Այսօր փախստականներից շատերը բնակվում են հանրապետության վերաբնակեցվող գյուղերում, որոնք ապահովված են բնակարաններով: Ոմանք հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց բնակարանները, մյուսներն էլ սեփական միջոցներով են բնակարաններ ձեռք բերել: Այսօր հանրակացարաններում ապրող փախստական ընտանիքներ կան, որոնց բնակարանային հարցերի լուծման համար վերջերս ԼՂՀ կառավարությունը որոշել է տարեցտարի բնակարաններ կառուցել: Դեռ 2005թ. բնակարաններով պետք է ապահովվեր մոտ 30 ընտանիք, սակայն ԼՂՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Պավել Նաջարյանի խոսքերով, մի շարք օբյեկտիվ պատճառներով բնակարանների շինարարությունը չի էլ սկսվել: «Արդեն լուծված են բոլոր հարցերը, այդ թվում նաեւ` բնակարանների կառուցման համար նախատեսվող տարածքի խնդիրը: 2006-ին Աջափնյակ թաղամասում կկառուցվի 30 տուն, որտեղ կտեղափոխվեն Արցախի Պետհամալսարանի հանրակացարանում ապրող փախստականների ընտանիքները»,- հավաստիացրեց վարչության պետը:
Այժմ ԼՂՀ-ում շարունակվում է փախստականների գրանցման ու վկայականների տրամադրման գործընթացը: Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության տվյալներով, հանրապետությունում բնակվում է շուրջ 3500 ընտանիք, որից 1000-ը ստացել է վկայական: Այս տարի սկսվել է նաեւ պետության կողմից փախստականներին միանվագ գումարի տրամադրման գործընթացը, որը կշարունակվի նաեւ հաջորդ տարի: Վարչության պետ Պավել Նաջարյանի խոսքերով, առայժմ միանվագ գումար է ստացել շուրջ 130 ընտանիք, իսկ մինչեւ տարեվերջ այդ ընտանիքների թիվը կհասնի 400-ի: Ընդհանուր առմամբ, այս տարի ծրագրի համար նախատեսված է մոտ 20 մլն դրամ: Հայտնի է, որ միանվագ օգնություն են ստացել միայն մայրաքաղաքում ապրող փախստականները: «Ե՞րբ է միանվագ օգնությունը տրամադրվելու նաեւ շրջաններում բնակվող փախստականներին» հարցին պարոն Նաջարյանը պատասխանեց. «Մեր աշխատակիցները համագործակցում են շրջվարչակազմերի ներկայացուցիչների հետ, ճշտվում են բոլոր տվյալները: Հուսով եմ, որ շուտով նրանց էլ կտրամադրվեն այդ գումարները, հատկապես, որ 2006 թվականին նախատեսում ենք միանվագ օգնության ծրագիրն ընդլայնել, ըստ որի` օգնություն կտրամադրվի մոտ 1500-2000 ընտանիքների»: