Չնայած այն բանին, որ «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը բնիկ երեւանցի է, շատերը մտածում են, թե նա միայն վերջերս է վերադարձել արտասահմանյան որեւէ երկրից: Պատճառն այն է, որ խմբի կատարումների սիրահարները Ռոլանդի հնչերանգի մեջ արեւմտահայերենի շեշտադրումներ են տեսնում: Ռոլանդը մարմնի վրա բազմաթիվ տատուներ է դաջել: Նա, սակայն, չցանկացավ մեկնաբանել դրանց իմաստը. «Տատուն շատ անձնական է: Իմ մարմնի յուրաքանչյուր տատու կյանքիս որոշակի փուլն է արտահայտում»: «Տաքսի»` «Էլի լավա» ֆիլմի սաունդտրեկը հանդիսացող` «Ռեինկարնացիա» խմբի «Էլի լավա» երգը մեծ ճանաչում բերեց թե՛ խմբին, թե՛ ֆիլմին: Ռոլանդի հետ մեր զրույցում պարզվեց, որ խումբն ունի շուրջ 11 տարվա պատմություն: Սկզբնական շրջանում «Ռեինկարնացիան» միայն ռոք էր նվագում եւ միայն վերջին 6 տարիներին են անցել ռեգգի ոճին: Երբ խումբն անցում կատարեց դեպի ռեգգի, կարծիքներ հնչեցին, որ Ռոլանդը պարզապես կրկնօրինակում է հանրահայտ ռեգգի կատարող Բոբ Մարլիի ոճը:
– Ի՞նչ կասես բոլոր նրանց, ովքեր համոզված են, թե դու կրկնօրինակում ես Բոբ Մարլիին:
– Կասեմ, որ նրանք չարաչար սխալվում են: Մենք ռեգգի ենք նվագում: Իսկ ռեգգին Յամայկայի երաժշտությունն է: Այն, ինչ նվագում է մեր խումբը, կարելի է անվանել հայկական էթնիկ երաժշտության եւ բալկանյան երաժշտության միքս: Նվագում ենք այնպես, ինչպես զգում ենք: Ովքեր ծանոթ են մեր խմբի կատարումներին, եւ, առհասարակ, ովքեր ճանաչում են մեզ, երբեք նման համեմատություններ չեն արել: Եթե նկարիչը սիրում է Լեոնարդո Դա Վինչիի կտավները եւ իր նկարների մեջ կիրառում է նրա ոճը` դա դեռ չի նշանակում, որ նա կրկնօրինակում է Դա Վինչիին:
– Քո բեմական հագուստի մեջ հաճախակի են նկատվում կանեփի տերեւի պատկերներ, անգամ այժմ քո մատին այդ տերեւի նշանով մատանի կա: Այս երեւույթը խոսո՞ւմ է քո նախասիրությունների մասին:
– Այդ խոսակցությունները պարզապես ծիծաղելի են ինձ համար: Ես ապրում եմ իմ կյանքով, այնպես, ինչպես ճիշտ եմ համարում: Կարեւորը` ոչ ոքի նեղություն չեմ տալիս: Այդ տերեւն իմ երգերի ասելիքի հետ որեւէ կապ չունի: Շատ ավելի կարեւոր թեմաներ կան, որոնք ուշադրության կարիք են զգում:
– Դու շատ-շատերից տարբերվում ես քո բեմական կերպարով: Նպատակաուղղվա՞ծ ես դա անում:
– Պարզապես չեմ նայում, թե ինչ են անում իմ կոլեգաները բեմում` ինչ են երգում, ինչպես են հագնվում… Եվ հենց այդ «անտեղյակությունն» էլ բերում է նրան, որ մեր խումբն իրոք ինքնատիպ է եւ երբեք չի կրկնօրինակում: Մենք մեր գործն ենք անում:
– Խումբը կարծես օր օրի մեծանում է:
– Ճիշտ եք նկատել: Հիմա մենք 9 հոգի ենք եւ այս տարվա մեջ ավելի ենք շատանալու եւ վերածվելու ենք մեծ նվագախմբի: Դա իմ երազանքն է` մեծ նվագախմբով կատարել մեր իսկ երգերը: Հզոր աշխատանք կստացվի:
– Չե՞ս կարողանում մերժել բոլոր նրանց, ովքեր ցանկություն են հայտնում նվագել «Ռեինկարնացիա» խմբում:
– Բնականաբար հաճելի է, երբ բազմաթիվ երաժիշտներ ցանկություն են հայտնում նվագել մեր խմբում: Սակայն ես չափազանց պահանջկոտ եմ երաժշտության մեջ` թե իմ եւ թե խմբի մյուս անդամների հանդեպ: Բնականաբար, միայն խմբում լինելու ցանկության պատճառով չեմ կարող բոլորին ընդունել նվագելու` «Ռեինկարնացիայում»: Պարզապես նպատակ ունեմ ստեղծելու ավելի մեծ երաժշտական բենդ, քանի որ ավելի մեծ ասելիքներ ունեմ: Այս տարի մտադիր ենք թողարկել միանգամից կրկնակի` «դաբլ» ալբոմ, որոնք ոճային առումով կտրուկ տարբերվելու են իրարից: Ալբոմներից մեկն արդեն պատրաստ է, այն ամբողջությամբ ձայնագրվել է ԱՄՆ-ում: Հաջորդ CD-ն մտադիր ենք ձայնագրել այստեղ` Հայաստանում:
– Ժամանակին` գրեթե մերկ, լուսանկարվել էիր հայկական ամսագրերից մեկի շապիկին: Եվ այդ լուսանկարով պաստառը, որպես տվյալ ամսագրի հերթական համարի գովազդ, չթույլատրվեց փակցնել Օպերայի շրջապատի ցանկապատին: Այն համարվեց չափազանց «ազատ»` քաղաքի կենտրոնում տեղադրելու համար:
– Իմ կարծիքով` Օպերայի շրջակայքն առհասարակ պետք է մաքրել բոլոր տեսակի պաստառներից եւ ավելորդություններից: Այդ գեղեցիկ շինությունը պետք է ազատել անիմաստ երեւույթներից: Ինչ վերաբերում է ազատությանը, ապա ասեմ, որ, ցավոք, ազատություն ասվածը շատ դեպքերում սխալ է ընկալվում: Ազատությունը` գռեհկությունն ու ամենաթողությունը չէ: Ազատությունը այն է, երբ ես մաքուր սրտով կարող եմ դիմացինիս ասել` սիրում եմ: Ազատությունը մարդու ուղեղում եւ հոգում պետք է ապրի, որ այն ճիշտ, մաքուր դրսեւորում կարողանա ստանալ: Ես շատ կուզեի, որ իմ քաղաքը մաքուր լիներ` բառիս ամենալայն իմաստով: Իմ երազանքի Երեւանն ու երեւանցին միայն հին Երեւանն արտացոլող լուսանկարներում են մնացել:
– Դու ընդամենը 25 տարեկան ես: Այդ կարոտը կհասկանայի, եթե հին Երեւանի մասին խոսեր մեզանից ավագ սերնդի ներկայացուցիչը, ով երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է հին Երեւանում:
– Ցավոք, ինձ թույլ չեն տվել վայելել հին Երեւանը բոլոր նրանք, ովքեր շատ արագ քանդեցին քաղաքը: Սակայն ծնողներս բազմիցս խոսել եւ կարոտով պատմել են ինձ հին Երեւանի հմայքի մասին: Ցավում եմ, որ այդ հմայքից հետքեր անգամ չեն մնացել:
– Ցանկության դեպքում կարող ես ստեղծագործել նաեւ ԱՄՆ-ում: Ի՞նչն է քեզ այստեղ պահում, երբ քո տարեկից շատ երիտասարդներ բառացիորեն փախչում են երկրից:
– Ես հաճախ եմ լինում արտերկրում: Տեսնելով այնտեղի թվացյալ «բարեկեցիկ եւ ապառիկ» կյանքը, հասկանում եմ, որ Հայաստանից լավ տեղ չկա: Եթե մենք մեզ անվերջ տրամադրենք, թե աշխատանք գտնելն անհնար է, ապա այդ տրամաբանությամբ բոլորս կլքենք երկիրը: Պարզապես մենք ունենք մի մեծ խնդիր. օրինակ, հավաքարարն ուզում է տնօրենի պաշտոնին վայել աշխատավարձ ստանալ եւ զարմանում է, որ նրան այդ գումարը չեն հատկացնում: Իմ երգերը երեւանցիների մասին են եւ երեւանցիների համար: Իսկ մեր խնդիրները միայն մեզ կարող են հետաքրքրել:
Տեսակով այնպիսին եմ, որ շատ հեշտ բավարարվում եմ նաեւ քիչ գումարով: Անբավարարվածության զգացողություն ունենում եմ միայն աշխատանքի հետ առնչվող հարցերում: Երաժշտության մեջ միշտ չբավարարված եմ:
– Կորպորատիվ միջոցառումների մասնակցելու հրավերներ խումբն ունենո՞ւմ է:
– Անպայման: Ինձ համար միեւնույն է, թե որտեղ կերգեմ: Եթե մարդիկ ցանկություն են հայտնել` լսել մեր երգերը, ապա ինչո՞ւ չհամաձայնել: Ամեն մարդ իր ճակատագրով է գալիս այս աշխարհ: Կան մարդիկ, ովքեր ծնված են միայն ստամոքս լցնելու համար, կան մարդիկ, ովքեր այս կյանքում ապրելու առավել լուսավոր պատճառներ ունեն: Մեր խմբի ելույթների ժամանակ դեռ չեն եղել դեպքեր, երբ մարդիկ լսել են մեզ ականջի ծայրով` ընթացքում անվերջ ծամելով:
Երբ մենք երգում ենք` մարդիկ միայն հաճույքով պարում են: Եթե անգամ շատ սոված են` պարում են ծամելով: