«Բացասական» գործընկերություն

04/06/2011

Չնայած ներմուծման նկատմամբ արտահանման «առաջանցիկ աճի» մասին հայտարարություններին, Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը բացասական է եւ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին 4 ամիսների արդյունքում կազմել է 836 միլիոն դոլար։ «Բացասական նշանով» առեւտրային գործընկերների շարքում առաջին տեղում Ռուսաստանն է։ 2011թ. հունվար-ապրիլին ՀՀ-ՌԴ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 232.8 միլիոն դոլար (արտահանումը՝ 52.9մլն դոլար, ներմուծումը՝ 285.8 մլն դոլար)։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի մեջ Ռուսաստանի տեսակարար կշիռը 27.9% է։

Երկրորդ տեղում Չինաստանն է, որի հետ առեւտրի բացասական հաշվեկշիռը 101.8մլն դոլար է, տեսակարար կշիռը՝ 12.2%։ Չինաստանին հաջորդում են Ուկրաինան (-75.4 մլն դոլար, 9%), Թուրքիան (-61.4 մլն դոլար, 7.4%) եւ Իտալիան (-43.3մլն դոլար, 5.2%)։