Շուկայական հարաբերություններում սերը (մանավանդ՝ երկրի նկատմամբ) արտահայտվում է ոչ թե խոսքերով, այլ քայլերով, ու նաեւ՝ կանխիկ փողով կամ ապրանքով։ Եթե արտաքին աշխարհի սերը Հայաստանի նկատմամբ պայմանականորեն չափենք մարդասիրական օգնության ծավալներով, ապա մեր ամենամեծ սիրահարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այս տարվա 4 ամիսների ընթացքում ԱՄՆ-ից մարդասիրական օգնության կարգով ՀՀ են ներմուծվել 8.5 միլիոն դոլարի ապրանքներ, որը կազմում է ընդհանուր մարդասիրական օգնության 50.4%-ը։ Ազգային վիճակագրական ծառայությունը նշում է, որ ըստ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2011թ. հունվար-ապրիլին, մարդասիրական օգնության կարգով, ՀՀ են ներմուծվել 1513.3 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 6269.1 մլն դրամ կամ 17 մլն դոլար: Մեզ սիրողների շարքում երկրորդ տեղում Չինաստանն է` 1.1 միլիոն դոլար (6.8%)։ Ինչ վերաբերում է մեր ռազմավարական գործընկերներին՝ ռուսներին, ապա, չնայած մեկ տարվա ընթացքում նրանց «սերն» ավելացել է 22.5 անգամ, սակայն մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի մեջ նրանց տեսակարար կշիռը կազմում է 5.4% (912 հազար դոլար)։