Մեր տեղեկություններով` օրեր առաջ ինքնասպանության փորձ է կատարել մայիսի 28-ին Կասկադից ցած նետված 16-ամյա աղջկա՝ Տաթեւիկ Սերոբյանի եղբայրը՝ Վիգեն Գասպարյանը: Քրոջ հուղարկավորությունից հետո (այն տեղի է ունեցել Թալինում) եղբայրը վնասել էր ձեռքերը: Բարեբախտաբար, հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը՝ փրկելով տղային: Հիշեցնենք, որ օրեր առաջ ինքնասպան եղած Տաթեւիկը Ռուսաստանից Հայաստան էր եկել անձնագիր ստանալու նպատակով: Ինքնասպանությունից առաջ աղջիկը Կասկադի դիտահարթակի երկու կողմերում էր թողել իր բջջային հեռախոսն ու դրամապանակը, որի մեջ եղել էր 6 հազար ռուբլի: Աբովյանում շրջանառվող լուրերի համաձայն՝ 16-ամյա աղջիկն ինքնասպանության է դիմել այն պատճառով, որ ինչ-որ անձինք եղբոր ղումարը փակվելու դիմաց պահանջել են իրեն: Ի դեպ, նշենք, որ ինքնասպան եղած աղջկա եղբայրը Ոստիկանության Կոտայքի բաժնում պատմել էր, որ ինքը Աբովյանում գործող բիլյարդանոցում 100 հազար դրամ խաղագումար է տարվել Արդարադատության նախարարության «Աբովյան» ՔՀԿ պետ Մարատ Գրիգորյանի եղբոր՝ Աշոտի որդուն՝ Մամիկոն Գրիգորյանին, որը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող է: Վ. Գասպարյանի խաղագումար պարտվելու մասին տեղեկացած բարեկամներից մեկը պարտքը մարելու նպատակով Բելգիայից նրան 50.000 դրամ է ուղարկել, իսկ գումարի մյուս մասը տվել է Վիգենի տատիկը: Սակայն 18-ամյա տղան այդ գումարով կրկին խաղադրույք է կատարել «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում` չվերադարձնելով պարտված գումարը:
Աբովյան քաղաքի բնակիչները չեն բացառում նաեւ, որ հնարավոր է` պարտված գումարը չվերադարձնելու պատճառով Տաթեւիկի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարած լինեն: Ինչեւէ, հիշեցնենք, որ 16-ամյա աղջկա ինքնասպանության փաստով քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 110 հոդվածով: Քրգործը նախաքննության փուլում է: