Իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսությունը բխում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից: Երեկ լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` ավելացնելով, որ իր կարծիքով` նախագահ Սերժ Սարգսյանը կգնա ՀԱԿ-ի հետ երկխոսություն սկսելու քայլին եւ կկազմակերպի այն: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ունեցած ելույթում հայտարարեց, որ իրենք արդեն պատրաստ են «իշխանության հետ ֆորմալ, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության»: Երեկ Հ. Աբրահամյանը դժվարացել է հստակ ասել, թե երբ կսկսվի երկխոսությունը, պարզ չէ նաեւ, թե իշխանությունները ինչ ֆորմատով են մասնակցելու երկխոսությանը: «Դա հանրապետության նախագահի որոշելիք գործն է, այդ ֆորմատը դեռ չենք քննարկել, բայց առաջիկայում երեւի հայտնի կլինի»,- ասել է նա: Պատասխանելով ՀԱԿ-ի ներկայացրած պահանջներին վերաբերող հարցին, Հ. Աբրահամյանն ասել է, թե պատրաստ են քննարկել ողջամիտ առաջարկներ: