«Հեռանում եմ խառը զգացողություններով»

04/06/2011

Իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը երեկ հանդես է եկել հրաժեշտի խոսքով, որը ներկայացնում ենք ստորեւ.

Երեք տարի որպես ԱՄՆ դեսպան պաշտոնավարելուց հետո, այս ամռանը ես մեկնում եմ Հայաստանից: Ինձ համար պատիվ էր ներկայացնել իմ երկիրն ու աշխատել այսքան տաղանդաշատ մարդկանց հետ Հայաստանում: Ես հեռանում եմ խառը զգացողություններով. մի կողմից` ուրախ եմ վերադառնալ ԱՄՆ` դեպի ընտանիք եւ ընկերներ, մյուս կողմից` տխուր եմ հեռանալ այս գեղեցիկ երկրից այս պատմական պահին: Հավատացած եմ, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը հպարտանալու շատ բան ունեն: Հայ-ամերիկյան հարաբերությունները խարսխված են ժողովրդավարության, բարեկեցության ու խաղաղության ընդհանուր համոզմունքի շուրջ, եւ այս երկրում ուր էլ գնայի, ամենուր կային մեր հաջող համագործակցության օրինակներ: Ես խոսել եմ քաղաքացիների շահերի պաշտպանությունն իրականացնող իրավաբանների հետ Արմավիրում, ովքեր օգնում էին մարդկանց կենսաթոշակային իրավունքների ապահովման հարցում, տեսել եմ հանրային առողջապահության ոլորտի բարելավմանն ուղղված մեր համատեղ ջանքերի պտուղները Վանաձորի ծննդատանը եւ հիացմունք եմ ապրել` տեսնելով Կապանի կամավորների նվիրվածությունը բնապահպանական հարցերին:

Հայաստանում գտնվելու երեք տարիների ընթացքում ես ականատեսն եմ եղել մի շարք զարգացումների, որոնք ընդգծում են մեր ամուր կապերն ու միասին պայծառ ապագա կերտելու մեր հանձնառությունը:

Մեկ տարի առաջ նախագահ Օբաման հրավիրեց նախագահ Սարգսյանին մասնակցելու Միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին Վաշինգտոնում`ցույց տալով, որ Միացյալ Նահանգները Հայաստանին համարում է լավ գործընկեր զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կանգնեցնելու ճանապարհին: Անցյալ տարի, Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրն այստեղ էր գտնվում պետքարտուղար Քլինթոնը, ով 18 տարվա ընթացքում առաջին պետքարտուղարն էր, որ եղավ Երեւանում: Այդ գեղեցիկ ամառային օրը պետքարտուղար Քլինթոնի երեկոյան զբոսանքը Հյուսիսային պողոտայով խորհրդանշեց բաց ու ինքնաբուխ փոխանակումը, որ պետք է տեղի ունենա ժողովրդի եւ իր կառավարության միջեւ:

ԱՄՆ կառավարության ծրագրերը Հայաստանում օժանդակել են երկրի կայուն զարգացմանը` մրցունակությունը բարձրացնելու, հաստատությունները ամրապնդելու, սոցիալ-առողջապահական ծառայությունների որակը բարելավելու, քաղաքացիական հասարակությանն ավելի մեծ իրավասություններով օժտելու ճանապարհով: ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ վերանորոգվել են Հայաստանի առավել կարիքավոր գյուղական բնակավայրերի բժշկական կետերի ու ամբուլատորիաների երկու երրորդը, մոբիլիզացվել են քաղաքացիական հասարակության խմբերի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում: Ավարտին է մոտենում Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի 180 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրերի իրականացումը` ուղղված երկրի հիմնական ջրանցքների ու ոռոգման համակարգերի բարելավմանը, որի շահառուներն են 350 գյուղական համայնքների 420.000 բնակիչներ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը գովելի առաջընթաց է գրանցել մարդկանց թրաֆիկինգ հանցագործության դեմ պայքարում: Հայաստանն ի ցույց է դրել, որ հավատարիմ է գլոբալ անվտանգության ապահովման իր հանձնառությանը` հայկական զորախմբեր ուղարկելով Աֆղանստան եւ ուժեղացնելով Հայաստանի արտահանման վերահսկողության ռեժիմը: Թուլացել են հանրահավաքների ազատության նկատմամբ սահմանափակումները: 2008թ. մարտի 1-ի հետընտրական դեպքերին առնչվող գործողությունների համար անազատության մեջ հայտնված քաղաքացիների նկատմամբ կիրառվել է համաներում, կամ նրանք վաղաժամկետ ազատ են արձակվել:

Այնուամենայնիվ, առջեւում դեռ շատ մարտահրավերներ կան, եւ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին իր առավելագույն ներուժին հասնելու հարցում: Միացյալ Նահանգները վճռականորեն պատրաստ է օժանդակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակում ենք օժանդակել հայ-թուրքական հաշտեցմանը թե՛ այստեղ, թե՛ Անկարայում: Նորություն չի լինի, թերեւս, այն, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել ժողովրդավարության կայացմանը, որը Ամերիկայի հիմնադիր սկզբունքն է եւ հիմնարար գործոն է Հայաստանի քաղաքական եւ տնտեսական զարգացման համար: Մենք աշխատում ենք կառավարության եւ տեղական գործընկերների հետ` օգնելու Հայաստանում ժողովրդավարության կայացմանը` օրենքի գերիշխանության, արդյունավետ կառավարման եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանման ճանապարհով: Առաջիկա ընտրությունները հնարավորություններ են ընձեռում Հայաստանի ժողովրդավարության հանդեպ վստահությունը լայնորեն վերականգնելու համար: Իրենց ժողովրդավարական ձգտումները կյանքի կոչելու համար քայլեր պետք է ձեռնարկեն հենց հայաստանցիները, իսկ ամերիկյան ժողովուրդը պատրաստ է օգնել Հայաստանի ժողովրդին` այս պահը հանուն առաջընթացի օգտագործելու հարցում:

Բնական է, որ մեր երկու երկրները չեն կարող համակարծիք լինել բոլոր հարցերում, սակայն ժողովրդավարության, բարեկեցության եւ խաղաղության մեր ընդհանուր համոզմունքը ուղենիշ կծառայի մեր հետագա համագործակցության համար: Ես հեռանում եմ Հայաստանից` վստահ լինելով, որ մեր հարաբերությունները կշարունակեն խորանալ, եւ մենք միասին կգտնենք նոր ուղիներ կերտելու ապագա, որ շահավետ կլինի բոլորիս: