Ամերիկյան «The New York Times» թերթը երեկ ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ Հեղինակը՝ Էլեն Բարրին, հոդվածը պատրաստել է Ադրբեջանում, զրուցել ադրբեջանցիների հետ՝ ներկայացնելով նրանց տեսակետները, եւ խոսելով փախստականների մասին` ներկայացրել մի այնպիսի սրտաճմլիկ տեսարան, որ իրականությանը անտեղյակ ամերիկացին, կարդալով այդ ամենը, համակրանքով է լցվում «տանջված, բայց խաղաղասեր» ադրբեջանցիների հանդեպ եւ ատում դաժան հայերին։ Բացի իր հետ զրուցած ադրբեջանցիներից, հոդվածագիրը ներկայացրել է նաեւ իր սեփական տեսակետները։ Օրինակ՝ այն, որ իրավիճակը դանդաղ, բայց հետեւողականորեն վտանգավոր է դառնում` սառեցված հակամարտությունը կարող է տաքանալ։ Սակայն ամենաուշագրավն այն մասն է, որտեղ Բարրին բացատրում է, թե պատերազմը ինչո՞ւ մինչ այժմ չի վերսկսվել։ Ըստ նրա՝ Հայաստանին ստատուս-քվոն ձեռնտու է, իսկ Ադրբեջանին hետ է պահում այն, որ հարձակման դեպքում Ռուսաստանի բանակն օգնության կգա հայերին։ Այլապես, ըստ հոդվածագրի, ադրբեջանցիները հեշտությամբ կարող էին հայկական ուժերից ազատագրել տարածքները։ Իսկ զրուցակիցներից մեկն էլ լրագրողին ասել է, որ ադրբեջանցիները աշխարհին կոչ են անում կա՛մ վերջ տալ այս ամենին, կա՛մ մի կողմ քաշվել եւ չխառնվել։