Բրիտանական «The Economist» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Թուրքիայի ներքաղաքական զարգացումների, այդ թվում` հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Հոդվածում եւ գովեստի, եւ քննադատական խոսքեր են հնչում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ նրա գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության հասցեին: Մասնավորապես նշվում է, որ 2002թ. ի վեր, երբ իշխանության եկավ Էրդողանի իսլամական կուսակցությունը, Թուրքիայի տնտեսությունում գրանցվել է զգալի աճ: Պարբերականը նշում է, որ Էրդողանին հաջողվեց զինվորականությանը հեռացնել քաղաքականությունից եւ ուղարկել զորանոցներ: Բացի այդ, նշվում է, որ բավականաչափ բարեփոխումներ են իրականացվել ԵՄ անդամակցության ճանապարհին։ Թուրքիան սկսել է ավելի հզոր արտաքին քաղաքականություն վարել իր հարեւանների հետ: Այս ամենի արդյունքում, ըստ «The Economist»-ի, Թուրքիան դարձել է մի պետություն, ով ազդեցություն ունի` ինչպես տարածաշրջանում, այնպես էլ` ողջ աշխարհում: Սակայն բրիտանական պարբերականը միեւնույն ժամանակ նշում է, որ Էրդողանի կառավարման 9 տարիների ընթացքում Թուրքիայում վատթարացել է խոսքի ազատության վիճակը, ինչպես նաեւ ավելացել են անօրինականությունները: Ըստ «The Economist»-ի, Թուրքիան բանտում գտնվող լրագրողների քանակով գերազանցել է նաեւ Չինաստանին։
Պարբերականն իր անհանգստությունն է հայտնում այն առնչությամբ, որ կայանալիք ընտրություններում Էրդողանի հաղթանակը կհանգեցնի առկա իրավիճակի շարունակմանը: Եթե Էրդողանը կարողանա խորհրդարանում ստանալ մանդատների 2/3-ը, կկարողանա միակողմանի փոփոխություններ մտցնել երկրի մայր օրենքում: «The Economist»-ն իր հրապարակման մեջ թուրք ընտրողներին բացահայտ կոչ է անում իրենց ձայնը տալ Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցությանը` ի դեմս կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի: Պարբերականի կարծիքով` վերջին շրջանում կուսակցության շարքերում նվազել է բանակին ուղղված համակրանքը եւ այն համոզմունքը, որ բանակը պետք է միջամտի քաղաքականությանը: Բրիտանական պարբերականը նշում է, որ Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նախկինում շատ ավելի քիչ հեղինակություն էր վայելում, իսկ վերջին շրջանում հանրահավաքների ժամանակ կարողանում է ավելի հոծ բազմություն հավաքել, քան Էրդողանի գլխավորած իշխող կուսակցությունը:
«Որեւէ կասկած չկա, որ մյուս կառավարությունը նույնպես ձեւավորելու է Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը: Սակայն մենք թուրքերին խորհուրդ ենք տալիս իրենց ձայնը տալ Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը: Այս դեպքում կնվազի Թուրքիայի սահմանադրությունում միակողմանիորեն փոփոխություններ իրականացնելու ռիսկը: Բացի այդ, հնարավորություն կընձեռվի ընդդիմությանը ապագայում ընտրություններում հաղթելու համար: Իսկ սա Թուրքիայում ժողովրդավարության երաշխիքի լավագույն մեթոդն է»,- գրում է «The Economist»-ը: