Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ Մամեդյարովն ԱՄՆ է մեկնել անցած կիրակի: Երեկ կայացել է Մամեդյարովի հանդիպումը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին էլ Վաշինգտոնում Հիլարի Քլինթոնը հանդիպել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս հանդիպումներն ուշագրավ են հունիսի 25-ին Կազանում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»: