«Ավելի մեծ քաղաքական շահը իշծանության համար է»,- ասում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը

04/06/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Ինչպե՞ս եք գնահատում Դովիլում ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունը: Հայկական կողմը պնդում է, որ այն հայանպաստ է, որովհետեւ ուժի չկիրառման պահանջ է ներկայացնում:

– Մենք չպետք է չափազանց լուրջ արձագանքենք «Մեծ ութնյակի» համաժողովի հայտարարությանը, որովհետեւ ամեն տարի տեղի ունեցող այդ միջոցառումը Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարություններ անում է: Սովորաբար համաժողովում այդ հարցը գլոբալ տաքացման եւ համաշխարհային տնտեսական խնդիրներից ավելի կարեւոր չէ: Բայց այս հայտարարության հետ կապված կա մի հետաքրքիր հանգամանք` այն ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին: Այս հայտարարության կարեւորությունը Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգն է, եւ այն, որ այդ երկիրը լուրջ տրամադրված չէ խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելուն: Այս առումով հայտարարությունը Մինսկի խմբի համար արտահայտում է մեծ օրակարգ: Շատ ավելի մեծ նախագիծ կա տարվա ընթացքում, երբ Մինսկի խումբը կփորձի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին համաձայնության բերել Մադրիդյան սկզբունքների շուրջ: Բայց Մադրիդյան փաստաթուղթը խաղաղության համաձայնագիր չէ, դա խաղաղ բանակցությունների համար սահման կամ օրակարգ է: Եվ ԼՂՀ հարցում հակառակ դիվանագիտական ակտիվության` մենք ոչ թե մոտ, այլ շատ ավելի հեռու ենք գտնվում որեւէ առաջընթացից: Հիմա խաղաղության գործընթացն այլ տեղում է գտնվում: Այսօր խոսքը չի գնում ԼՂ կարգավիճակի կամ այլ մանրամասների մասին: Այն ետ է գնացել 90-ական թվականներ, երբ հիմնական առաջնահերթությունը պատերազմը կանխելն ու Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ բերելն էր:

– Իսկապե՞ս այդքան մեծ է պատերազմի վտանգը, թե դա ուռճացվում է միջազգային հանրության կամ ՀՀ քաղաքական ուժերի կողմից: Անցած տարիներին Ադրբեջանը չի դադարել պատերազմի վերսկսման մասին հայտարարություններ անել: Գուցե դրանք հիմա՞ էլ սոսկ սպառնալիքներ են:

– 2 պատասխան կա` առաջին ապացույցը գալիս է հենց Մինսկի խմբից: Նախ սկզբունքները երկուսն էին` ազգերի ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականությունը: Բայց այս վերջին տարիներին նրանք ավելացրել են երրորդ հավասարազոր` ուժի չկիրառման սկզբունքը: Մինսկի խմբում դա մեծ փոփոխություն է, այս նոր քաղաքականությունը կապված է միայն Ադրբեջանի կողմից նոր պատերազմի հետ: Պատերազմի վտանգը շատ ավելի բարձր է այսօր, քան նախկինում, որովհետեւ այս մեկուկես տարվա ընթացքում մեծ բան է փոխվել` Ադրբեջանի կողմից հարձակումները շատ ավելի լուրջ են, եւ 1994-ից սկսած առաջին անգամ նրանք ժամանակակից հարձակվողական զինամթերք են գնում ոչ միայն Թուրքիայից, այլ Բոսնիայի միջոցով Հարավային Աֆրիկայից, Պակիստանից: Եվ դա կոռուպցիոն համաձայնություն չէ, ինչպես եղել է նախկինում: Սրանք հին եւ վնասված զենքեր չեն Ուկրաինայից կամ Բելառուսից գնված, ինչպես եղել է նախկինում: Եվ դա ինձ թույլ է տալիս շատ ավելի լուրջ մտածել պատերազմի վտանգի մասին: Ադրբեջանը հասկանում է, որ եթե սկսի պատերազմ` կպարտվի: Եվ ես շատ ավելի մտահոգված եմ պատերազմից, որը տեղի կունենա պատահաբար, երբ փոքր բախումները դուրս գան վերահսկողությունից: Սա Ադրբեջանի կողմից թուլության եւ անկանխատեսելիության նշան է:

