«Վերջին շրջանում միջազգային նորությունների տարափի մեջ ներելի էր չնկատել նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի Դովիլյան հայտարարությունը, որը վերաբերում էր ղարաբաղյան հակամարտությանը: Մինչդեռ դա տարիների ընթացքում արված տվյալ խնդրին վերաբերող ամենալուրջ միջազգային հայտարարությունն է»,- «The National Interest» պարբերականում գրել է դե Վաալը` հավելելով, թե մայիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից արված հայտարարությունը հստակ ցույց է տալիս, որ «ճշմարտության պահը» մոտեցել է: «Հունիսին Կազանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը, թիկունքում ունենալով ամերիկացի եւ ֆրանսիացի բանակցող կողմերը, լուրջ ճնշում է գործադրելու, որպեսզի նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը վերջապես ստորագրեն Հիմնական սկզբունքների փաստաթուղթը, որի շուրջ բանակցություններն ընթանում են արդեն 5-ից ավելի տարի»,- գրել է փորձագետը: Նա իր հոդվածում ներկայացնում է Հիմնական սկզբունքների առանցքային կետերը, ըստ որոնց` հայկական ուժերը հերթականությամբ կլքեն Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները, Լեռնային Ղարաբաղը «միջանկյալ կարգավիճակ կստանա», ինչը նրան միջազգային լեգիտիմություն կտա, բայց ոչ լիարժեք անկախություն, բացի դա, Ղարաբաղը ապագայում հանրաքվե անցկացնելու խոստում կստանա` «օրենքի ուժ ունեցող կամարտահայտում»` տարածքի ապագա կարգավիճակը որոշելու համար: «Բայց այստեղ կասկածներ են ի հայտ գալիս: Չնայած կուլիսների հետեւում նախագահները բանակցություններ են վարում, հանրության առջեւ նրանք շարունակում են մաքսիմալիստական դիրքորոշում ներկայացնել: Նման հռետորությունը հատկապես կոպիտ է Ադրբեջանի կողմից: Դովիլի հայտարարությունից մեկ օր անց Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը ՀՀ նախագահին անվանեց «հանցագործ», իսկ ՀՀ կառավարությանը` «ֆաշիստական ռեժիմ», որը պետք է «գահընկեց անել»: Եվ այստեղ հերթը հասնում է քաղաքական կամքին: Արդյո՞ք Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները անվերջորեն օգտագործում են ղարաբաղյան գործընթացը միջազգային հանրության «բարությունը» շահելու եւ սեփական ժողովուրդներից հավատարմություն պահանջելու համար, իսկ իրականում նրանք լուրջ չեն մտածում խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար: Թե՞ նրանք իրականում նվիրված են խաղաղության գաղափարին, ինչը թույլ կտա սկսել տարածաշրջանի վերափոխման գործընթացը, բայց կապկպված են սեփական ազգային դիսկուրսով եւ քաղաքական հռետորությամբ ու վախենում են առաջ շարժվել: Թե՞ երկու գործոններն էլ ինչ-որ չափով առկա են: Հենց այս պատճառով ես ողջունում եմ դովիլյան հայտարարության հետեւյալ կետը` «հետագա ձգձգումը հարցականի տակ կդնի պայմանավորվածություններին հասնելու կողմերի պատրաստակամությունը»: Այլ կերպ ասած, դա նշանակում է. «Մենք այժմ աշխատանքային փաստաթուղթ ունենք: Ապացուցեք, որ լուրջ եք վերաբերվում դրան, եւ ստորագրեք այն»,- գրել է դե Վաալը: Ըստ նրա` այս ամենը նաեւ միջազգային կամքի հարց է: «Գերտերությունները նույնպես պետք է լուրջ վերաբերվեն հարցին: Քանի դեռ երկրների ներսում չի նկատվում լուրջ աջակցություն խաղաղությանը, միջազգային տերությունները պետք է ամրություն հաղորդեն նախագահների որոշումներին եւ փոխզիջումների նոր դիսկուրս ձեւավորեն: Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան միասին լավ են աշխատում բանակցային գործընթացի ժամանակ, սակայն, հաշվի առնելով Կովկասում նրանց հետաքրքրությունների տարբերությունը եւ երկու երկրների հետ հարաբերությունները, շատ դժվար կլինի միասնական հետհակամարտային կայունություն ստեղծել: Որքան Կազանի հանդիպումը մոտենում է, այնքան Կովկասում խաղաղության ու պատերազմի համար կատարվելիք խաղադրույքները մեծանում են»,- ընդգծել է նա: