Ուսանողները շանտաժի՞ են ենթարկում դեկանին

04/06/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարում լույս տեսած ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների՝ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված «Որքա՞ն արժեն մայր բուհում ասպիրանտուրայի տեղերը» վերնագրով բաց նամակը, մեղմ ասած՝ վրդովեցրել է Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դասախոսական կազմին, մասնավորապես, ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանին:

Վերջինս երեկ զանգահարել էր մեր թերթի խմբագրություն՝ նշել, որ այդ նամակը զրպարտություն է, եւ որ դրանով արատավորել են ոչ միայն իր, այլեւ մայր բուհի հեղինակությունը: Նամակի առնչությամբ նրա մեկնաբանությունները մենք լսեցինք ֆակուլտետի լսարաններից մեկում, որտեղ հավաքվել էին նաեւ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի գրեթե բոլոր ամբիոնների վարիչները, ովքեր երբեմն միջամտում էին զրույցին: Ընդ որում՝ բացի մեր ձայնագրիչից, ամբողջ խոսակցությունը ձայնագրվեց նաեւ ֆակուլտետի լրատվամիջոցների եւ հանրության հետ կապերի պատասխանատուի կողմից:

«Գաղտնիք չէ, որ առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ընդունվողներն ազատվում են զինվորական ծառայությունից, իսկ սա «լավագույն» առիթներից է կոռուպցիայի դրսեւորման տեսանկյունից, հատկապես, երբ դեկանն ինքն է որոշում՝ ում ընդունի ասպիրանտուրա: Կցանկանայինք Ձեր ուշադրությունը սեւեռել մի հետաքրքիր փաստի վրա: Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը հենց այդպիսի խոստում էր տվել ֆիզիկական աշխարհագրության ամբիոնին: Սակայն, ի ուրախություն մեզ, ասպիրանտուրական տեղերի վերջնական հատկացումը եւ հաստատումը իրականացվում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, ապա՝ ՀՀ Կառավարության կողմից»,- նշված է ուսանողների նամակում: Ի պատասխան այս պնդմանը, Մ. Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Սա զրպարտանք է՝ դեկանը չի կարող որոշել, թե ում ընդունի ասպիրանտուրա, ոչ ռեկտորը, ոչ էլ նախարարը չեն կարող դա որոշել: Ասպիրանտուրա ընդունում է քննական հանձնաժողովը, որը կազմվում է համապատասխան ամբիոնների դոկտոր-պրոֆեսորներից, եւ քննություն են անցկացնում: Դեկանն ուզում ա Աստված էլ լիներ, եթե նա արդարացի չլիներ այդ ուսանողի նկատմամբ, որ նա լավագույնն է, եւ իրեն կարծիքը կարող են հաշվի առնել կամ հաշվի չառնել, դեկանը չի կարող: Սա զրպարտանք է»: Ուսանողներն իրենց նամակում նշել էին նաեւ այս տարվա ասպիրանտական տեղերի բաշխվածության մասին՝ ընդգծելով հատկապես այն հանգամանքը, որ ասպիրանտական տեղ է հատկացվել ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնին: «Բնականաբար, այս հանգամանքը «վրդովեցրել» էր ֆակուլտետի դեկան Մ. Գրիգորյանին: Նա, ինչպես ֆակուլտետում, այնպես էլ համալսարանի ղեկավարության մոտ հայտարարել է, որ «Մեկ է՝ ընդունելու եմ իմ ուզած ուսանողին»,- գրել էին ուսանողները: «Իմ ուզած ուսանող չկա: Ես 32 տարվա դեկան եմ ֆակուլտետում՝ աշխատելով եւ՛ կոմունիստների, եւ՛ ՀՀՇ-ականների ժամանակ, եւ հիմա: Չի կարող պատահի դեկանի համար իմ ուսանող լինի: Դուք կարող եք ֆակուլտետում շրջել եւ իմ կոլեգաներին հարցնել: Եթե ես դնեի` իմ ուսանողը, իմ ոչ ուսանողը, չէի կարող աշխատել»,- ընդգծեց դեկանը: Վերջինիս փոխանցմամբ՝ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնը 15 տարի շարունակ ասպիրանտ չի ունեցել, եւ ամբիոնն էր խնդրել ասպիրանտական տեղեր հատկացնել: Ընդ որում՝ ըստ դեկանի, այդ հարցը քննարկվել է մյուս ամբիոնների վարիչների շրջանում, որոնք, ի տարբերություն վերոնշյալ ամբիոնի, ասպիրանտներ ունեն, եւ դրանից հետո միայն կայացվել է որոշում սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնին ասպիրանտական մեկ տեղ տրամադրելու մասին: Դեկան Մ. Գրիգորյանի գնահատմամբ՝ այս տարվա արդեն հաստատված ասպիրանտական տեղերի հարցում կեղծիք կամ թյուրիմացություն է տեղի ունեցել: «Կրթության եւ գիտության նախարարության կողմից (չգիտեմ, թե ինչպես նախարարը դա կպարզի) սխալմամբ 04.02-ը դարձել է 04.01: Այդ սխալը նախարարը գիտի, այդ հարցերի մասին նախարարը նախօրոք գիտեր` մինչեւ ձեր հոդվածը լույս կտեսներ (նկատի ունի ուսանողների գրած բաց նամակը.- Մ.Մ.), նախարարը տեղյակ էր եղել եւ ասել էր, որ այդ սխալը հիմա մենք չենք կարող ուղղել, բայց դուք ընտրություն կազմակերպեք ըստ ֆակուլտետի ներկայացրած պահանջի, արդարություն պահպանեք քննության ժամանակ, եւ մարդիկ կանցնեն, անցնելուց հետո եթե ինչ-որ մրցակցություն կլինի, նախարարությունը կնայի հնարավորությանը՝ տեղ կհատկացնի կամ չի հատկացնի: Դա արդեն հետագայի հարց է: Ուզում եմ ասել, որ սա նույնպես զրպարտանք է»,- նշեց Մ. Գրիգորյանը՝ շեշտելով, թե ինքը պայքարել է արդարության համար: Ուսանողները նաեւ գրել էին, թե դեկանը փոխել է ընդունելության հարցաշարը, եւ նախորդ տարվա համեմատ` այս տարվա հարցաշարի հարցերի մոտ 70%-ը չի համապատասխանել, ինչպես ուսանողներն էին գրել՝ երկրաբնապահպանության մասնագիտությանը, եւ հարցերում առավելապես ընդգրկված էին ֆիզիկական աշխարհագրության նեղ թեմաները: Դեկանը նաեւ այս հարցի պատասխանն ուներ: Նրա վստահեցմամբ՝ հարցաշարը կազմում են ամբիոնի վարիչները, եւ այն կազմվել է այն ընդհանուր առարկաների գծով, որոնցից ուսանողները հանձնել են պետական քննություն: Դեկանը ուսանողների բաց նամակի այդ կետը եւս համարեց զրպարտություն: «Իսկ ի՞նչ հարցաշար պետք է տայինք: Խնդրեմ, ուսանողները թող գային, մոտենային ամբիոնին, իրենց հարցը դնեին, մոտենային դեկանին, կդիմեին ռեկտորին, նախարարին եւ, եթե տեսնեին, որ ոչինչ հնարավոր չենք արել, նոր կդիմեին թերթին՝ հրապարակման միջոցով: Ո՛չ, սրանց նպատակն է` զրպարտել քննություններից առաջ, շանտաժել դեկանին, որպեսզի դեկանն արդարացի պահանջ դնի, որ ֆակուլտետի խորհրդի որոշումը, որը ներկայացվել է Կառավարություն, պետք է կատարվի: Ա՛յ, դրա համար էլ շանտաժի են ենթարկում, դրա համար էլ զրպարտում են»,- նշեց դեկանը: Դեկան Մ. Գրիգորյանի փոխանցմամբ՝ նամակի հեղինակը ոչ թե ուսանողների խումբ է, այլ մեկ ուսանող, ում ինքնությունն ինքը կփորձի պարզել: Ըստ նրա՝ ուսանողի ինքնությունը պարզելուց հետո ինքը կդիմի նաեւ իրավապահ մարմիններին, քանի որ հրապարակված նամակը արատավորել է ոչ միայն իր, այլեւ բուհի հեղինակությունը: «Այստեղ ուսանողների խումբ չկա, այստեղ կա մեկ ուսանող, որը վաղը կբացահայտվի: Դուք կտեսնեք, որ ուսանողների խումբ չէ, չեն լինի ուսանողներ, որոնք ստորագրած են: Դրանք մեռած կամ ոչ կենդանի մարդիկ են, որ ստորագրել են: Մեկ ուսանող կարող է լինի, որ թաքցնում է իր էությունը»,- ասաց Մ. Գրիգորյանը՝ նշելով, թե դա զինծառայությունից խույս տալու ձեւ է: «Այդ մարդը պետք է պատասխան տա իր զրպարտությունների համար»,- ավելացրեց դեկանը: