Լուրեր էին տարածվել, որ երգահան Վահրամ Պետրոսյանն ու երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատրաստվում են ամուսնանալ: Ապագա փեսայի հետ մեր զրույցում պարզ դարձավ անգամ ամուսնության օրն ու փեսայի կոշիկների գույնը:
«Հարսանիքի օրը նշել էինք դեռեւս մեկ տարի առաջ, երբ ես եւ Լիլիթը ամուսնանալու որոշում էինք կայացրել: Այդ օրը Լիլիթն ասաց.«Մեր որոշումը փոխելու համար մեկ տարի ժամանակ ունենք, եթե չփոխեցինք` ուրեմն եկող տարվա այս օրը եւ կամուսնանանք»: Մեր «վերջնաժամկետը» լրանում է հունիսի 29-ին: Այդ օրն էլ կամուսնանանք: Մեր հարսանիքին չեք տեսնելու որեւէ կանխատեսելի` ադաթախառը երեւույթ: Դեմ չեմ ադաթներին, պարզապես դրանց իմաստի մասին մտածելու ժամանակ անգամ չեմ ունեցել: Իսկ անել մի բան, որի իմաստն էլ չես հասկանում, կարծում եմ` հիմարություն է: Մենք որոշել ենք օրիգինալ լինել ոչ թե հանրությանը զարմացնելու համար, այլ` որպեսզի մեր ամուսնության օրը հիշվի յուրաքանչյուր մանրուքով անգամ»: Մեր դիտարկմանը, որ եւ՛ Լիլիթը, եւ՛ Վահրամը, սիրում են «թիթիզություններ» անել հագուստի մեջ, Վահրամը համաձայնելով` ասաց. «Մենք սիրում ենք լինել օրիգինալ, տարբերվել ամբոխից: Ամուսնության օրը մեր զգեստները եւս տարբերվելու են հարսանեկան զգեստների ավանդական պատկերացումից: Ասեմ, որ բավականին երկար ժամանակ փնտրում էի կապույտ, լաքապատ կոշիկներ եւ այդպես էլ չէի գտնում: Վերջերս Ռուսաստանից եկած իմ ոճաբան ընկերը խոստովանել է, որ կնվիրի ինձ այդպիսի կոշիկներ: Դրանց առանձնահատկությունը հետեւյալն է. Մայքլ Ջեքսոնն իր մահից առաջ կապույտ լաքապատ կոշիկների երեք էսքիզներ էր պատվիրել հայտնի ոճաբաններին, սակայն, ցավոք, նա չհասցրեց կրել այդ կոշիկները: Նրա մահից հետո այդ էսքիզներով կոշիկներ կարելու իրավունք էին տվել աշխարհի տարբեր երկրների ճանաչված ոճաբաններին: Եվ իմ ոճաբան ընկերը խոստացել է նվիրել ինձ այդ կոշիկներից մեկը»: Մեր հարցին, թե ապագա ամուսինները որտե՞ղ են պատրաստվում անցկացնել իրենց մեղրամիսը, Վահրամը պատասխանեց. «Մեր պլանները խախտեց սեպտեմբերին Վրաստանում կայանալիք «Golden talant» միջազգային երաժշտական մրցույթը, որի հայաստանյան ներկայացուցիչն է ընտրվել Լիլիթ Հովհաննիսյանը: Երկու շաբաթ առաջ Հայաստանում կայացած նախընտրական փուլի արդյունքներով Լիլիթը համարվեց լավագույնը: Սեպտեմբերի 1-12 կգտնվենք Վրաստանում` մասնակցելու այդ մրցույթին»: Վահրամի դիտարկմամբ` Վրաստանի «Նոր ալիք» մրցույթն էլ այսուհետ կհամարվի «Golden talant»-ը. այն եւս անցկացվում է ծովափնյա երկրում` Բաթումում, եւ եւս համարվում է միջազգային մրցույթ, որին մասնակցելու են 25 երկրների ներկայացուցիչներ: Հարսանեկան թեմայից դուրս մեր հարցին, թե ի՞նչ է փոխվել Վահրամի ֆինանսական կյանքում, երբ նրան ոչ վաղ անցյալում գրեթե ազգի դավաճան ճանաչեցին (հերթական ասուլիսի ժամանակ հայերի երաժշտական նախասիրությունների մասին իր կարծիքն արտահայտելու համար)` նա նշեց. «Այդ աղմուկից հետո ինձ դիմում են երեք անգամ ավելի շատ, քան առաջ էր: Իմ երգերը վաճառում եմ կրկնակի ավել գնով` 2000 դոլարին համարժեք դրամ»: Մեր դիտարկմանը, որ, փաստորեն, այդ սեւ PR-ից միայն շահեցիր, Վահրամը պատասխանեց. «Եթե ցանկություն ունենայի ինձ գովազդելու, հաստատ այդ ճանապարհով չէի գնա: Բայց այն, որ այդ խոսակցություններից հետո միայն շահել եմ` փաստ է: Բացի «Շանթից», տարբեր հեռուստաալիքներով արտահայտվելու եւ այդ թյուրիմացության վերջը դնելու հնարավորություն ունեցել եմ»: Մեր կեսկատակ հարցին, թե ովքե՞ր են առաջինը «խիզախել» համագործակցել «ազգի դավաճանի» հետ, Վահրամը ծիծաղելով նշեց նրանց անունները. «Ռազմիկ Ամյան, Մարտին Մկրտչյան, Մհեր, Լիլու…»: