Պաշտոնյաներն ու նրանց զավակները

02/06/2011

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծված Երիտասարդական խորհրդարանի անդամների մեջ կան նաեւ պատգամավորների երեխաներ: Օրինակ, ոչ պաշտոնական այդ կառույցում է ընդգրկված ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի որդին` Միսակ Մարգարյանը: Հ.Մարգարյանը հաստատեց այդ փաստը: Այդտեղ է նաեւ ՕԵԿ նախկին պատգամավոր Արծրունի Աղաջանյանի դուստրը` Անահիտ Աղաջանյանը: Երիտպատգամավոր Հասմիկ Սիմոնյանը, մեր տեղեկություններով` «Ազգային Միաբանության» անդամ, պատգամավոր Արա Սիմոնյանի դուստրն է: ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, նույնպես ցանկացել է դառնալ երիտպատգամավոր: Եվ ընդհանրապես Երիտասարդական խորհրդարանի կազմն ուսումնասիրելիս կարելի է բացահայտել, որ այդ 131 անդամների գերակշիռ մասը պատահական մարդիկ չեն, հիմնականում պաշտոնյաների կամ նրանց մերձավորների զավակներ են: Տեղեկացնենք, որ երիտասարդական խորհրդարանը կազմավորվել է հիմնականում գործող խորհրդարանի նմանությամբ, սակայն որոշ տարբերությամբ: Այն չունի նախագահ: Հանձնաժողովի նախագահները ռոտացիոն կարգով զբաղեցնելու են այդ «պաշտոնը»: Երեկ խորհրդարանում նույնիսկ երիտպատգամավորներն էին կատակում, թե Հ.Աբրահամյանը չի ցանկացել, որ իրենից բացի որեւէ մեկը թեկուզ ոչ պաշտոնապես ներկայանա որպես խորհրդարանի նախագահ: Այս կառույցում նույնպես կան 5 խմբակցություններ, սակայն տարբերությունն այն է, որ խմբակցություններն ունեն ավելի փոքր թվով անդամներ: Մեծամասնություն են կազմում խմբակցություններում չընդգրկված` «անկախ պատգամավորները»: Բայց կարծիք կա, թե նրանք էլ հիմնականում ՀՀԿ անդամներ են: