Կոմպրոմիսային լուծում

05/11/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը հինգշաբթի օրն այցելել է Կամերային երաժշտության տուն: Այցելության նպատակը ոչ թե երաժշտություն լսելն էր, այլ սեփական աչքով տեսնել եւ հասկանալ, թե նոր կառուցվող «Ֆլորա-լենդ» եւ դեռեւս 2002 թվականից գոյություն ունեցող «Այվազովսկի 9-րդ ալիք» սրճարանները որքանով են խանգարում Կամերային տան երաժշտական կյանքին:

Կամերային նվագախմբի ղեկավարության պայքարից ու բողոքներից հետո, մոտ երկու շաբաթ է, ինչ «Ֆլորա-լենդ» ՍՊԸ շինարարությունը դադարեցվել է: Այս օրերին ապամոնտաժվել են նաեւ Կամերային երաժշտության տան անմիջապես դահլիճի դիմաց կառուցված բիլյարդի սրահները, բայց Աբովյան փողոցին հարող քարե շինությունները դեռ կանգուն են:

«Մենք Սամվել Դանիելյանին ներկայացրեցինք, թե ինչքան վտանգավոր է այդ սրճարանի գոյությունը Կամերային երաժշտության տան համար,- ասաց Կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանը: -Որոշեցինք փոխզիջումների գնալ, որոշ բաներ արդեն քանդվել են, որոշ բաներ էլ դեռ կքանդվեն»:

Փոխզիջումը նշանակում է, որ այդ սրճարանն ամբողջությամբ չի քանդվի, կկառուցվի Աբովյան փողոցին հարող մասում, բայց՝ Կամերայինից մի փոքր հեռու: Սրճարանի քարե երկու շինություններն Աբովյան փողոցից ամբողջապես փակել են Երաժշտության տան տեսարանը: Գլխավոր ճարտարապետը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ այդ կառույցներն ունեն նախագծից շեղումներ, եւ դեռ պարզ չէ՝ ամբողջությամբ կքանդվե՞ն, թե՞ կշտկվեն: «Դե մենք էլ հասկանում ենք, որ հողահատկացում եւ շինթույլտվություն է եղել,- ասում է Ա. Արաբյանը: -Մենք ի զորու չենք այդ սրճարանն ամբողջությամբ հանել, բայց մեզանից գոնե մի քիչ հեռու լինի, որ փորձերին ու համերգներին չխանգարի: Եվ հետո որոշվեց, որ կանաչ տարածության հաշվին կառուցած ճանապարհները եւ շինությունները քանդվեն եւ նորից կանաչապատվեն»: «Քանդվել են եւ դեռ պետք է քանդվեն,- ասաց Ս. Դանիելյանը: -Նախագծից շեղումներ են եղել, առաջին հերթին դրանք պետք է շտկվեն: Հաշվի է առնվելու նրանց բոլոր առաջարկությունները, եւ ըստ այդմ՝ նոր նախագիծ է արվելու»:

Փաստորեն սրճարանն այգուց ամբողջությամբ չի հանվի, բայց երաժիշտները գոհ են, որ գոնե այսքանին հաջողվեց հասնել: Կպահպանվի նաեւ այգու՝ Նալբանդյան փողոցի կողմից կառուցված «9-րդ ալիք» սրճարանը, որը տարածվել եւ հասել է Կամերային երաժշտության տան շենքին: Գլխավոր ճարտարապետը հանկարծ հայտնաբերել է, որ դա շատ անճաշակ շինություն է: Սրճարանատերերն իրենց ճարտարապետական «հմտություններով» կարողացել են լավագույնս խեղել Կամերային երաժշտության տան եւ այգու ամբողջական տեսքը: «Սա ի՞նչ ճարտարապետություն է, ո՞վ է իրենց թույլ տվել այս տարածքը կապույտ ներկել, ո՞վ է թույլ տվել սալհատակը նորից սալապատել ու ամբողջ տեսքը փչացնել,- վրդովված հարցնում է ճարտարապետ Ալբերտ Հախնազարյանը: -Էս ի՞նչ խայտառակ շինություն է: Սրճարանով չեն բավարարվել, էս կողմում էլ պահեստ են կառուցել: Այվազովսկու արձանի կողքին էլ զուգարան են կառուցել: Հասկացանք, պետքական բան է, բայց հենց այստե՞ղ պետք է սարքեին, ուրիշ տեղ չկա՞ր: Անհարմար է, չէ՞»:

Գլխավոր ճարտարապետը խոստացել է լուծել նաեւ այս սրճարանի հարցը, իհարկե, նորից ոչ ամբողջությամբ: