Վերահսկիչ պալատը վերջերս կատարած ուսումնասիրությամբ պարզել էր, որ պետական գերատեսչություններում, մասնավորապես՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում 2006-2007թթ. մեծ գումարների անարդյունավետ ծախսեր են կատարվել։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հանձնարարական էր տվել ներկայիս նախարարին, որպեսզի ծառայողական քննություն իրականացվի: Կառավարության հինգշաբթի օրվա նիստում ներկայիս նախարարը՝ Արթուր Գրիգորյանը, ներկայացրել էր այդ քննության արդյունքները, որոնց համաձայն` կասկածի տակ է առնվել ավելի քան 300 հազար դոլար ընդհանուր արժեքով ծրագրերի կատարման համար անհրաժեշտ ծախսումները։
Այսպես, ամենամեծը եղել է «Տնային տնտեսությունների հետազոտություն եւ համայնքների հետազոտություն խորհրդատվական ծառայության մատուցում» ծրագիրը՝ 150.000 դոլար արժեքով։ Նախարարի խոսքերով, չնայած ծրագրի արդյունքում կատարված առաջարկություններից 12-ը չեն ընդունվել, այդուհանդերձ, ծրագիրն իր նպատակին ծառայել է։ «Սակայն, նշված ծրագրի կապակցությամբ պետք է անել մեկ վերապահում` կապված մատուցված խորհրդատվությունների արժեքի հետ, որը կազմել է 150 հազար ԱՄՆ դոլար: Խորհրդատվությունը տեւել է 7 ամիս, եւ վերլուծությունը ցույց է տալիս, որ խորհրդատվության մեկ օրվա արժեքը կազմել է 700 ԱՄՆ դոլար»,- ասել է նախարարը։ Այլ կերպ ասած՝ հասկացրել է, որ ծրագիրը շատ թանկ է նստել։
Երկրորդ ծրագրով 28.182 դոլար է հատկացվել թվով 3 օրենքների նախագծերի մշակմանը։ Դրանցից երկուսը, ըստ նախարարի, օբյեկտիվ պատճառներով չեն ընդունվել, իսկ երրորդը՝ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի մասին օրենքի նախագիծը մշակելը ընդհանրապես անիմաստ է եղել, քանի որ մինչեւ 2006թ. արդեն մշակված է եղել։
45.350 դոլար արժեքով երրորդ ծրագրի շրջանակներում խորհրդատվություն է մատուցվել, սակայն խորհրդատուի առաջարկությունները առոչինչ են դարձել, քանի որ նախ պետք է համապատասխան օրենքն ընդունված լիներ, որից հետո միայն բխեր այլ միջոցառումների իրականացումը։
Չորրորդ ծրագրով (արժեքը 43 հազար դոլար) կրկին խորհրդատվություն է մատուցվել, այս անգամ՝ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի շահառուների սպասարկումը բարելավելու վերաբերյալ։ Խորհրդատուն առաջարկել է շահառուների սպասարկման բարելավման համար ստեղծել սոցիալական գովազդներ, տարեց մարդկանց համար կազմակերպել հատուկ ռադիոհաղորդում, համագործակցել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ: Սակայն, ինչպես կառավարության նիստում նշել է ներկայիս նախարարը. «Տվյալ դեպքում գտնում ենք, որ ընդհանրապես իմաստ չուներ հիշյալ ծրագրով համապատասխան խորհրդատվություն ստանալը»։
Եվ վերջապես՝ 40 հազար դոլար արժողությամբ ծրագրի շրջանակներում մշակվել են իրավական ակտերի նախագծեր, այդ թվում՝ Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից եւ մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին եւ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Մինչդեռ այդ օրինագիծը նախարարության աշխատակազմի Աշխատանքի եւ զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի նախաձեռնությամբ 2004 թվականին արդեն իսկ մշակվել էր եւ դրվել շրջանառության մեջ:
Այն, որ պետական կառույցներում միշտ էլ նման դեպքեր եղել են, լինում են եւ կլինեն, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում։ Սովորական է դարձել նաեւ այն, որ կառավարությունը երբեմն-երբեմն ջրի երես է հանում մի քանի նման դեպք՝ տպավորություն ստեղծելով, որ աշխատում է շատ թափանցիկ եւ պայքարում է իր ներսում առկա վատ երեւույթների դեմ։ Մի խոսքով՝ սեփական վարկանիշը բարձրացնելու համար։ Սակայն կոնկրետ այս դեպքում շրջանառության մեջ մտավ նաեւ մեկ այլ բացատրություն։ Վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ ի պատասխան իրենց հասցեին ՀՅԴ-ի կողմից հնչող քննադատություններին եւ անվստահություն հայտնելու գործընթացին՝ կառավարությունում որոշվել է կոմպրոմատային պատերազմ սկսել ՀՅԴ-ի դեմ։ Հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն երկար տարիներ զբաղեցնում էր մի քանի նախարարական պորտֆել, միամտություն կլինի կարծել, թե իշխանությունները կոմպրոմատների պակաս կունենան։ Այժմ կարծիքներ են հնչում, թե Սոցապ նախարարության շուրջ բարձրացած աղմուկը հենց այդ որոշման արդյունքն է, քանի որ 2006-2007թթ. նախարարի պաշտոնը զբաղեցնում էր դաշնակցական Աղվան Վարդանյանը։ Մենք «դավադրությունների տեսության» կողմնակիցներ չենք, սակայն Սոցապնախարարությունում այս բացահայտումներն ինչ-որ իմաստով կարելի է տեղավորել այդ տրամաբանության մեջ։ Թեկուզ այն պատճառով, որ նոր են բարձրաձայնում 5-6 տարի առաջ կատարված երեւույթների մասին։ Այս ամենի առթիվ մեկնաբանություն խնդրեցինք սոցապ նախկին նախարար Աղվան Վարդանյանից։ «Հատուկ մեկնաբանության ոչ իմաստ եմ տեսնում, ոչ էլ ցանկություն ունեմ։ Վարչապետն իր նախարարին հանձնարարական է տվել, նա էլ կատարել եւ զեկուցել է։ Միայն մի բան կասեմ. այդ կարգի բոլոր ծրագրերը իրականացվում են հստակ կանոնակարգերով՝ կառավարության հաստատումով, Ազգային ժողովի վավերացմամբ, մրցույթներով, Ֆինանսների նախարարության կողմից ծախսերի համապատասխան թույլտվություններով։ Ետին թվով դատողություններ անելը, ծախսերի մի մասն անարդյունավետ գնահատելը, չեմ կարծում, թե միտումնավոր է արվում։ Բայց նաեւ կարծում եմ՝ այսօրվա վարչապետ-կառավարությունը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի իր առջեւ, քան ինքնակամ գնացածների ետեւից անուղղակի խոսելն է։ Իմ նախարարական գործունեության գնահատականը տվել են նախկին նախագահն ու վարչապետները։ Տվել ու այսօր էլ տալիս են համակարգի հարյուրավոր աշխատակիցները, եւ դա ինձ լիովին բավարարում է»,- մեզ հետ զրույցում նշեց Ա. Վարդանյանը։
Մի խոսքով՝ նախկին նախարարը մի կողմից` նշում է, որ ամեն ինչ եղել է հստակ կանոնակարգված, այսինքն՝ ոչ մի սխալ բան ֆորմալ առումով չի կատարվել, մյուս կողմից՝ միտումնավոր չի համարում, որ այժմ դա սարքել են քննարկման առարկա։ Այդ դեպքում ստացվում է, որ կառավարությունը աղմուկ է բարձրացնում չեղած բանի շուրջ։ Ի դեպ, կառավարության գործելաոճում մի թաքնված հակասություն էլ կա։ Եթե միլիոնները մսխվել են (կապ չունի՝ միտումնավո՞ր, թե՞ անփութության պատճառով), ապա դրա համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Սակայն նման բան, ամենայն հավանականությամբ, չի լինի։ Համենայն դեպս՝ այդպես ենք կարծում վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերից։ «Համապատասխան որոշումներ արդեն կայացրել ենք, որպեսզի նման դեպքեր այլեւս չկրկնվեն, եւ մենք պետք է այս վերահսկողության բացահայտումներից դասեր քաղենք»,- ասել էր նա կառավարության նիստում, երբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրել էր ծառայողական քննության արդյունքները։ Այնպիսի տպավորություն է, որ այս ամենը ընդամենը ոմանց որոշ բաներ հիշեցնելու եւ ակնարկելու նպատակով է արվում։
Նշենք, որ Վերահսկիչ պալատը, բացի գիտահետազոտական աշխատանքներից եւ օրենսդրական աշխատանքներից՝ շեշտել էր նաեւ գնումների անարդյունավետությունը։ Միայն մեկ օրինակ բերենք ՎՊ նույն հաշվետվությունից։ «Պետական հատվածի բարեփոխումներ» ծրագրի վարկային համաձայնագրի համաձայն` նախատեսվել էր տեղեկատվական համակարգերի զարգացման կենտրոնի համար կահույք ձեռք բերել, եւ տեղադրման նպատակով մրցույթ է հայտարարվել։ Հաղթող ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ 5.8 միլիոն դրամ արժեքով։ Սակայն ՎՊ-ն պարզել է, որ շուկայական գներով այդ ապրանքները կարելի էր ձեռք բերել 2.8 միլիոն դրամով։ Այսինքն՝ «ջուրն են գցել» 3 մլն դրամ։ Գուցե ասվածը տարօրինակ թվա, բայց նյութական բարիքներ (տվյալ դեպքում՝ կահույք) ձեռք բերելու գործում գերծախսը, ինչ-որ տեղ, ավելի ընդունելի է, քան անիմաստ օրենքների, խորհրդատվությունների, ռազմավարությունների ու ծրագրերի վրա գումարներ ծախսելը։ Թեկուզ այն պատճառով, որ եթե ձեռք ես բերել, օրինակ, սեղան (թեկուզ թանկ գնով), ապա գոնե գիտես, թե սեղանը ինչ է, ինչի համար է օգտագործվում, գիտես, որ ի վերջո՝ մաշվելու պարագայում, այն կարելի է թեկուզ վառել։ Վերջիվերջո՝ հայկական սեղան-աթոռ գնելով` գոնե տեղի կահույքագործներն են մի քիչ շահում։
Իսկ «օտարերկրյա, հեղինակավոր» կազմակերպությունների կողմից (կամ նրանց մասնակցությամբ) մշակված երկար ու խուճուճ անուններով ծրագրերը սկզբից մինչեւ վերջ ոչ ոք չի էլ կարդում, թեեւ դրանց համար մի քանի անգամ ավելի շատ փող է ծախսվում (չնայած՝ դրանք վառելով էլ կարելի է 1-2 օր տաքանալ, ծավալը տպավորիչ է)։
Իսկ ո՞ր գերատեսչությունն է ամենից շատ աչքի ընկել նման «թիթիզ բաներով»։ Անկասկած՝ Էկոնոմիկայի նախարարությունը, մանավանդ` Ներսես Երիցյանի օրոք։ Հայաստանը գերազանցության կենտրոն սարքելու հայեցակարգ, Ջերմուկը՝ զբոսաշրջության կենտրոն սարքելու հայեցակարգ, Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն սարքելու հայեցակարգ, Գյումրին՝ տեխնոքաղաք սարքելու հայեցակարգ, եւ այսպես` լիքը ուրիշ հայեցակարգեր ու ծրագրեր։ Դրանց բոլորին միավորում է երկու կարեւոր բնութագրիչ։ Առաջին՝ դրանցից ոչ մեկը դեռ իրականություն չի դարձել, եւ դժվար է ասելը, թե երբեւէ կդառնա։ Երկրորդ՝ այդ հայեցակարգերի, ծրագրերի, վերլուծությունների եւ խորհրդատվությունների վրա ծախսվել են հարյուր-հազարավոր դոլարներ, քանի որ մերոնք միշտ դիմել են օտարերկրյա հեղինակավոր ընկերությունների օգնությանը։
Եթե այս ծրագրերը կյանքի չեն կոչվում, ապա սա էլ կարելի է դիտարկել` որպես պետական միջոցները անարդյունավետ ծախսելու (մեղմ ասած) վառ օրինակ։ Կառավարության անկեղծությանը կհավատայինք, եթե այդ հարցում էլ խորը ուսումնասիրություններ ու ծառայողական քննություններ նշանակվեին` եւ արդյունքներն էլ նույն ոգեւորությամբ դարձնեին հրապարակային քննարկման առարկա։ Պատրաստվո՞ւմ է արդյոք կառավարությունը նման ուսումնասիրություններ անել։ Այս հարցն ուղղեցինք ՀՀ կառավարությանը եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Վարչապետի վերհսկողական ծառայությունը պետական կառավարման մարմիններում միշտ էլ կատարում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին վարչապետը պարբերաբար իրազեկում է հանրությանը»։
Մեզ մնում է սպասել իրազեկումներին։ Սակայն մինչ այդ շնորհակալ կլինեինք, եթե պաշտոնապես հրապարակվեր, թե 2000 թվականից ի վեր որքա՞ն գումարներ են ծախսվել զանազան հետազոտությունների եւ դարակազմիկ հայեցակարգերի մշակման վրա։ Այդ թիվն էլ է բավարար արդյունքների եւ արդյունավետության մասին պատկերացում կազմելու համար։ Պարզապես՝ Գյումրի, Ջերմուկ կամ Դիլիջան այցելելով։