Վերջին նվերը Սերգեյ Բագապշին

02/06/2011 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Հինգշաբթի օրն Աբխազիան հրաժեշտ էր տալիս հանրապետության երկրորդ նախագահ Սերգեյ Բագապշին: Նրա մահն անսպասելի էր: Բագապշը բոլորովին նման չէր առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդու: Սակայն պարզվեց, որ դա այդպես չէ: Մոսկովյան կլինիկաներից մեկում անցկացված թոքի վիրահատությունն, ըստ բժիշկների, հաջող էր անցել: Աբխազիայի առաջնորդը դեռ հիվանդանոցում շփվել էր լրագրողների հետ եւ ասել, որ շուտով կվերադառնա աշխատանքի: Սակայն նրան այդպես էլ բախտ չվիճակվեց. զանազան բարդություններ առաջացան, որոնք 63-ամյա քաղաքական գործչի մահվան պատճառ դարձան:

Նրա հուղարկավորության օրը Սուխում հասավ ուրախալի լուր այն մասին, որ հանրապետության անկախությունը ճանաչել է Վանուատու պետությունը: Սա Աբխազիային իբրեւ միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելու հինգերորդ դեպքն է` Ռուսաստանից, Նիկարագուայից, Վենեսուելայից եւ Նաուրուից հետո: Վանուատուն արխիպելագ է, որը գտնվում է Ավստրալիայից մոտ 1,5 հազար կմ հեռավորության վրա` առավել հայտնի Սողոմոնի կղզիների եւ Ֆիջիի մերձակայքում: Վանուատուն 200.000-ից քիչ ավելի բնակչություն ունի: Ինչպես ասացին Աբխազիայի ԱԳՆ-ում, «Վանուատուի Հանրապետությունը, չնայած Արեւմուտքի հզոր ճնշմանը, ճանաչել է մեր անկախությունը, եւ այդ ճանաչումը մեզ համար կրկնակի արժեք ունի»: Սերգեյ Բագապշն անկասկած ուրախ կլիներ` այս նորությունն իմանալով: Թեեւ, ինչպես նա էր ասում` «կարեւոր չէ, թե քանի պետություն կճանաչի Աբխազիայի անկախությունը, ամենագլխավորն այն է, որ դա ճանաչել է հզոր Ռուսաստանը»:

Այստեղ ավելորդ չի լինի հիշել, թե սկզբում ինչպիսի անվստահությամբ էր Մոսկվան վերաբերվում Բագապշին: 2004թ. նախագահական ընտրություններում նա հաղթանակ տարավ Ռաուլ Խաջիմբայի դեմ, որին իր հաջորդն էր համարում Աբխազիայի այն ժամանակվա առաջնորդ, ծանր հիվանդության մեջ գտնվող Վլադիսլավ Արձինբան: Խաջիմբայի` ՊԱԿ-ի գեներալի հետեւում կանգնած էր նաեւգ Կրեմլը: Եվ Բագապշի անսպասելի հաղթանակը խառնեց բոլոր խաղաթղթերը: Այն ժամանակ Խաջիմբան ընտրությունների արդյունքները չընդունեց, եւ ռուսաստանյան որոշակի շրջանակների աջակցությունն ունենալով` պահանջում էր կրկնակի ընտրություններ անցկացնել: Աբխազիան հայտնվեց քաղաքացիական պատերազմի ու մասնատման վտանգի առաջ: Բագապշի նկատմամբ անվստահության պատճառը նրա ընտանիքն էր. նրա կինը վրացուհի էր, եւ խոսում էին, որ Բագապշը գործնական կապեր ունի որոշ վրացի գործարարների հետ: Թբիլիսիում այդ տարիներին նույնպես կարծում էին, թե Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը կդադարի այդքան բարդ լինել, եթե Աբխազիան գլխավորի Բագապշը: Սակայն պարզվեց, որ իրականում դա բոլորովին էլ այդպես չէ:

Նախագահի երկու թեկնածուներին հաջողվեց հարթել ներքին տարաձայնությունները, եւ հաջողվեց Կրեմլին համոզել, որ Բագապշը մտադիր չէ նախագահական պաշտոնում վարել վրացամետ քաղաքականություն: Հետագայում պարզվեց, որ դա այդպես էլ կա: Սակայն Աբխազիայի նախագահը նաեւ դեմ չգնաց Վրաստանին ռուսական զորքի պատճառով: Խոսքը 2008թ. պատերազմի մասին է: Համաձայն որոշ տվյալների` հենց Աբխազիայում պետք է սկսվեր իրավիճակի սրումը, որպեսզի դրա մեջ ներքաշվեր Վրաստանը, իսկ հետո`…համաձայն պլանի: Լավ է, որ դրա համար առանձնապես մեծ ջանքեր չէին պահանջվում` հաշվի առնելով այն, որ Թբիլիսիին չենթարկվող Գալիի շրջանում վրացիներ էին ապրում: Բավական էր այնտեղ մի երկու պրովոկացիա կազմակերպել եւ Վրաստանին ներքաշել հակամարտության մեջ: Սակայն Բագապշը կարողացավ հեռու մնալ պատերազմից` բոլորին համոզելով, որ լարված իրավիճակը կվնասի Աբխազիային` հանգստի այդ թեժ շրջանում, ինչն էլ Ռուսաստանից կախվածության մեջ գտնվող բյուջեի համար խնդիրներ կառաջացնի: Թեեւ այս ամենը ոչ պաշտոնական մակարդակի խոսակցություններ են: Սակայն, փաստը մնում է փաստ, որ Հարավային Օսեթիայում սկսված իրադարձությունները հանգեցրին Ռուսաստանի կողմից նաեւ Աբխազիայի անկախության ճանաչմանը: Ընդգծելով այդ փաստի խիստ մեծ կարեւորությունը` Բագապշը միաժամանակ հավատում էր, որ Սուխումի հետ հավասարազոր հարաբերություններ կառուցելու պատրաստ պետությունների թիվն ավելանալու է: Թերեւս դա ավելի արագ տեղի ունենար, եթե Թբիլիսին հակաքայլեր չձեռնարկեր:

Նիկարագուայի եւ Նաուրու կղզու կողմից Աբխազիայի անկախության ճանաչումը սկզբում սարկազմով ու թույնով դիմավորած վրացական կողմը շուտով հասկացավ, որ ինչքան ասես կարող է սրամտություններ անել, օրինակ` փոքրիկ Նաուրու կղզին անվանել չվող թռչունների ժամանակավոր վայրէջքի տեղ, սակայն, միեւնույն է, Նաուրուն չի դադարում ՄԱԿ-ի անդամ լինելուց, եւ Նաուրուի օրինակին կարող են հետեւել նաեւ այլ պետություններ, որոնց տեղը նույնպես դժվար է գտնել աշխարհի քարտեզի վրա: Եվ դեպքերի նման զարգացումը ոչ մի լավ բան չի խոստանում Թբիլիսիին: Վրաստանի` կտրուկ ակտիվացած ԱԳՆ-ն ամերիկյան իր գործընկերների աջակցությամբ սկսեց մեծագույն արագությամբ միջպետական երկկողմ պայմանագրեր կնքել Հարավային Ամերիկայի, Խաղաղ օվկիանոսի ու Աֆրիկայի կղզի-պետությունների հետ: Այսինքն` բոլոր նրանց, որոնցից կարող էր Աբխազիայի անկախությունը ճանաչելու վտանգ սպառնալ: Ու թեեւ նման պայմանագրերը ամենեւին երաշխիք չեն, որ Վրաստանի տարածքային ամբողջականության մասին դիրքորոշումը չի փոխվի, այնուամենայնիվ, որոշակի պաշտպանվածություն են ապահովում: Սակայն Վանուատու վրացի դիվանագետները չհասցրին «հասնել»… Իսկ Բագապշը չհասցրեց ապրել մինչեւ այդ օրը:

Աբխազիան առանց նախագահի է մնալու երեք ամիս: Այդ ընթացքում հանրապետությունը ղեկավարելու է փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը, իսկ խորհրդարանը նշանակելու է արտահերթ ընտրությունների օրը: Հիմնական թեկնածուների հարցն այսօր արդեն պարզ է` վարչապետ Սերգեյ Շամբան, արդեն հիշատակված Ռաուլ Խաջիմբան եւ Ալեքսանդր Անկվաբը, եւ, միգուցե, խորհրդարանի նախագահ Նուգզար Աշուբան:

Բազմազգ Աբխազիայում պետական բարձր պաշտոնների վերաբերյալ զգալի է որոշակի էթնոկրատիա: Ընտրությունների արդյունքը խիստ կախված է ազգային եւ, ամենից առաջ` վրացական եւ հայ համայնքներից, որ թվաքանակով քիչ են զիջում աբխազ ազգաբնակչությանը: Ի դեպ, Բագապշի առաջին հաղթանակը նախագահական ընտրություններում բացատրում են հիմնականում վրացիներով բնակեցված Գալիի շրջանում ունեցած հաջողությամբ եւ Աբխազիայի հայ համայնքի կողմից Բագապշի վայելած համակրանքով: Բազմազգ Սուխումում ապրելով, Թբիլիսիում բավականին երկար ժամանակ աշխատած աբխազական առաջնորդը ինտերնացիոնալ մարդ էր համարվում, տիրապետում էր տեղի բոլոր ազգային համայնքների լեզուներին, ինչն էլ երկրի ներսում ապահովեց նրա հաջողությունը: Սա գաղտնիք չէր ոչ մեկի համար, եւ հնարավոր է, որ այդ միջոցին դիմեն նաեւ նախագահի աթոռի ապագա հավակնորդները: Հարցն այն է, թե արդյո՞ք մրցապայքարի հաղթողը պատրաստ կլինի պաշտպանելու, այսպես կոչված, ազգային փոքրամասնությունների շահերը, ինչպես դա փորձում էր անել Սերգեյ Բագապշը…