– Անընդհատ պատերազմը դատապարտող փաստաթղթեր ու հայտարարություններ են հնչում Մինսկի խմբի թե համանախագահների, թե համանախագահող երկրների նախագահների եւ թե միջազգային տարբեր հեղինակավոր կառույցների կողմից: Ադրբեջանը կարո՞ղ է անտեսել նման հայտարարությունները եւ պատերազմ սկսել:

– Այո, կա այդ վտանգը, եւ դրա համար էլ 2 պատճառ կա: Առաջինը` Ադրբեջանն իր տեսակետից ճիշտ է, որովհետեւ դավաճանություն է զգում Թուրքիայի կողմից, եւ տեսնում է, որ Մինսկի խմբի շրջանակներում իր համար ոչ մի առաջընթաց չկա: Եվ նրանք սպառնում են դուրս գալ բանակցային գործընթացից: Երկրորդը` Ադրբեջանը դեռ չի գիտակցել, որ տանուլ է տվել պատերազմում, որ հավերժ կորցրել է Ղարաբաղը: Նույնիսկ Մինսկի խումբն է գիտակցում, որ ԼՂ-ն երբեք չի վերադառնա Ադրբեջանին: Ուստի միջազգային հանրության դեմ գնալը Բաքվի համար լուրջ վտանգ չէ:

– Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, թե ՌԴ-ն ու ԱՄՆ-ը մեծ համաձայնության են եկել ԼՂՀ հարցում, ու երբեք այդ գերտերությունների մոտեցումներն այդքան մոտ չեն եղել, որքան այսօր: Կամ` ինչո՞ւ այդ տերությունները ԼՂՀ հարցում համաձայնության եկան, երբ այս տարածաշրջանում նրանց շահերը գրեթե միշտ հակադրվել են:

– Վրաստանի պատերազմից հետո ՌԴ-ն ԱՄՆ-ին հայտնեց, թե կարող են համագործակցել ԼՂՀ հարցի շուրջ, եւ սկսեց աշխատել ամերիկացիների ու ֆրանսիացիների հետ: Եվ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան շատ ուրախ են, որ այս հարցում ՌԴ-ն վերցնի դիվանագիտական առաջնորդությունը: Բայց գործոնը, որ կարող է ազդեցություն ունենալ ԼՂՀ հարցի վրա, մի զարգացում, որ կարող է տեղում փոխել իրավիճակը, Մինսկի խումբը չէ: Դա ՌԴ-ն է: Այդ երկրի քաղաքականության փոփոխությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ իրավիճակի վրա: Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն սկսել է բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ, շատ բարելավված ենք տեսնում ռուս-թուրքական հարաբերությունները: Եվ ՌԴ-ն այնքան ուժեղ է ՀՀ-ում, որ կարող է փոխել քաղաքականությունը ԼՂՀ հարցի հետ կապված: Սա մի հավանական սցենար է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի: Եվ պարզ է, որ եթե նա բարելավում է հարաբերությունները Բաքվի հետ, եւ հնարավոր է` ունենա շատ ավելի խորը ռազմական հարաբերություններ: ՌԴ տեսակետից` եթե իրենք փոխեն քաղաքականությունը, շատ քիչ բան կկորցնեն, իսկ ՀՀ-ն դրան պատասխանելու շատ քիչ լծակներ ունի: ՌԴ-ն այստեղ շատ ուժեղ է, նրանք կարող են բարելավել հարաբերությունները նաեւ ԱՄՆ-ի հետ` ասելով` իրենց կողմից քաղաքականության փոփոխությունը վկայում է այն մասին, որ անկողմնակալ են: Ես վստահ չեմ, որ Հայաստանը դրան պատասխաններ կունենա:

– Պատասխան չի՞ կարող լինել, որ թուլացնի այստեղ ՌԴ ազդեցությունն` ի նպաստ Արեւմուտքի:

– Ես կուզենայի, սակայն մի փոքր ուշ է: Մենք նրան տվել ենք էներգիան, հեռախոսակապը, երկաթգիծը եւ այլն: ՌԴ-ն ՀՀ տնտեսության վրա ունի ռազմավարական վերահսկողություն: Եվ ՀՀ-ն մեծ սխալ է արել ՌԴ-ի հետ ԼՂՀ հարցի բանակցությունների ընթացքում: Մինչդեռ ՀՀ-ն շատ ավելի մեծ նշանակություն ունի ՌԴ-ի համար, քան գիտակցում է: ՀՀ-ն նրա համար տարածաշրջանում միակ հուսալի դաշնակիցն է եւ տարածաշրջանում ՀԱՊԿ-ի միակ անդամն է: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր հավանական փոփոխություն ՌԴ դիվանագիտության մեջ կարող է իր համար լինել փորձություն, որը չկարողանա հաղթահարել:

– ԼՂ խնդիրն ու նոր պատերազմի հավանականությունը շատ կարեւորվեցին նաեւ ՀՀ ներքին քաղաքականության մեջ: ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանն ընդդիմության վարած քաղաքականությունը պայմանավորում է նաեւ այդ հարցով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ստորագրեց կոալիցիոն նոր հայտարարության տակ` կարեւորելով այդ հարցը, իշխանությունները նույնպես իրենց ներքաղաքական քայլերի համար երբեմն պատճառ են բերում պատերազմի վերսկսման վտանգը:

– Ոչ, համաձայն չեմ: Դա չէ իրական պատճառը: ՀՀ ներքաղաքական շրջանակներում իրական խնդիրը ուժերի հարաբերակցությանը եւ ոչ թե ԼՂ-ին է վերաբերում: Եթե նրանք այս հարցը օգտագործում են, դա այլ խնդիր է: Սակայն ինձ համար իրական փորձությունն այն է` սա շատ ուշացած չէ՞: Իսկ ժողովրդավարություն հաստատելու իրական քայլերը կլինեն օլիգարխների հարցի արագ եւ ոչ թե կամաց-կամաց եւ փոքր քայլերով լուծումը: Ես, իհարկե, ողջունում եմ փոփոխությունները, եւ առաջընթաց կա: Սակայն դեռ շատ շուտ է դատելու համար: Իսկական փորձությունը կլինի ընտրություններին ավելի մոտ, եւ թե ինչպես տեղի կունենան ընտրությունները:

– Կարծիք կա, թե ընդդիմության եւ իշխանության մեջ երկխոսություն սկսելու համար հիմնական նախաձեռնողը ԱՄՆ-ն է ու դեսպան Մարի Յովանովիչը:

– Այդ գործընթացը շատ իրական է, դա ԱՄՆ նախագծերից չէ: Այո, ԱՄՆ դեսպանն աջակցեց այդ գործընթացին, ինչպես նաեւ` ԵՄ բանագնաց Պիտեր Սեմնեբին, բայց առանց քաղաքական կամքի դա տեղի չէր ունենա: Սա իրական գործընթաց է եւ չի հանդիսանում ամերիկյան կամ եվրոպական նախագիծ: Եվ հենց այս պատճառով է, որ իրական առաջընթաց կա:

– Իսկ կողմերից ո՞րն է ավելի անկեղծ այս երկխոսության հարցում: Իշխանությունն իսկապե՞ս պատրաստ է գնալ իրական բարեփոխումների, եւ ընդդիմությունն իսկապե՞ս հրապարակային կվարի երկխոսության ողջ գործընթացը:

– Մենք չենք կարող ասել, թե ով է ավելի անկեղծ, բայց հետաքրքիր է, թե ով կշահի: Ավելի մեծ քաղաքական շահը իշխանության եւ ոչ ընդդիմության համար է: Բայց իշխանության համար հիմա շատ ավելի մեծ ռիսկեր կան, որովհետեւ հենց իշխանությունն է բարձրացրել ակնկալիքներն ու չափանիշները: Եվ այլեւս ետ գնալու հնարավորություն չկա:

– Տեղի՞ն եք համարում Հայաստանի մյուս ուժերի մտահոգությունները, թե ՀԱԿ-ն իշխանության հետ երկխոսության է գնում համագործակցության համար:

– Չեմ կիսում այդ տեսակետը: Դա նրանց քաղաքական տեսակետն է, բայց առաջընթացն առաջընթաց է: