«Քիչ ուտում եմ, շատ` ծխում»

04/06/2011

«Dorians» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանն աղջիկների ուշադրության պակաս կարծես թե չի զգում: Եվ զարմանալի չէ, որ շատ են նրա թվացյալ ընկերուհիների մասին խոսակցությունները: Յուրաքանչյուր երկրպագուհի համերգից հետո իր պարտքն է համարում լուսանկարվել Գոռի հետ եւ այդ լուսանկարը տարբեր սոցիալական ցանցերում տեղադրել: Դե արի ու կռահի, թե նրանցից ո՞վ է Գոռի ընկերուհին: Սակայն, ենթադրություններ անելու փոխարեն, մենք նախընտրեցինք խոսել Գոռի հետ: «Իմ սիրտն ազատ է. ես այդպես եմ ուզում: Չեմ կարծում, թե այժմ ժամանակն է լուրջ սիրային հարաբերությունների համար: Միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ դա իմ ուզելով չի տեղի ունենալու, այլ ինքնըստինքյան է լինելու»: Մեր կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը, թե չափազանց նիհար է, որ սրտում գոնե մեկ աղջիկ տեղավորվի, Գոռը համաձայնեց, ասելով`«Լավն էր: Ես նիհար եմ, բայց սիրտս մեծ է»: Մեր հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ վերջինիս չափազանց նիհարությունը «Dorians» ռոք խմբի անդամների եւ հատկապես պրոդյուսերի կատակների հաճախակի թեման է, Գոռը պատասխանեց. «Ճիշտ է: Տղաները հաճախ են կատակում այդ թեմայով: 184սմ. հասակով հանդերձ կշռում եմ ընդամենը 65 կգ: Ասեմ, որ իմ նիհարությունը պետք չէ կապել որեւէ հիվանդության հետ կամ գեների: Պարզապես շատ քիչ եմ ուտում եւ ահավոր շատ ծխում եմ: Հիմա դեռ բավականին «ծանրակշիռ» եմ` իմ 65 կգ-ով հանդերձ»: