Բուժիչ նամակներ

04/06/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Շուշանը` անպարտելիության խորհրդանիշ

Սկանդինավյան դիցաբանության մեջ Lilium candidum տեսակը խորհրդանշել է Էլֆի ծնունդը, ով հավատարիմ է մնացել այդ ծաղիկին մինչեւ իր կյանքի վերջ։ Արքաները իրավունք են տվել իրենց հավատարիմ հպատակներին դաջել ծաղիկը զրահի վրա։

Արքայական սպիտակ շուշանը (regale) հին ժամանակներում խորհրդանշել է կուսական գեղեցկությունը։ Եվրոպական մշակույթում համարվել է, որ lilium martagon տեսակի շուշանի սոխուկը ճաշակած զինվորները դառնում են անպարտելի։ Martagon բառը թարգմանաբար նշանակում է` մարտի գնալ կամ պատերազմ վարել։

Միջնադարի ալքիմիկոսները համարել են, որ martagon տեսակի ծաղիկների օգնությամբ կարելի է սովորական մետաղներից ոսկի ստանալ, քանի որ դրա կտրվածքը դեղնում է։

Lilium tigrinum տեսակի հայրենիքը Հեռավոր Արեւելքն է եւ ճապոնական կղզիները։ Ցողունի բարձրությունը հասնում է 2 մետրի, տերեւները նշտարաձեւ են, ծաղիկները` նարնջագույն` սեւ մեծ կետիկներով, ծաղկաթերթիկները խիստ ոլորված են` հիշեցնում են միջինասիական ժողովուրդների տուրբան կոչվող գլխարկները։ Տեղի բնակչությունը օգտագործում է սոխուկը սնունդի մեջ թարմ կամ չորացրած` ալյուրատիպ վիճակում։

Liliium candidum տեսակի հայրենիքը միջերկրածովյան ավազանն է եւ Կովկասը։ Ծաղիկները շատ բուրումնավետ են, ձյունաճերմակ։

Հայաստանում տարածված է Շուշան արքայականը, որի հայրենիքը Արեւմտյան Չինաստանն է։ Սոխուկները խոշոր են, մանուշակագույն, ցողունը` 120 սմ, տերեւները` նշտարաձեւ, ծաղիկները ձագարաձեւ են, խոշոր, սպիտակ, ստորին մասում` ներսից դեղին, դրսից վարդամանուշակագույն, ունեն գծիկներ։

Ժամանակակից ծաղկաբուծությունը բուռն աճ է ապրում։ 21-րդ հազարամյակում ստացվել է շուշանի նոր տեսակ` իր բազմաթիվ հիբրիդներով` Oriental-Tramper։ Սա չինական մանուշակագույն սոխուկ ունեցող եւ ճապոնական շուշանի հիբրիդ է, ավելի դիմացկուն է վնասատուների հանդեպ, ունի խոշոր, գեղեցիկ զանգակաձեւ, լայն գունային նրբերանգներով ծաղիկներ։

Հայաստանի Լոռի, Տավուշ, Կոտայք, Գեղարքունիք մարզերում աճում է Lilium Armenum բազմամյա տեսակը, հանդիպում է անտառներում, ալպյան եւ մերձալպյան գոտիներում։ Ծաղիկները շքեղ են, խոշոր, ոսկեդեղին։ Բարձրությունը մոտ մեկ մետր է։ Բույսը հայկական էնդեմ է։ Հայկական շուշանը ունի բուժիչ նշանակություն, այն պարունակում է սապոնիններ, սոխուկը հարուստ է ալկալոիդներով։ Բույսի պատրաստուկներն ունեն միզամուղ, արյունարգել, ցավամոքիչ, տոնուսը բարձրացնող հատկություն։ Բույսը ունի պահպանության, որպես մշակաբույս` տարածման կարիք։ Այն պիտանի է թե դեկորատիվ եւ բիզնես, եւ թե բուժիչ նպատակների համար։ Այգեգործության մեջ կա շուշանների բազմացման մի եղանակ, որը կիրառելի է բոլոր բնական տեսակների եւ հիբրիդների համար, անկախ տարվա եղանակից։

Սոխուկը պատված է թեփիկներով, բազմացման համար ընտրում են համեմատաբար մեծերը եւ մսոտները, դրանք պետք է լինեն սպիտակ, առանց կետերի։ Հետաքրքիր է, որ հնարավոր է հողից անջատել սոխուկի մի մասը եւ հավաքել թեփիկների ավելի քան կեսը. դա արվում է մայիսին։ Այս գործողությունը չի փչացնում մայր սոխուկը, հնարավոր է` շատ չնչին նվազի ծաղկատվությունը։ Հավաքված թեփիկները պետք է մշակել թույլ (0,1 տոկոս) կալիումի պերմանգանատի լուծույթի մեջ, չորացնել, 1,5 ամիս պահել պոլիէթիլենային փակ պարկի մեջ` սենյակային պայմաններում, հետո մեկ ամսով տեղափոխել նկուղ` 17-18 ջերմաստիճանի տակ։ Որից հետո, մինչեւ տնկելը պահում են սառնարանում (2-4 աստիճան)։ Այս ընթացքում առաջանում են փոքրիկ սոխուկներ` առավելագույնը 1 սմ տրամագծով, որը կարելի է տնկել արկղում, ջերմոցում կամ հողի մեջ։ Տեղը պետք է լինի քամուց պաշտպանված, բայց օդափոխվող։

Երբեմն բույսի մի քանի ցողունները, կողային ընձյուղները եւ ծաղկակիրները սերտաճում են։ Այս երեւույթը կոչվում է ֆասցիացիա, այն կարող է լինել սոխուկի մեխանիկական վնասվածքի, վիրուսի աճին նպաստող նյութերի կամ պեստիցիդների ազդեցության հետեւանք։ Այդ դեպքում ծաղկատվությունն աճում է մի քանի անգամ։

Այրվածքների դեմ պատրաստեք հետեւյալ երկու քսուքները.

– Շուշանի թարմ ծաղիկները լցրեք մուգ շշի մեջ, ավելացրեք եռացրած-սառեցրած բուսական յուղ։ Երկու շաբաթ թողեք մութ տեղում։

– Պոկեք շուշանի ծաղիկները` կոթունի հետ միասին (հիմքից), անցկացրեք ախտահանված մսաղացով, խառնեք նույն քանակությամբ կարագի հետ։ Քսուքները պահեք սառնարանում։

Լոսյոն

Մուգ ապակե տարան մինչեւ վերջ լցրեք սպիտակ շուշանների ծաղկաթերթերով, վրայից լցրեք օղի այնքան, որպեսզի ծածկի ծաղկաթերթերը, պահեք մութ եւ հով տեղում` մինչեւ 6 շաբաթ։ Պատրաստի լոսյոնը պահեք սառնարանի մեջ։ Թույլատրվում է օգտագործել ամեն օր, լրացուցիչ խառնեք ջրի հետ`

– նորմալ մաշկի համար` 1 մաս լոսյոնը 2 մաս ջրի հետ,

– ճարպոտ մաշկի համար` 1։1 հարաբերությամբ։

Օգտագործելուց առաջ ամեն անգամ լավ թափահարեք սրվակը։

Լոսյոնը հարթեցնում եւ փափկեցնում է դեմքի կնճիռները, լավացնում մաշկի գույնը։

Պեպենների դեմ

100 գրամ սպիտակ շուշանների ծաղկաթերթերը 10 րոպե եփեք 200 մլ եռջրի մեջ։ Եփված ծաղկաթերթերը հովանալուց հետո տեղադրեք պիգմենտային լաքաների եւ պեպենների վրա, պահեք 15 րոպե։

Քսուք

Ծաղկաթերթերի եփուկից կարող եք քսուք պատրաստել` ավելացնելով մեղր եւ մանանեխի փոշի` հավասար քանակությամբ։ Արդյունավետ միջոց է պեպենների դեմ։

Պիգմենտային բծերը պակասեցնելու համար շուշանի 1-2 ճ/գ մանրացրած ծաղկաթերթերին ավելացրեք 200 մլ եռջուր, երբ գոլանա (15 րոպեից)` քամեք եւ լվացեք դեմքը` առավոտյան եւ երեկոյան։

Սնուցող քսուք «Բուրմունք»

Մեկ ձվի դեղնուցը հարեք 20 գ մարգարինի հետ։ Տարայի մեջ ավելացրեք մանրացրած սպիտակ վարդի եւ շուշանի ծաղիկները, ջղախոտ մեծի տերեւը, կրկին հարեք` մինչեւ դառնա թթվասերի խտության։ Պահեք սառնարանի մեջ։

Դեմքի կնճիռների առաջացումը կանխարգելող քսուք. Այս միջոցն անցել է դարերի փորձություն։ Խառնեք 30-40 գրամ սպիտակ մեղվամոմ եւ 30 գրամ սպիտակ շուշանի հյութ, տաքացրեք կրակի վրա մինչեւ մոմի հալվելը, մի փոքր հովանալուց հետո ավելացրեք 70 գ մեղր եւ կրկին խառնեք։ Հով վիճակում քսեք դեմքին, 10-15 րոպեից լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով։ Դիմակը սնուցում է մաշկը, այն դարձնում առաձգական եւ ճկուն։ Անհրաժեշտության կամ ցանկության դեպքում խառնուրդին կարելի է ավելացնել 30 գ սոխի հյութ (կանաչ կամ արմատապտուղ)։