Շախմատը թերեւս այն հատուկենտ մարզաձեւերից է, որտեղ մենք կարող ենք իրոք հպարտանալ։ Մեր շախմատիստներին ճանաչում են ամբողջ աշխարհում եւ նրանց հետ հաշվի են նստում։ Այս օրերին Իսրայելի Բեեր Շեւա քաղաքում շարունակվող Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը մեկ անգամ եւս ապացուցում է, որ մեր երկիրը շախմատային գերտերություն է։ Բավական է նշել թիմի կազմը՝ առաջին խաղատախտակի վրա խաղում է Լեւոն Արոնյանը, որի վարկանիշը կազմում է 2724, եւ նա ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Նշենք, որ 2700-ը սուպերգրոսմայստերական սահմանագիծ է, եւ մենք ունենք այդ սահմանագիծը հատած եւս մեկ շախմատիստ՝ Վլադիմիր Հակոբյանը (2707)։ Հավաքականի մյուս անդամները թեեւ այդ աստիճանի բարձր վարկանիշներ չունեն, սակայն շախմատային աշխարհում մեծ ճանաչում ունեցող անձինք են, որոնց միան անունը կարող է ահուսարսափի մատնել մրցակիցներին. Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան, Աշոտ Անաստասյան եւ Կարեն Ասրյան։ Ահա այս աստեղային կազմը, մարզիչ Տիգրան Նալբանդյանի գլխավորությամբ, երեկ իսկական նվեր մատուցեց հայ շախմատասերներին։ Երրորդ փուլում մեր ընտրանին ուժերը չափում էր աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի՝ Ուկրաինայի հետ։
Առաջին խաղատախտակի վրա մրցում էին Լեւոն Արոնյանն ու Վասիլի Իվանչուկը։ Այս խաղը բոլորի ուշադրության կենտրոնում էր, եւ Լեւոնը պատվով դուրս եկավ՝ հաղթանակ տանելով իր մրցակցի նկատմամբ։ Իվանչուկն, ի դեպ, աշխարհի դասակարգման ցուցակում զբաղեցնում է 5-րդ պատվավոր հորիզոնականը, եւ սա անկասկած դրական կազդի նաեւ Լեւոնի անհատական վարկանիշի վրա։ Մյուս խաղերն ավարտվեցին խաղաղ արդյունքով։ Լեւոն Արոնյանի տարած հաղթանակը վճռորոշ եղավ, եւ թիմային հաշվարկով Հայաստանը հաղթեց 2,5-1,5 հաշվով։
3-րդ փուլից հետո մրցաշարային աղյուսակը 8 միավորով միանձնյա գլխավորում է Ռուսաստանի ընտրանին։ Մեր թիմն առաջատարից ետ է մնում ընդամենը կես միավորով եւ Չինաստանի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը։
Չինաստանի տղամարդկանց թիմն, ի տարբերություն Հայաստանի, այնքան էլ ուժեղ չէ, սակայն մրցաշարում հաջող է հանդես գալիս եւ նման բարձր տեղ է գրավում երեկ Կուբայի նկատմամբ խոշոր՝ 3,5-0,5 հաշվով հաղթանակ տանելու շնորհիվ։ Չորրորդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցնում է կազմակերպիչ երկրի՝ Իսրայելի թիմը։