16-ամյա Ռազմիկը թերզարգացում ունի, տարիքին համընթաց չի աճում, ինչը հաստատել են նաեւ առողջապահական եւ զորակոչային համապատասխան մարմինների մասնագետները:
Չնայած դրան, նվազ քաշով ու հասակով նա պատրաստ է գնալ զինվորական ծառայության: Մայրը` Արմենուհին, ասում է` «Ճիշտն ասած` ես ու ամուսինս շատ ենք ուզում, որ ծառայի, բայց մյուս կողմից էլ` շատ անհանգիստ ենք, որովհետեւ ինքը պրոբլեմատիկ ա, տեսնում եք, էլի` փոքրամարմին, նվազ երեխա ա: 37 կգ քաշն ա, 43` բոյը, շատ նվազ ա: Կանչեցին Երեւան, Հանրապետական ու Նորք-Մարաշի հիվանդանոցում ստուգումներ արեցին, հաստատեցին, որ թերզարգացած ա, բայց ասեցին` պիտի ծառայի: Օրենքով համարվում ա` ծառայության ոչ պիտանի, բայց պիտի տանեն, ասում են` կզորակոչենք»: Ռազմիկի ծնողները քաջ գիտակցում են, որ նա համարվում է ծառայության համար ոչ պիտանի, բայց ոչինչ չեն անում նրան բանակ չուղարկելու համար, որովհետեւ բանակում գոնե Ռազմիկը երկու տարի սեփական մահճակալն ու անկողինը կունենա ու օրական երեք անգամ կսնվի: Հինգ երեխաներից բոլորն էլ` մի տեսակ կաշկանդված, ամաչկոտ ու բարդույթավորված են:
Հարցերիս պատասխանում են գլխի «հա» ու «չէ» շարժումներով, իսկ ամենափոքրը` 8-ամյա Աննան, այս աշխարհի դրվածքից էնքան վիրավորված է, որ վագոն-տնակի թիթեղյա պատին հենված` անգամ գլուխը չի բարձրացնում: Լոռու մարզի Սպիտակ քաղաքի աննկարագրելի վատ պայմաններում գոյատեւող բազմազավակ այս ընտանիքի կենսակերպը հնարավոր չէ նկարագրել: 13-ամյա Կարենի քրքրված գուլպաների կրունկները բացակայում են: Հողե հատակին կիսաբոբիկ է քայլում: Իսկ մյուս եղբոր` Գարիկի պատառոտված հագուստը հավանաբար աղբանոցից են հայթայթել:
Երեխաների հայրը` Էդիկ Օհանյանն, աշխատում է հացի փռում. «Գոնե, որ երեխեքս ցամաք հաց կարենան ուտեն, թե չէ… Գիշեր-ցերեկ աշխատում եմ, դե գիտեք փռում ոնց ա, անքուն, անգիշեր… Օրական 1500 դրամ ու երկու հաց, բայց երկու հացով հինգ երեխա չես պահի: Հիմա էնպես ա, որ իմ աշխատանքով մենակ ցամաք հացն ենք կարում ապահովել, իսկ մնացածը…»: Մնացածը թողել են Աստծու հույսին ու ապրում են օրվա գոյությունը ենթագիտակցորեն քարշ տալով: 43.500 դրամ նպաստով Արմենուհին անգամ չի հասցնում չորս դպրոցական երեխաների եւ կոմունալ վճարումների հարցերը լուծել: Ասում է, որ դպրոցի տնօրենն իմանալով իրենց անօգնական վիճակի մասին` շատ է զիջում եւ օգնում է երեխաներին, գրքերը տրամադրում է զեղչերով: Արդեն երկու ամիս է` նպաստ չեն ստանում, որովհետեւ չեն հասցրել փաստաթղթերը ժամանակին ներկայացնել: Աղքատության նպաստ ստանալու կարգերն ու օրենքներն այնքան արագ են փոփոխվում, որ նպաստառուներից շատերը չեն կարողանում հասցնել սոցծառայությունների պահանջները բավարարել, արդյունքում` կորցնում են պետության տրամադրած նպաստը: «Շատ վատ ենք ապրում, ի՞նչ ասեմ, ամեն ինչ տեսնում եք, ոնց որ գոմում ապրենք, կենդանու նման` աննպատակ, անապագա, անիմաստ»: Արմենուհին ասում է, որ երկրաշարժի ժամանակ տուն են կորցրել, մինչեւ այսօր վագոն-տնակում են ապրում, բայց երբեւէ տուն ստանալու հեռանկար այլեւս չեն տեսնում. «Մենք ցուցակում կանք, բայց ասում են` պիտի շենքերին բավարարեն, հետո նոր` սեփական տների բնակիչներին: Արդեն հոգնել ենք սպասելուց, չենք էլ հավատում, թե տուն կտան: Պետությունը պիտի հասկանա, որ մինչեւ ինքը տներով ապահովի` էս ջահել սերունդը խորտակվում ա: Էս դոմիկներում երեխեքը առողջությունները կորցնում են: Հասկանո՞ւմ եք, պետությունը վաղը-մյուս օրը փաստի առաջ ա կանգնելու, որովհետեւ երիտասարդների ճակատագրերը խորտակվում են էս պայմաններում: Մենք մեծ ենք, մենք ջհանդամ…»: Ընտանիքի հինգ երեխաները սովորելու հետ սեր չունեն, որովհետեւ առավոտից իրիկուն կենցաղային խնդիրները լուծելով են զբաղված: Հողամաս են մշակում, ջուր են կրում, դոմիկն են «կարկատում», մի խոսքով` անում են այն ամենը, ինչ պետք է անել գոյատեւելու համար: