Մեկ տարի առաջ «Աննոտացիա» հաղորդման հաղորդավարուհի եւ դերասանուհի Աննա Կոկչյանի կյանքում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք կտրուկ փոխել են նաեւ նրա աշխարհայացքը: Նա «ցնցում» է ապրել անձնական կյանքում, ինչը եւ զուգադիպել է նրա մտածելակերպի, կյանքի հանդեպ վերաբերմունքի, արժեքային համակարգի փոփոխությունների հետ: «Այդ իրադարձությունից հետո ես այլեւս նույնը չէի` ես Աննա չէի: Բացի անվանափոխությունիցս, ես նաեւ կրոնափոխ եղա: Անունս այսուհետ` Ինգրիտ է` կոշտ ու կոպիտ մի անուն: Ինչ վերաբերում է նոր կրոնին`դեռեւս չեմ կարող նշել անունը, քանի որ կան մարդիկ, որոնք կրկնում են իմ որոշ քայլերը»: Մեր հարցին, թե որքանո՞վ են ճիշտ իր եւ դերասան Սոս Ջանիբեկյանի (Կարեն Ջանիբեկյանի որդու) սիրավեպի վերսկսման մասին լուրերը` Ինգրիտը պատասխանեց. «Ես եւ Սոսն արդեն 1,5 տարի է, ինչ բաժանվել ենք, եւ նրա հետ համատեղ կյանքի վերսկսման մասին խոսք անգամ լինել չի կարող: 1,5 տարի առաջ այդ տղան շատ կտրուկ փոխվեց, դարձավ անճանաչելի: Եթե ես հանդիպեի նրան` այսօրվա իր մարդկային տեսակով հանդերձ, ապա երբեք ուշադրություն չէի դարձնի: Նա դարձել է պարզապես շարքային, անհետաքրքիր երիտասարդ: Այո, նա փոքր է ինձանից 4 տարով` սկսել եմ նկատել դա միայն հիմա: Մենք 1,5 տարի միասին ենք ապրել, սակայն ես չէի ցանկանա, որ նրա անունն ու վարքագիծը այսուհետ որեւէ կերպ առնչվեր իմ անվան հետ»: Ինգրիտի facebook-յան էջում կարելի է տեսնել նրա 5 տարեկան որդու լուսանկարները, որտեղ հաղորդավարուհու մերկ որդին ամուր գրկել է մորը: Մեր հարցին, թե որքանո՞վ է ճիշտ համարում 5-ամյա որդու մերկ լուսանկարները համացանցում տեղադրելը` հաշվի առնելով պեդոֆիլների հետաքրքրությունը նմանօրինակ լուսանկարների հանդեպ, Ինգրիտը պատասխանեց. «Եթե ես նման երեւույթների վրա կենտրոնանայի, ապա որեւէ լուսանկար առհասարակ չպետք է տեղադրեի ցանցում: Այդ ֆոտոսեսիան շատ անձնական նախապատմություն ունի: Երբ որդիս` Անրին, դեռ 1 տարեկան եւ երկու ամսական էր, ես նրան հարցրեցի. «Հիշո՞ւմ ես, թե մամայի փորիկի մեջ ինչ ես արել»: Եվ նա այնպիսի պատասխան տվեց, որն ինձ հուզեց եւ մտածելու տեղիք տվեց։ «Խփում էի ու քեզ էի լսում»,- ասել էր որդիս: Այդ լուսանկարների խորհուրդը նրանում է, որ յուրաքանչյուր զավակ իր մոր գրկում է հայտնվում մաքուր, մորեմերկ»: Մեր հարցին, թե որտե՞ղ է այժմ Անրիի հայրը` դերասան եւ հաղորդավար Արման Մարգարյանը, որին շատերը ճանաչում են Մոշ մականունով, Ինգրիտը պատասխանեց. «Արմանը հիանալի հայր է: Ես ուրախ եմ, որ երեխա եմ ունեցել հենց այդ տղամարդուց: Այսօր նա ապրում եւ աշխատում է ռուսական շոու-բիզնեսում: Անրին հաճախ խոսում է հոր հետ Skayp-ով, հեռախոսով: Գրեթե ամեն ամիս Արմանը գալիս է որդուն տեսնելու: Նա հոյակապ հայր է, սակայն մենք այդպես էլ չկարողացանք դառնալ լավ ամուսիններ»: