեկը՝ հուզված աչքերը հառելով գետնին: