Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ երկխոսությունը` արդեն նաեւ ֆորմալ առումով, կարելի է սկսված համարել: Երեկ իշխանությունն ամենատարբեր մակարդակի գործիչների շուրթերով ողջունեց երկխոսության պատրաստակամության մասին ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: Իշխանությունն այդպիսով ընդունում է ՀԱԿ-ի առաջարկած խաղի կանոնները, ընդունում է բավական բարեկամաբար եւ ոգեւորված: Այդ իմաստով երեկվա դրությամբ ամենաէականն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն էր այն մասին, որ իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսությունը բխում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից: Հ. Աբրահամյանը երեկ կարծիք է հայտնել, որ նախագահ Սերժ Սարգսյանը կգնա ՀԱԿ-ի հետ երկխոսություն սկսելու քայլին եւ կկազմակերպի այն: Սա, ըստ էության, կարելի է համարել իշխանության ոչ ֆորմալ պատասխանը ֆորմալ երկխոսություն սկսելու ՀԱԿ-ի առաջարկին: Բնականաբար, չի ուշանա նաեւ ֆորմալ պատասխանը: Հասկանալի է, որ Հ. Աբրահամյանը չէր կարող նման կարեւորագույն հարցի շուրջ կարծիք հայտնել` առանց Սերժ Սարգսյանից համաձայնություն կամ հանձնարարություն ստանալու: Մնացածը` բանակցությունների մասնակիցների կազմը եւ այլն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է, որը կարող է, սակայն, բավական ժամանակ «տալ» երկու կողմերին էլ: Ամենակարեւորը տոնայնությունն է, որով իշխանությունը ողջունում է ՀԱԿ-ի առաջարկը: Հենց այդ տոնայնությունը կանխատեսելով (իմանալով) էր Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին բացատրում դարձվածաբանության-ֆրազեոլոգիայի մեղմացման մասին: Այս մթնոլորտում էլ իշխանությունը, ամենայն հավանականությամբ, ներկայացնելու է իր հակաառաջարկները, որոնց մասին խոսում էր Տեր-Պետրոսյանը: Սակայն նա այդպես էլ չմանրամասնեց, թե ինչ է լինելու, եթե ՀԱԿ-ի համար անընդունելի լինեն իշխանության հակաառաջարկները, ինչպես որ իշխանության համար անընդունելի է ՀԱԿ-ի առաջարկը արտահերթ ընտրությունների վերաբերյալ: