Մեր տեղեկություններով, այսօր տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում քննարկվելու է ՀԱԿ-ի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտությունն ու երկխոսության հնարավոր ձեւաչափը: Բանն այն է, որ իշխանությունները դեռեւս չեն որոշել, թե ինչ ձեւաչափով են ձեւավորելու բանագնացների խումբը` կոալիցիոն սկզբունքո՞վ, թե՞ ոչ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, եւ ԲՀԿ-ում տեղյակ չեն` իրենք մասնակցություն կունենա՞ն, թե՞ ոչ: Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀԿ գործադիր նիստում քննարկվելու է նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պաշտոնանկության հարցը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշ տեղեկություններ է փոխանցելու ԼՂՀ բանակցությունների վերաբերյալ` հունիսի 25-ին Կազանում սպասվելիք հանդիպումից առաջ, որը, ըստ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Դովիլում արած հայտարարության` պետք է օգտագործել հիմնարար սկզբունքների ձեռքբերման համար: