Հունիսի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացած հայկական առաջին ռոք օպերան մեծ հետաքրքրություն էր առաջացրել թե մշակույթի, թե շոու-բիզնեսի, թե պարզապես ֆիլմ սիրող հանդիսատեսի մոտ: Ֆիլմի պրեմիերայի օրը դահլիճը լեփ-լեցուն էր: «Ֆիլմի պրեմիերայի օրը, հանդիսատեսին ուղղված իմ խոսքի մեջ խնդրեցի դիտել այս ֆիլմը, որպես տվյալ ոճի մեջ նկարահանված առաջին ծիծեռնակի: Պրեմիերայից հետո ինձ համար ամենակարեւորն այն էր, որ հանդիսատեսը գնահատեց, թե ինչպիսի հսկայական աշխատանք էր տարված` ֆիլմն էկրաններ բարձրացնելու համար: Այս տարի տեղի ունեցած «Կաննի» կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում մեր ֆիլմը եւս ներկայացվել է եւ բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել մի շարք հեղինակավոր եւ միջազգային մակարդակի կինոփառատոների կազմակերպիչների մոտ: Որեւէ առաջարկի ընդունման որոշում դեռեւս չենք կայացրել զուտ ժամանակի սղության պատճառով»,- մեզ հետ զրույցում ասաց բեմադրող ռեժիսոր Արշալույս Հարությունյանը: Իսկ ինչպիսի՞ն է հայ հանդիսատեսի հետաքրքրությունը ֆիլմի հանդեպ։ «Չեմ կարող ասել, թե դահլիճը լեփ-լեցուն է, սակայն դատարկ էլ չէ: Ինձ համար կարեւորն այն է, որ ֆիլմի ավարտից հետո հանդիսատեսը ծափահարում է»,- նշեց նա: