Իրավահավասարության գերիները

02/06/2011

Բոլոր նրանք, ովքեր խոստանում էին, որ ՀԱԿ մայիսի 31-ի հանրահավաքն արտառոց է լինելու` չհիասթափեցրին: Այն իսկապես արտառոց էր` հարթակում էին քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը:

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա հանրահավաքից բոլորը, ըստ էության, սպասում էին մի հարցի պատասխանի` ի՞նչ է լինելու հետո: Այդ իմաստով, ըստ էության, սխալվում են նրանք, ովքեր պնդում են, թե մինչեւ հանրահավաքը եղած անորոշությունը շարունակվում է, քանի որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավական որոշակիություն մտցրեց ՀԱԿ-ի հետագա ռազմավարության առումով: Ընդ որում, նա ավելի շատ տվեց ոչ թե «ի՞նչ է անելու ՀԱԿ»-ը, այլ` «ի՞նչ չի անի ՀԱԿ»-ը հարցի պատասխանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն անհետաքրքիր է` կրկնությունների իմաստով, սակայն միաժամանակ պետք է արձանագրել, որ օբյեկտիվ չեն բոլոր նրանք, ովքեր փորձում են ՀԱԿ առաջնորդի ասածներում հակասություններ կամ անորոշություն փնտրել: Պետք է իսկապես խուլ լինել` չլսելու համար այն ուղիղ խոսքը, որ ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Խոսքն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին է: Մայիսի 31-ին Լ. Տեր-Պետրոսյանն ուղղակիորեն հայտարարեց, որ, նկատի ունենալով Հայ ազգային կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարման հանգամանքը, ՀԱԿ-ն արդեն պատրաստ է իշխանության հետ ֆորմալ, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության: Այստեղ հակասություն` իր նախորդ ասածների հետ` չկա: Լ. Տեր-Պետրոսյանն իր գրեթե բոլոր ելույթներում հայտարարել է, որ իրենց կողմից առաջ քաշված երեք նախապայմանների կատարումից հետո իրենք պատրաստ են երկխոսել իշխանությունների հետ: Ու հենց դա էլ նախօրեին վերահաստատել է: Այսինքն` արձանագրել է, որ իր խոսքը գործ է: Ու որպես գործնական քայլի կողմնակից, նա նաեւ հայտարարել է. «Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3-5 հոգուց, եւ իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը»: Եվ որպես ջենթլմեն` նա նաեւ հայտարարել է. «Բնականաբար, նույնը պետք է անի նաեւ իշխանությունը` թե՛ պատվիրակություն կազմավորելու, թե՛ սեփական օրակարգը ներկայացնելու առումով»: Կարծում ենք, Մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո, երբ իշխանությունների հրամանով արձակված կրակոցներից 10 անմեղ ցուցարար զոհվեց, Լ. Տեր-Պետրոսյանի կողմից նման հնարավորությունն իշխանություններին ընձեռելն առնվազն պետք է ոչ միայն իշխանությունների, այլեւ ԵԽ-ի, ԵՄ-ի ողջույններին արժանանա: Իշխանությունները ողջունում են, իսկ միջազգային կառույցների ողջույնները դեռեւս լսելի չեն: «Կոնգրեսի օրակարգը հայտնի է` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաեւ իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը»,- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը` ըստ էության մասամբ գաղտնազերծելով իր պատկերացրած իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը: Այսինքն` այստեղ էլ նա անորոշության որեւէ կետ չի թողնում, ուղղակիորեն հայտարարում է, որ իրենց պահանջն արտահերթ ընտրություններն են, եթե իշխանությունների ծրագրերում նման հեռանկար կա, ուրեմն` ավելի լավ, ցանկությունները նաեւ այստեղ կհամընկնեն, իսկ եթե ոչ` ապա «մենք պետք է հաշվի առնենք նաեւ իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները»: Կա՞ որեւէ բառ, որն անհասկանալի է կամ` շարադրանք, որը հասու չէ շարքային քաղաքացուն: Ավելի պարզ արտահայտվել, իհարկե, ՀԱԿ առաջնորդը գիտի, ինչպես դա արել է իր մի քանի ելույթներում` օգտագործելով տարբեր ածականներ ու ժարգոնային բառեր, բայց սա ասելու համար նա հաստատ դրա կարիքը չուներ:

Այնպես որ` հիմա այլեւս ՀԱԿ-ից սպասելիքներ պետք չէ ունենալ, պետք է սպասել իշխանություններին` իր օրակարգով ու հակաառաջարկներով, ինչն ընդունելի կլինի ՀԱԿ-ի կողմից: Եվ եթե իշխանությունների հաշվարկներով այնպես ստացվի, որ արտահերթ ընտրություններն իրենց համար ավելի շահեկան լինեն, քան հերթականը, ուրեմն` կհայտարարեն, որ իրենք համաձայն են ՀԱԿ պահանջի հետ, իսկ եթե ոչ` կասեն` ոչ, ճիշտը հերթականն է: Իսկ ինչ կարող է հետեւել իշխանությունների նման պատասխանին, եթե հաշվի առնենք, որ ՀԱԿ-ն, ըստ էության, վերջնագիր չի ներկայացրել իշխանությունների առջեւ, եւ չի հայտարարել, թե իր պահանջը չկատարելու դեպքում ինչ է անելու: Ընդ որում, այդ դեպքում էլ արդարացի չի լինի մեղադրել Լ. Տեր-Պետրոսյանին այն բանում, թե նա չի պնդում` արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին իր պահանջը, որովհետեւ նա արդեն հայտարարել է, որ պետք է հաշվի առնել նաեւ իշխանությունների օրակարգը` չխախտելու համար կողմերի իրավահավասարությունը: Իսկ ո՞վ իրավունք ունի դիմացինին մեղադրել մի բանում, որը նա չունի. իշխանություններն օրակարգում կարող է նաեւ չունենան արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրեր, ինչի մասին ՀՀԿ-ականներն, ի դեպ, վաղուց տեղեկացրել են: Բայց նաեւ հակառակը չպետք է բացառել, որովհետեւ իշխանություններն իրենց հաշվարկներն ունեն, որոնք ամեն պահի կարող է փոփոխվեն` ըստ նպատակահարմարության: Բացի մյուս հաշվարկներից, իշխանությունները կարող են նաեւ վարկանիշային խնդիր լուծել, ու որոշեն «ընդունել» ՀԱԿ առաջարկը, դառնալ ժողովրդավարական արժեքների կրողներ, արժանանալ միջազգային կառույցների նոր ողջույնների ու դրական գնահատականների, ու նոր` արտահերթ ընտրություններով դառնան այլեւս լեգիտիմ: Եվ իշխանությունը, որի նպատակը հենց սա է, Լ. Տեր-Պետրոսյանի կողմից նման պատմական առաջարկ-հնարավորությունը չընդունելու դեպքում, իսկապես, կարող է ժամանակ կորցնել: Սակայն, քանի դեռ հայտնի չէ իշխանությունների օրակարգը` շտապել պետք չէ: Իշխանությունը գիտի իր անելիքները, ՀԱԿ-ը` նույնպես: Ուղղակի պետք է այնպես անեն, որ չխախտվի կողմերի իրավահավասարությունը: Կարեւորը սա է: Իսկ նրանք, ովքեր արտահերթ ընտրությունների պահանջ ունեն, պետք է մայիսի 31-ից հետո այլեւս դիմեն իշխանություններին ու հանգիստ թողնեն ՀԱԿ-ին:

Աննա ՍԱՀԱԿՅԱՆ