Օրեր առաջ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հայցադիմում է ստացել Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանից: Վերջինս ԿԳՆ-ին` ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի, դատի էր տվել, իբր աշխատանքից ապօրինի ազատման համար: Դատական նիստերի ժամանակացույցը առայժմ հայտնի չէ, քանի որ նախարարությունը վարչական դատարանից որեւէ ծանուցագիր դեռ չի ստացել: Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ ու հայհոյանքներ տվող տնօրինուհու լիազորությունները տնօրենի պաշտոնում: Տնօրենին պաշտոնանկ անելու համար հիմք են ծառայել ԿԳՆ Կրթության պետական տեսչության կողմից անցկացված ստուգումները: Այժմ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի ուսմասվար Ալվարդ Հայրապետյանը: Զավեշտալին այն է, որ վերջինիս նախկին տնօրինուհին չի թույլատրել տնօրենի սենյակ մտնել: Տնօրենի սենյակն առայժմ փակ է: Էջմիածինցիների ասելով՝ այս օրերին նախկին տնօրինուհու փաստաբան ամուսինը հոխորտացող հայտարարություններով է հանդես գալիս՝ նշելով, թե ԿԳՆ-ի դեմ դատը կշահեն, եւ այդուհետ դպրոցի ամբողջ կոլեկտիվին ու աշակերտներին, ինչպես Էջմիածնի բնակիչները վկայեցին, «ցույց կտան, թե որը որից հետո է լինում»: Ի դեպ, հիշեցնենք, որ այս դպրոցի բարոյահոգեբանական հիվանդ մթնոլորտն ու բարքերը ջրի «երես» հանեց դպրոցի նախկին աշակերտ Ալբերտ Հարությունյանը: «Մի աղջիկ էրեխու ասաց՝ հեռախոսդ կվերցնեմ ու կմտցնեմ մամայիդ համապատասխան վայրը: Ես էլ ասացի՝ էս ո՞ւր ենք ընկել: Էդ աղջիկն ընդամենը հեռախոսով էր խոսում»,- պատմում էր 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտը, ում խոսքերը հետագայում հաստատեցին նաեւ դպրոցի մյուս աշակերտները: