«Կարծում եմ` իշխանությունն ու Հայ ազգային կոնգրեսը երկխոսության արդյունքում ընդհանուր օրակարգի կգան»,- երեկ Tert.am-ին ասել է ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` համոզմունք հայտնելով, որ իշխանությունը քաղբանտարկյալներին ազատ արձակելով` մեղմել է իրավիճակը։ «Քանի որ կողմերը պատրաստ են փոխզիջումների, մնացած հարցերում էլ կգան համաձայնության»,- ասել է նա: Մարտիրոսյանի կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, թե ՀԱԿ-ն արդեն պատրաստ է իշխանության հետ պատվիրակությունների մակարդակով երկխոսության, սովորական պրագմատիկ քայլ է: «Դա սովորական պրագմատիկ քայլ է` քաղաքական ուժի կողմից, որը, սակայն, չի համընկնում նրա կողմից նախկինում հռչակած մոտեցումներին եւ հեռու է հասարակության ակնկալիքներից»,- հայտարարել է Մարտիրոսյանը: