ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը երեկ նշանակվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրենի պաշտոնում: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր սփյուռքահայ Բեկոր Փափազյանը, ով հունիսի 15-ից կլքի պաշտոնը` սեփական դիմումի համաձայն: Հիշեցնենք նաեւ, որ վերջինիս ամսական աշխատավարձը կազմում է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար: Մեր տեղեկություններով, սակայն, խորհրդի որոշ անդամներ վերջերս հասկացել են, որ գործադիր տնօրենի համար նախատեսված նման բարձր աշխատավարձն անհեթեթություն է, եւ որոշել են այն կրճատել: Առհասարակ, ՀԱՄՀ-ն, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է, վաղուց արդեն ձեւական բնույթ է կրում: Ավելին, որքան հայտնի է` խորհրդում ընդգրկված պետական եւ մասնավոր սեկտորների որոշ անդամներ այլեւս անկարեւոր եւ ժամանակի կորուստ են համարում խորհրդի նիստերին կամ ծրագրերին իրենց մասնակցությունը: ՀՀ նախկին վարչապետ, գործարար Արմեն Սարգսյանն, օրինակ, ով խորհրդի մասնավոր հատվածի անդամ է, չնայած ՀՀ իր հաճախակի այցերին, այլեւս չի մասնակցում այդ հիմնադրամի աշխատանքներին: Այսինքն` եթե մասնավոր հատվածից` խորհրդի անդամներ «Տրոյկա-Դիալոգ»-ի նախկին խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, «Flagship Ventures» ընկերության գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը եւ «Wolters Kluwer PCi» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Ֆեստեկջյանն էլ որոշեն չմասնակցել` այդ հիմնադրամի գործունեությունը կարելի է փակված համարել: